Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ



...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՄոնթեն հայրենիք եկավ երկրի համար ամենաճակատագրական պահին, և նրան վստահվեց արցախյան ճակատի ռազմավարական նշանակության ուղղություններից մեկը: Ութ լեզվի տիրապետող հնագիտության պրոֆեսորը սկսեց սովորել իններորդ «լեզուն»՝ իր հրամանատարությանը հանձնված Մարտունու շրջանի բնակիչներին հասկանալու և նրանց համար հասկանալի դառնալու համար: Օտար ափերից ժամանած այս մարդը, որին սկզբնական շրջանում կասկածամտությամբ էին վերաբերվում, կարճ ժամանակում գրավելու էր արցախցիների վստահությունն ու սրտերը և դառնալու էր նրանց պաշտպանը, հույսի ու հավատի, հաղթանակի խորհրդանիշը:  Այսօր էլ Մարտունիում Մոնթեին իրենցն են համարում ու նրա մասին երբեք անցյալ ժամանակով չեն խոսում:

 

1991 թվականի ցրտաշունչ փետրվարին Լեռնային Ղարաբաղ ժամանած Մոնթեն առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եղավ Մարտունու շրջանի պաշտպանության կազմակերպմանը։ Վազգեն Սարգսյանի հրամանով Պաշտպանական շրջանի շտաբի պետի պաշտոնը ստանձնած՝ շտապում էր օր առաջ ծանոթանալ իրադրությանն ու ապահովել սահմանամերձ գյուղերի անվտանգությունը:

Սկզբում տեղի բնակչությունն անվստահությամբ էր վերաբերվում արտասահմանից ժամանած հրամանատարին. «Տղերքը սկզբում մտածում էին՝ հակառակորդի կողմից է եկել ու հաճախ զենք էին թաքցնում նրանից, չէին ասում՝ դիրքերում ինչ ունենք-չունենք»,- վերհիշում է 1992թ. Մարտունու պաշտպանական շրջանի պետի տեղակալ Սարո Երեմյանը: Իսկ իր՝ Մոնթեի համար, ամեն ինչ ավելի քան բնական էր. իր այդտեղ լինելն էլ պարզ էր բացատրում. «Շատ նորմալ բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի: Շա՛տ նորմալ: Դա բոլորի իրավունքն ու նաև պարտականությո՛ւնն է»,– ասում էր ու իր գործն անում:

Առաջին իսկ մարտի ընթացքում շրջանի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները վարակվեցին Մոնթեի խիզախությամբ ու վճռականությամբ, հավատով լցվեցին թե՛ նորանշանակ հրամանատարի և թե՛ իրենց սեփական ուժերի հանդեպ:

«Ժողովուրդը տեսնում էր, թե ինչպես է այդ մարդն օր ու գիշեր, հանգիստ ու քուն մոռացած՝ անսպառ էներգիայով աշխատում: Գիշերը կարող է մի ժամ քներ ու հետո ամբողջ օրն ու գիշերը Քարվաճարի սարերով շրջեր, բարձրանար, իջներ ու հոգնածության մասին չմտածեր,- հիշում է 1992թ. պաշտպանական շրջանի շտաբի պետ Աբրիկ Հայրապետյանը: -Շատ կարճ ժանամակում Ավոյին հաջողվեց այստեղ առանձին գործող ջոկատներին միավորել մեկ հրամանատարության ներքո: Այնպիսի դիրքեր ստեղծեց, որ անառիկ բերդի էին նմանվում»:

...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՌաիսա մայրիկը Մոնթե Մելքոնյանի վարորդ Կոմիտասի մայրն է։ Իր տանն այդ ընթացքում Մոնթեին ծածկ ու ապաստան տված կինն այժմ՝ տարիներ անց, ասում է՝ չնայած ծանր իրավիճակին, էլեկտրաէներգիայի ու ապրուստի տարրական միջոցների բացակայությանը, ինքը երանությամբ է հիշում իր կյանքի այդ երկուսուկես տարիները, քանի որ շփվելու է այդ պարզ ու անչափ համեստ հրամանատարի, այժմ արդեն՝ լեգենդ դարձած Մոնթեի հետ։ «Ամեն անգամ, երբ տուն էր գալիս, երեխայիս պես գրկում, համբուրում էի: Շատ էր հոգնում: Մի օր եկավ այնքան հոգնած, որ պատի տակ աթոռներին կուչ եկավ, քնեց: Երբ արթնացավ, հարցրի՝ «Էս գիշեր է՞լ չես քնել»: Կատակով պատասխանը չուշացավ. «Չէ, ինչո՞ւ,  59 վայրկյան քնել եմ»: Մաշված-պատառոտված շորերն էի կարկատում, իբր բարկանում էի՝  «Կարկատան չկա, էլ չե՛մ կարկատելու: Կնոջը՝ Սեդային ասում էի. « Ինչո՞ւ մի երկու ձեռք շոր չես բերում»: Իսկ Սեդան արդեն գիտեր. կանչում էր նրան՝ «Ավո՛, բա ի՞նչ եղան իմ բերած շորերը»: «Պոստերի տղերքին տվեցի»»:

...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՀիշում է Սարո Երեմյանը. «Երևանից իր զինվորական ընկերները համազգեստ էին ուղարկել: Դիրքեր ենք գնում, նայում է զինվորներին՝ մեկի շալվարը, մյուսի կոշիկն է պատռված: Վարորդին ասում է՝ «Կոմիտա՛ս, հլը մեքենայից բե՛ր էն հագուստը»: «Ավո՛ ջան, բայց ախր քո համար են ուղարկել…»,- փորձում է առարկել Կոմիտասը. «Ինձ ունեցածս էլ բավական է, տղերքի՛ն տուր»»:

Արցախի կարևորագույն պաշտպանական շրջաններից մեկը ղեկավարող Մոնթեն առանց քուն ու դադարի անցնում էր առաջնագծով, հանդիպում և ոգևորում էր կամավորականներին, հետաքրքրվում հակառակորդի շարժով։ «Երկու ձևով կրնա ըլլալ. եթե մենք թույլ ըլլանք՝ կպարտվինք, իսկ եթե ուժեղ, գիտակից ըլլանք, գիտնանք, որ անպայման մինչև վերջ  պիտի հուպ տանք ու հաղթենք, այն ժամանակ փայլուն կըլլա այստեղի ապագան»,-չէր դադարում կրկնել ու ներշնչել մարդկանց:

Տուն դառնալուն պես՝ վառում էր ճրագամանն ու ժամերով մտորում, գծում էր ադրբեջանական կրակակետերը լռեցնելու հարձակողական գործողության հերթական պլանը: «Նստում էր քարտեզի մոտ ու հակառակորդի առավելությունները, զինվածությունը հաշվի առնելով՝ մտածում, գտնում էր նրան հոգեբանորեն ճնշելու, մոլորեցնելու միջոցները,-պատմում է Աբրիկ Հայրապետյանը: -Կանչում էր ինձ. «Աբրի՛կ հո՛ս եգուր: Առաջին տներից մեկը մտնելնուս պես կվառենք՝ թող թուրքերն իմանան, թե շրջապատված են»»:

...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՎերհիշում է 1992թ. Բերդաշեն համայնքի ջոկատի հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Նելսոն Սողոմոնյանը. «Մարտի գնալուց առաջ ամեն ինչ մինչև ամենափոքր մանրուքը, նախապատրաստում, ծրագրում էր: Դա էր պատճառը, որ արդեն մարտական գործողության ընթացքում շատ հեշտ էր լինում. անգիր գիտեինք՝ ով որտեղ պետք է լինի, ինչ պետք է անի: Վստահ էինք, որ ամեն ինչ այնքան հստակ է պլանավորված, որ անպայման կհաջողե՛նք»:

Նման անձնազոհությունն ու ժողովրդի շրջանում Մոնթեի նկատմամբ արդեն իսկ թևածող անվերապահ վստահությունը կարճ ժամանակում շեշտակիորեն փոխեցին իրավիճակը։ 1992թ. վերջին Մարտունու շրջանը հիմնովին ազատվեց հայկական գյուղերը գնդակոծող ադրբեջանական բոլոր հենակետերից։ «Հուսամ, որ բոլորի վրա կազդե մեր հաղթանակը և մեր աշխատելու ձևը,- ասում էր Մոնթեն:- Այսինքն՝ կռվի՛լ, առա՛ջ երթալ, խրամատավորվի՛լ, պահե՛լ: Հակահարձակո՛ւմ ընդունիլ, ջարդել ու… վե՛րջ»:

Ընդամենը երեք տանկով և մի քանի հրանոթով Մարտունու ազատագրման առաքելությունն ստանձնած Մոնթեի ենթակայության ներքո մեկ տարի անց արդեն կար հակառակորդից առգրավված մի քանի տասնյակ հրանոթ, հետևակի մարտական մեքենա ու շուրջ հիսուն տանկ։ «Միայն երեկ մեկ տանկ վերցուցինք, մեկ տանկ խփեցինք, չորս հատ թնդանոթ առինք՝ երկու հատ 100 մմ-անոց և երկու հատ 76 մմ-անոց»,-հարցազրույցներից մեկում իրեն հատուկ մանկական խանդավառությամբ թվարկում է Մոնթեն:

Երբեք մարտը չէր ղեկավարում հրամանատարական կետից։ Ամենածանր մարտի ժամանակ ու ամենավճռորոշ պահին նա միշտ իր մարտիկների կողքին էր։ Անձամբ առաջնորդում էր կամավորականներին, խիզախության և անձնվիրության օրինակ ծառայում նորաստեղծ բանակի զինվորների և սպաների համար։

«Որպես մարդ՝ շատ արդար էր,-ասում է Աբրիկ Հայրապետյանը: – Իսկ արդարության ետևից ժողովուրդը միշտ գնում է: Մեկ տարի յոթ ամիս միասին ծառայել ենք. այդ մարդու համար նշանակություն չուներ, թե իր դիմաց ով է կանգնած. ազնվությունը, արդարությունը միշտ առաջնահերթ էին»:

Ռաիսա մայրիկն է հիշում. «Նստած հաց էին ուտում: Ավոն նկատեց, որ խոհարարն իր համար երկու ձու էր դրել, մյուսներին՝ մեկական: Կանչեց, թե` «Թանկագի՛ն, այստե՛ղ արի: Ինչպես մյուսներին, էնպես էլ՝ ինձ: Ինչո՞ւ ես ինձ երկու ձու դրել»:

...ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸՄարտունու շրջանի պաշտպանական բնագծի ամրապնդումից հետո Մոնթեն իր զորախմբով մասնակցեց նաև Մարտակերտի և Քարվաճառի ազատագրմանը: Որոշ ժամանակ անց՝ ներգրավվեց նաև Աղդամի ազատագրության գործողությանը, որը, ցավոք, դարձավ վերջինը՝ միշտ առաջնագծում, միշտ իր մարտիկների կողքին կանգնած հրամանատարի համար։

«Հենց մտանք Մարզիլի, նկատեցինք ՀՄՄ-ն, որ մերը չէր,- պատմում է Սարո Երեմյանը, որն այդ օրը Մոնթեի և մի քանի այլ մարտիկների հետ մեքենայում էր եղել: -Վեց հոգի էինք: Ավոն անմիջապես գոռաց` «թուրքե՛րը», ու դուրս թռանք մեքենայից: Մեզ վրա կրակում էին, մենք էլ սկսեցինք կրակել: Հետո նրանց ՀՄՄ-ի արկը խփեց ու…

Այդ օրվանից անցել է քսանվեց տարի, սակայն այսօր էլ Մոնթեի մասին հիշողությունները նույնքան վառ են ու օրինակելի:

Անցած-գնացած հեռավոր օրերի, Մոնթեի ու նրանից անբաժան  որդու կարոտով՝ տիկին Ռաիսան մտերիմների ուժերով վերանորոգել է այն նույն ՈՒԱԶ-ը, որով ամեն օր շրջել, այդ ճակատագրական օրն էլ գնդակոծման տակ են հայտնվել իր տղան, Մոնթեն ու նրանց մարտական ընկերները։ Ձեռքը դնելով մեքենային՝ Ռաիսա մայրիկն ասում է՝ երբեք չի մոռանա պատերազմական այն անքուն գիշերները, երբ պատուհանը բաց՝ սպասում էր որդուն ու Մոնթեին մի քանի րոպեով  սահմանից տուն բերող ու ետ տանող մեքենային: «Ամեն օր, ասես, սպասեմ, որ գան, որ հարցնեմ` «Ավո՛ ջան, հո սոված չե՞ս…»:

Մարտունու շրջանի բնակիչներն ասում են, որ իրենց սրտերում և հուշերում հավերժ  ապրող Մոնթեն այսօր, առավել քան երբևէ, ողջ է: Ու անմիջապես էլ հավելում՝ այդպես կլինի առհավետ: Մեր ազգի ծոցից ծնված նորանոր Ավոները կկրթվեն Ազգային հերոսի օրինակով, կձգտեն և կլինեն նրա պես ազնիվ, արդար ու անձնվեր։

«Միշտ ինձ ասում էր՝ «Աբո՛, Ղարաբաղի գործերը որ ավարտենք՝ ինձ հետ կգա՞ս՝ գնանք Նախիջևան»»,- ասում է Աբրիկ Հայրապետյանը;

«Հիմա էլ մեկ-մեկ ինքներս մեզ ասում ենք՝ էս մարդը խենթ է եղել,- շարունակում է Սարո Երեմյանը. -ո՞նց, ո՞նց է  հավատացել, որ Աղդամ կազատագրենք, որ Արևմտյան Հայաստան կգնանք… Ու ես չեմ կասկածում, որ Մոնթեի ասածները մինչև վերջ էլ կիրականանան, եթե մեր ժողովուրդը միասնական լինի»:

«Պայքարը հասած է նոր հանգրվանի, երբ արդեն ֆիդայական կռիվը չի՛ բավեր, այլ ուղղակի բանա՛կ պիտի կազմվի, և այս հողերը պահելու համար այդ բանակի, այդ իսկակա՛ն բանակի ուժի պե՛տքն ունինք…»:

Մոնթեի կյանքի վերջին շրջանի բաղձանքներից էր՝ ամուր ու հզոր բանակ ունենալը… որն այլևս իրականությո՛ւն է:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Պատմության էջերից


28/11/2019