Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ 77. ՀԵՐՈՍՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ



ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ 77Նոյեմբերի 22-ին Արցախյան պատերազմի մասնակից, «Ազատագրական բանակ» և «Անկախության» բանակների լեգենդար հրամանատար, Արցախի և Հայաստանի հանրապետությունների «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի ասպետ, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը դարձավ 77 տարեկան: Մի առիթով «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Գագիկ Գինոսյանը շատ դիպուկ ու պատկերավոր ասել է. «Այդ ազնիվ ու վեհ, ազատագրող ու հաղթանակող մարդը կոչումների կարիք չուներ. նրա կոչումը ի վերուստ էր տրված։ Նա մի ամբողջ ժողովրդի համար դարձավ արժեհամակարգ: Դարձավ փարոս ու լուսատու մի երկրի համար, որ գոյի պայքարի մեջ էր…»: Մեր ժողովրդի համար ապրելու օրինակ ու գոյության ուղեցույց դարձան ոչ միայն Լեոնիդ Ազգալդյանի հերոսական կյանքը, այլև նրա մտքերը, որոնք հայրենիքը սիրելու ու հարազատ ժողովրդին նվիրվելու նոր չափանիշներ սահմանեցին:

Դժվար է մեկ հոդվածի շրջանակում տեղավորել հրամանատարի ու նրա քաջերի սխրանքների պատմությունը: Վարդենիս, Նոյեմբերյան, Կոռնիձոր, Շահումյան, Գետաշեն, Մարտակերտ… Այս և այլ բնակավայրերի պաշտպանության ժամանակ նրանք նոր ասքեր նվիրեցին մեր հաղթանակների հերոսապատումին: Լեոնիդ Ազգալդյանը անթերի ղեկավարեց եւ հաղթանակով ավարտեց 27 ռազմական գործողություն՝ իր անունը հաստատելով հայ մեծ զորավարների կողքին:

Հերոսները չեն մեռնում՝ քանի դեռ ապրում են նրանց գաղափարները, և բարձրացող սերունդը նրանց նվիրումի կրողն ու գործի շարունակողն է դառնում: Հերոսներն հաղթում են նաև իրենց մահից հետո. նրանց պատգամները դառնում են սերունդների հավատամքն ու համազգային ձգտումների առանցքը:

…Օրերս, մայրաքաղաքի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցում փառքի, հպարտության ու մեծարումի տոն էր: Դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը, 6-ի ա դասարանի դասղեկ Անահիտ Պողոսյանն ու նրանց աշակերտները առանձնահատուկ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ էին պատրաստվել լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 77-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, բարեկամները, մարտական ընկերները՝ նրանք, ովքեր բախտ էին ունեցել անձնապես ճանաչելու հերոսին ու հուշ-ցերեկույթի ժամանակ պիտի տեսնեին զորավարի կերպարը բարձրացող սերնդի աչքերով:

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ 77Բեմում գույն առ գույն ամբողջացավ մի բարձր, հերոսական, հաղթանակած, վեհ ու արժանապատիվ կյանքի պատմություն: Լեոնիդ Ազգալդյան հայի, մարդու, հերոսի կերպարը աշակերտների զգայուն ու հուզական խոսքով, անկեղծ ու սրտառուչ բեմադրությամբ, հայրենասիրական երգով ու ռազմի պարերով տպավորիչ էր, ազդեցիկ ու ամբողջական:

Որպես մարգարեություն, որպես պատգամ՝ բեմից հնչում էին աննկուն հրամանատարի խոսքերը մեր հավաքական ուժի, Հայաստանի հավերժության, հայրենիքի հանդեպ յուրաքանչյուր հայի պարտքի և համազգային նպատակների մասին:

Մարդաշատ դահլիճում տիրական էր միասնականության, զորության, հավատի, միմյանց ու հայրենիքի հանդեպ մեծ սիրո ոգին… Եվ Հայաստանը հզոր, պաշտպանված, ծաղկուն ու երջանիկ տեսնելու մեծ հայի` Լեոնիդ Ազգալդյանի, երազանքն իրականություն կդառնա նոր սերնդի, նաև այս աշակերտների ջանքերով, որոնք արդեն գիտեն, թե ինչ ծանր գին են վճարել իրենց ավագները ազատ, անկախ հայրենիք ունենալու իրավունքի համար…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.` ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Բանակ և հասարակություն


28/11/2019