ՀԵՐՈՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ
Նոյեմբերի 27-ին Նոր Հաճընի ավագ դպրոցի տնօրեն Կ. Գևորգյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հուշ-ցերեկույթ` նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Մղդեսյանի հիշատակին և նրա անվամբ դասարանի բացմանը: Իր խոսքում դպրոցի տնօրենն ասաց.
-Մեր սիրելի աշակերտ, մեր հպարտություն Գևորգ Մղդեսյանի մահից հետո ևս մի ցավ ապրեցինք. անցած տարի մեզ ցնցեց ևս մեկ հրաշալի աշակերտի` Արթուր Գասպարյանի զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած մահը:
Այնուհետև մեկ րոպե լռությամբ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելուց հետո տնօրենը շարունակեց խոսքը.
-Յուրաքանչյուր տարի ավանդույթի համաձայն, Գևորգի մահվան օրը այցելում ենք նրա շիրիմին, անպայման հյուրընկալվում Գևորգի մորը` տիկին Անժելային: Հենց այս այցելություններից մեկի ժամանակ էլ որոշվեց նրա անվամբ դասարան բացել: Մինչև այսօր աչքերիս առաջ է տիկին Անժելայի ուրախությունն ու հպարտությունը և հետևյալ խոսքերը. «Շնորհակալ եմ տիկին Գևորգյան, Ձեր մտահղացումը ինձ ապրելու նոր ուժ տվեց»:
Միջոցառման ընթացքում թե՛ աշակերտները և թե’ ուսուցիչները հպարտությամբ հիշեցին, վերապրեցին Գևորգի հետ անցկացրած տարիները: Պատմեցին նրա կատարած սխրանքների մասին, որոնք երբեք չէր բարձրաձայնում ու համեստորեն թաքցնում էր: Միջոցառումն ավարտվեց «Դասղեկի ժամով». եկել էին Գևորգի դասընկերները: Դասղեկը ներկա-բացակա արեց: Ներկա էին բոլորը, դասարանում «բացակա» էր միայն մեկ աշակերտ` Գևորգը: Երբ ուսուցիչը կարդաց նրա անունը, դասընկերները միասին բացականչեցին` «Ներկա~». ահա այսպես ավարտվեց հուշ-ցերեկույթն ու անվանակոչության արարողությունը…