Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐ Է ՆԱԵՎ ԻՐ ՄԵԾ ՈՒ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ



ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐ Է ՆԱԵՎ ԻՐ ՄԵԾ ՈՒ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ…15 զավակ՝ 10 դուստր և 5 որդի ունեն մեր հանրապետության ամենաերիտասարդ բազմազավակ ծնողները՝ Մարտիկն ու Անժելան: Մեր այցելության օրը տասնհինգ զավակներից միայն մեկը տանը չէր՝ շատ հարգելի պատճառով. Դանիելը զինվոր է. այս պահին ծառայում է առաջնագծում: Նրան հանդիպել ու զրուցել էինք ծառայավայրում, իսկ այժմ էլ հյուրընկալվել եմ նրա մե՜ծ ու ջերմ ընտանիքում:

Այս տարի՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, 15 զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Մելքոնյանները նախագահական նստավայրում անձամբ նախագահի կողմից ստացան ՀՀ բարձրագույն պարգևներից մեկը՝ «Ծնողական փառքի» մեդալը: Նույն օրը ընտանիքին հանձնվեց նաև ՀՀ վարչապետի պարգևը՝ 1մլն դրամ:

 

Արարատի մարզի Այգավան գյուղում ենք: Տան շեմքին մեզ տարբեր տարիքի երեխաների բազմությունն ու, իհարկե, տանտերերն են դիմավորում՝ Մարտիկն ու Անժելան: Տան ներսում անմիջապես մանկական խինդ-ուրախության ալիքներով ենք պարուրվում: Մեկ, երկուս, երեք, չորս, հինգ, վեց…14 ամենատարբեր բնավորություններ, բոլորն էլ՝ ընդգծված, միախառնվում են, դառնում կյանքի մի գեղեցիկ սիմֆոնիա, որի ամենաբարձր ու ուրախ հնչյունները, իհարկե, փոքրիկների ճռվողյունն է: Արդեն գրավել ենք բոլորի ուշադրությունը. հերթով մոտենում են՝ բարևելու ու ծանոթանալու: Բոլորն էլ գեղեցիկ են, բարեկիրթ, մարդամոտ ու նրանցից երջանկության ալիքներ են տարածվում շուրջբոլորը:

Բերում են ընտանեկան լուսանկարները: Սենյակի կենտրոնում տեղադրված մեծ սեղանն անմիջապես երիզվում է ժպտուն ու շարժուն «օղակով». որոշ աթոռների երկուսով-երեքով են տեղավորվել: Լուսանկարները փոխանցում են միմյանց, ցույց են տալիս մեզ: Դրանցից մեկում Մարտիկն ու Անժելան են պարգևատրման օրը՝ ՀՀ նախագահի հետ:

-Մեծ ուրախություն է, որ մեր պետությունը նման ուշադրության է արժանացնում բազմազավակ ընտանիքներին,- ասում է ընտանիքի հայրը՝ Մարտիկը:- Վերջերս էլ մարզպետն էր մեզ այցելել… Ես մեծ հույս ունեմ, որ մեր ընտանիքի օրինակը վարակիչ կլինի, երկրում ծնելիության մակարդակը բարձրացնելու խթան կդառնա: Չէ՞ որ երկիրը հզոր է, երբ հզոր է ընտանիքը:

-Մարդիկ այժմ մտածում են` երկրորդ երեխան ունենա՞ն, թե՞ ոչ: Պայմանները կներե՞ն, ուժերը, գումարը կբավականացնե՞ն: Ինչպե՞ս եղավ, որ այսպիսի մեծ ընտանիք ունենալու որոշում կայացրիք,- հարցնում եմ:

– Մեր այս որոշումը փոքրիկ նախապատմություն ունի: Ծնողներս երկար տարիներ երեխա չեն ունեցել: Ես յոթ տարեկան եմ եղել, երբ հայրս դժբախտ պատահարից մահացել է, ու մայրս ինձ մենակ է մեծացրել: Այնուհետև մի ծանր կորուստ էլ ունեցավ ընտանիքս. մեծ եղբայրս՝ Արթուրը, զոհվեց Արցախյան ազատարամտում:

1994թ. հունվարի 13-ին՝ Հորադիզի մատույցներում յոթ հոգանոց ջոկատով Արթուրը մարտ էր մղել հակառակորդի դեմ, տանկեր էին խոցել, բայց ուժերը շատ անհավասար էին եղել… Մեծ եղբայրն էլ էր կռվում: Փոխարինում էին միմյանց՝ մեկը գալիս էր, մյուսը մեկնում ճակատ:

– Մեծ եղբայրս արդեն երեք երեխա ուներ: Հունվարի 9-ն էր. այդ օրը նրա հերթն էր կռվի մեկնելու: Բայց Արթուրը, որ դեռ նոր էր պատրաստվում ամուսնանալ, ասել էր՝ «Այս անգամ դու մի՛ գնա, ե՛ս կգնամ»: Նրա պաշտպանիչ թալիսմանը՝ խաչը, այդպես էլ կախված մնաց մահճակալից…

ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐ Է ՆԱԵՎ ԻՐ ՄԵԾ ՈՒ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ…Երբ ես էի պատրաստվում ամուսնանալ, մայրս ինձ ու կնոջս խրատեց. «Չլինեմ-չիմանամ, որ պտուղի «խաթրին դիպչեք»: Որքան Աստված կտա, այնքան երեխա էլ ունեցեք, ես էլ, քանի դեռ կամ` սիրով կպահեմ»:

…Բազմազավակ ծնողներն, իհարկե, շատ դժվարություններ են ունեցել: Մարտիկը պատմում է, որ երեխաներից 11-ը հատկապես բնակարանային սուղ պայմաններում են մեծացել, բայց իրենք երբեք չեն ընկճվել ու տրտնջացել, միշտ լավատեսությամբ են նայել ապագային: Ընտանիքի դուռը միշտ բաց է եղել ու հիմա էլ բաց է, և հյուրերին այստեղ դիմավորում են ուրախ ու աշխույժ, առողջ, մարդամոտ, ժպտերես երեխաներ: Այս լավատեսությունն ու քչով բավարարվելու սովորությունը, իհարկե, նույնպես դեր են խաղացել, որ ընտանիքին այցելած մարդկանցից շատերը ցանկանան իրենց լուման ներդնել նրանց երջանկությունն ամրապնդելու գործում: Կառավարությունը, մարզպետարանը, գյուղապետարանը նույնպես օգնության ձեռք են մեկնել: Այսպես՝ հարմարություններից զուրկ կացարանը փոխարինվել է ընդարձակ տնով: Վերջերս էլ մի բարերար արևային վահանակներ է տեղադրել տանիքին:

– Ուզում եմ օգտվել առիթից եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դժվար պահերին կանգնել են մեր ընտանիքի կողքին,-ասում է Մարտիկը,- թեթևացրել են մեր հոգսը: Լավատեսությունն է, որ մեզ առանց հիասթափությունների ու մեծ հավատով առաջ շարժվելու հնարավորություն է տալիս: Չենք դժգոհում ու չենք էլ զղջում: Մենք՝ ընտանիքով, միաբան ենք. ինչ խնդիր լինի, իրար հետ քննարկում ենք, խելք-խելքի տալիս, ու հանկարծ տեսնում ենք, որ այդ դժվարությունն այլևս չկա: Փոխադարձ վստահություն, սեր, հավատ, ավանդապաշտություն, ներողամտություն. այս արժեքներն են, որ մեր ընտանիքը կուռ ու համերաշխ են պահում:

Մարտիկի մեծ որդին՝ Բաղդասարը, կրտսեր եղբորից՝ Դանիելից առաջ պատվով ավարտել է զինծառայությունը: Լավ զինվոր է եղել. բազում շնորհակալագրերով ու պատվոգրերով է տուն վերադարձել: Մեծ հորեղբոր օրինակը միշտ աչքի առջև` ծառայել է սիրով ու նվիրումով: «Միշտ մտածում էի, որ իմ մեծ ընտանիքը՝ քույրերս, եղբայրներս, ծնողներս հիմա իմ հույսին են: Մեզ շատ են առաջարկել երկրից գնալ, բայց միշտ հրաժարվել ենք: Այս հողն ու ջուրն են մեզ կերակրել, այստեղ են մեր արմատները: Պետք է ատամներո՛վ պահենք…»:

-Ի՞նչն է ամենակարևորը այսքան շատ երեխաներ դաստիարակելու ընթացքում: Դժվար չէ՞,-հարցնում եմ Անժելային՝ տանտիկնոջը:

-Չէ՛, բոլորովին դժվար չէ: Հատկապես որ՝ արդեն մեկը մյուսին օգնում են: Ամենակարևորը, որ լսող լինեն, հասկացող, նվիրված լինեն միմյանց, ընկերներին: Լավ մարդ լինեն: Շատ կուզենամ, որ մեր հայ մայրիկները չխուսափեն շատ երեխաներ ունենալուց և զգան ամեն երեխայի հետ եկող յուրահատուկ երջանկությունը: Ի դեպ, ամեն երեխայից հետո ես ինձ ավելի առողջ ու առույգ եմ զգացել:

-Կարո՞ղ ես առանց կանգ առնելու իրար հետևից երեխաների անունները թվարկել՝ մեծից փոքր,-հարցնում եմ կատակով:

ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐ Է ՆԱԵՎ ԻՐ ՄԵԾ ՈՒ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ-Դանիել, Բաղդասար, Բավական, Շուշանիկ, Սաթենիկ, Մարիամ, Նազելի, Սառա, Արմինե, Եսթեր, Սամվել, Մելինե, Աննա, Դավիթ, Հակոբ: …Սա էլ Դանիելս է,- Անժելան գորովանքով ինձ է մեկնում զինվոր որդու լուսանկարը, ու թաքուն սրբում է աչքերը:-Շատ եմ կարոտել: Բոլոր երեխաներս էլ յուրահատուկ են, բայց Դանիելիս առանձնահատուկ եմ կապված: Շատ լավ մարդ է, լավ ընկեր: Փոքր ժամանակվանից և՛ սովորել, և՛ աշխատել է. ձեռքից ինչ ասես գալիս է. այս տունն ինքն է վերանորոգել, բակի ավազանն էլ իր ձեռքի գործն է: Հիմա էլ զորամասում, ինչի կարիքը լինի, հասնում, օգնում է:

Ընտանիքի երեք տղա էլ դեռ պիտի զինվորանան:

-Ես՝ ինքս, առողջական խնդիր եմ ունեցել և չեմ ծառայել բանակում: Բայց երեխաներիս այնպես եմ սովորեցնում, որ եթե հայրենիքին պետք է, ուրեմն ոչինչ, ոչինչ պետք չէ խնայել: Հայրենասիրությունը դատարկ խոսք չէ: Այն գործ է: Ես էլ իմ ընտանիքի բարօրությունն եմ իմ գործը համարում: Որդիներս հասկանում են, որ այս մեծ ընտանիքը պաշտպանելու համար պետք է բազմապատկեն իրենց եռանդը,- ասում է Մարտիկը:

-Դանիելին ի՞նչ ունեք հաղորդելու,- հարցնում եմ երեխաներին ու հավաքում շուրջս:

Ութամյա Սամվելը՝ այս տան երրորդ՝ ապագա զինվորը, շատ լուրջ է մոտենում ասելիքին. ունքերը մոտեցել են իրար, հայացքը՝ ցած. «Ուզում եմ, որ շուտ գա… շատ եմ կարոտել: Ես էլ իրենից հետո` ութ տարի անց եմ ծառայելու, որ մեր ընտանիքը միշտ խաղաղ, լավ ապրի»:

Փոքր քույրերից Մելինեն էլ ասելիք ունի. «Ուզում եմ Դանիելին ասել` շնորհակալություն… Թող լավ ծառայի ու շուտ ետ գա»:

Սաթենիկն ու Մարիամն արդեն օրիորդներ են. «Դանիելին ուզում ենք ասել, թող իմանա՝ իրեն այստեղ շա՜տ սպասողներ կան…»: Այդ «շա՜տը» յուրահատուկ հնչերանգով են արտաբերում: Աղջիկների խորամանկ ժպիտի ու բազմանշանակ հնչերանգի մեջ գաղտնիք է ենթադրվում: Սկզբում չեմուչում են անում, իրար նայում, հետո հայացքով ցույց են տալիս. «Ա՜յ, էստեղ նայեք՝ կհասկանաք…». Շրջանակի մեջ երիտասարդի լուսանկարն է` մի գեղեցիկ աղջկա հետ: Պարզ է: Մի խոսքով, Դանիել ջան, նա էլ է քեզ կարոտում ու սպասում…

…Ընտանեկան լուսանկարի համար բոլորին խնդրում ենք մի տեղ հավաքվել, ինչը հեշտ գործ չէ. երեխաները վազվզում են բակում: Բայց որոշ ժամանակ անց հաջողվում է բոլորին մի տեղ ժողովել: Պստիկները արագ-արագ հաշվում են միմյանց ու ասում՝ «16 չէ՛, 17 հոգի ենք»: Ու փոքրիկ թաթիկներով ցույց են տալիս. «Դանիելն էլ ա՜յ էստեղ կկանգներ՝ ի՚մ կողքին»,-Մելինեն է: «Չէ՛, ի՚մ կողքին՝ ա՜յ էստե՛ղ»,- սա էլ՝ Աննան է:

Եվս մեկ ակնթարթ, և լուսանկարչական ապարատի կադրում է հայտնվում այս մե՜ծ ընտանիքը … «Առայժմ 17 հոգանոց…». հիշում եմ Մարտիկի խոսքը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


28/11/2019