Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՄԻՑ՝ ԲԱՆԱԿ



ԲԵՄԻՑ՝ ԲԱՆԱԿ– Աշխարհում հազարավոր գեղեցիկ քաղաքներ ու գյուղեր կան, բայց ինձ համար ամենահարազատը, ամենասրտամոտը իմ գյուղն է՝ Օշականը: Աշխարհի որ ծայրում էլ հայտնվեմ, ինչ հաջողությունների էլ հասնեմ, միեւնույն է՝ վերադառնալու եմ այստեղ, ես չեմ ուզում կտրվել իմ արմատներից, իմ մանկության հուշերից, այս սիրուն, մեկը մյուսից տպավորիչ բնապատկերներից: Այստեղ ամեն ինչ հոգեհարազատ է ինձ:

Մեր Օշականի մասին մի գեղեցիկ ավանդույթ կա՝ Նոյ Նահապետն իր ընտանիքի հետ Արարատից իջնելուն պես տեսել է այս տարածքը ջրից ազատված ու բացականչել Օ՛շ ական, որ նշանակում է երանի մեր աչքերին… Ինչպես գիտեք, մեր գյուղում է հայ ժողովրդի ամենամեծ սրբավայրերից մեկը՝ հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը…

Զրուցակիցս՝ Ռազմիկ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացնում է ծննդավայրը, եւ ամեն բառից ասես ջերմություն է կաթում:

Ռազմիկն ապագա դերասան է, ուսանում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Իններորդ դասարանում էր սովորում, երբ առաջին անգամ նկարահանվեց Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակի հիման վրա Ալբերտ Մկրտչյանի նկարահանած ֆիլմի էպիզոդիկ դերում, ու թատրոնի, կինոյի կախարդական աշխարհը կլանեց նրան:

Տարբեր դերերով է հանդես եկել, երազում է մի օր էլ «Օթելլոյում» Յագոյի դերը խաղալ:

-Թատրոնը, կինոն պետք է զգան ժամանակի զարկերակը, ժամանակին համաքայլ գնան, բայց կան հանճարեղ գործեր բարու եւ չարի, սիրո ու դավաճանության` հավերժական թեմաների շուրջ, որ երբեք չեն հնանում, եւ միշտ էլ հուզել եւ հուզում են մարդուն:

Երիտասարդն ապրում-շնչում է թատրոնով:

-Իմ պաշտամունքը հայ բեմի նահապետ Սոս Սարգսյանն է: Նրան չեմ տեսել, բայց շատ եմ կարդացել մեծ վարպետի մասին, ինձ համար նրա կերպարը ոգեչնման անսպառ աղբյուր է: Սոս Սարգսյանը ե՛ւ հզոր դերասան էր, ե՛ւ մեծ մտավորական ու գրող: Նրա ամեն մի խոսքը, ամեն միտքը հայրենիքը անմնացորդ սիրելու, հայրենիքի հոգսուցավով ապրելու, հայրենիքի ճակատագրով մտահոգվելու խորհուրդ ու պատգամ է: Իսկ արվեստի մասին նրա արտահայտած ամեն խոսքը մի աֆորիզմ է, ու շատ կցանկանայի այդ հանճարեղ մտքերից մեկը դրոշմվեր թատերական ինստիտուտի ճակատային պատին. «Արվեստը ճաշակ է, իսկ ճաշակը չափի զգացողությունն է»:

-Ռազմիկ, թատրոնի եւ կինոյի նահապետից ուզում եմ ես էլ մի խոսք մեջբերել.«Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր բանակն է: Ես դա համարում եմ զարմանալի երեւույթ: Մեր օրենքներից, մեր դրվածքից, մեր պահվածքից, մեր կորցրած արժանապատվությունից դուրս է մեր բանակը: Խոնարհվում եմ այն մարդկանց առջեւ, ովքեր կարողացան մեր բանակը կառուցել»: Պատահական չեմ մեջբերում հանճարեղ դերասանի հատկապես հենց այս խոսքերը, քանի որ շուտով դու էլ ես կանգնելու հայրենիքի պաշտպանների կողքին՝ համալրելու ես հայոց բանակի շարքերը:

-Ես առանձնակի ակնածանք ունեմ զինվորականների հանդեպ եւ շնորհակալ եմ նրանց անսահման նվիրումի համար. հեշտ չէ զինվորականների գործը՝ տնից- տեղից, ընտանիքից-զավակներից կտրված, ձմեռվա ցրտին, ամառվա տապին, գիշերուզօր կանգնած են առաջնագծում՝ կյանքի եւ մահվան սահմանագծում՝ որպես ամուր վահան հայրենիքի: Բանակը մեր ուժն է, մեր զորությունը, եւ հպարտ եմ, որ ես էլ շուտով կդառնամ մեր բանակի մի մասնիկը: Կարծում եմ՝ ամեն երիտասարդ էլ պետք է ծառայի ազգային բանակում՝ հայրենի երկրին ծառայելը ոչ միայն պարտք է, պարտավորվածություն, այլ նաեւ պատիվ:

Գիտեմ՝ հեշտ չի լինի քաղաքացիական ազատ կյանքից միանգամից անցումը կանոնակարգված ռեժիմի, բայց բանակն էլ կյանքի մի էտապ է՝ ինքնուրույնության դպրոց, քո «ես»-ի փորձաքարը: Նկատել եմ՝ ծառայած ընկերներս ավելի կոփված, առավել առնականացած են վերադարձել, մտածողությամբ էլ առավել հասունացած:

Ինձ համար էական չէ, թե որտեղ կծառայեմ, որտեղ էլ ծառայեմ, հայրենի եզերքի մի հատվածն է, բայց, անկեղծ ասած, շատ կցանկանայի զորամասս ծայրամասային գյուղերից մեկի մոտակայքում լիներ, ու ես էլ, հրամանատարության թույլտվությամբ, ժամանակ առ ժամանակ ազատ ժամերին գյուղի երեխաների համար փոքրիկ ներկայացումներ բեմադրեի, նրանց պատմեի թատրոնի, կինոյի մասին: Գուցե անհնար բան եմ երազում, բայց շատ կցանկանայի այդպես լիներ…

Ռազմիկը շուտով կհամալրի հայոց բանակի շարքերը, կծառայի նվիրումով` արժանապատվորեն հաղթահարելով բանակային կյանքի բոլոր դժվարությունները, իսկ ծառայությունից հետո էլ կշարունակի ուսումը հարազատ բուհում, խոստումնալից երիտասարդը, վստահ եմ, կդառնա ճանաչված ու սիրված դերասան:

«Մենք դերասաններ չենք, մենք էլ զինվոր ենք ու մեր զինվորի պարտքը պետք է կատարենք»,- ասում էր հանճարեղ Սոս Սարգսյանը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝ հեղինակի

Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Բանակ և հասարակություն


28/11/2019