Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ ԳԻՆԵՍԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ



ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ ԳԻՆԵՍԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼԱմենածանր տանկը առաջին անգամ աշխարհում տեղից պոկել հաջողվեց հայ դյուցազուն Նարեկ Եգանյանին:  44 տ 850 կգ կշռող  հրասայլը  1 մ 55 սմ  առաջ տանելով՝ հայ դյուցազունը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց:

Գինեսի ռեկորդակրի վկայականը դեռ չի հասել իրեն, ժամանակի հարց է, բայց Դյուցազնագրքում այն արդեն հաստատվել է:  Նարեկ Եգանյանը իր այս հաղթանակն ու ռեկորդը նվիրել է ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանին ու մյուս հերոսներին. «Ես շատ էի ցանկանում իմ ռեկորդներից մեկը նվիրել մեր հերոսների հիշատակին: Այդ առավոտյան, երբ պետք է քաշեի տանկը, համացանցում կարդացի, որ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է,  համարեցի, որ Աստծո կամքն  է, և որոշեցի հաղթանակս Աբաջյանին նվիրել…»:

Մեկ  տարվա ընթացքում սա նրա երրորդ նվաճումն է:  Վանաձորցու անունն առաջին անգամ հնչեց, երբ երկու կցորդով  ջերմաքարշը տեղաշարժեց՝  այդպիսով գերազանցելով  ռուսաստանցի Իվան Սավկինի սահմանած ռեկորդը. «Ուղղակի նպատակ եմ դնում ու հասնում եմ դրան:  Առաջին անգամ քաշեցի ջերմաքարշը  երկու վագոնով, որը  167 տ  էր  կշռում: Ջերմաքարշը 2մ տեղաշարժեցի ու համաշխարհային ռեկորդ սահմանեցի»:

ՀԱՅ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ ԳԻՆԵՍԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼԱռողջության համար Նարեկը չի անհանգստանում, վստահ է` ֆիզիկապես ամուր է և դեռ կփորձի շատ ռեկորդներ սահմանել: Սպորտով զբաղվում է արդեն 26 տարի: Ուժային եռամարտի և ծանրամարտի սպորտի վարպետ է: Այժմ մարտ առանց կանոնների մարզաձևի մարզիչ է: 10 տարի զբաղվել է ըմբշամարտով:  Բազմաթիվ մեդալների ու վկայագրերի կողքին նաև ծառայության ընթացքում ստացած կոչումների վկայագրերն են: Ծառայելով Արցախում՝ սպորտային վաշտում,  Նարեկ Եգանյանը մեկ անգամ չէ, որ բարձր է պահել հայկական բանակի պատիվը:

Ժամկետային ծառայությունից հետո Նարեկն անցել է պայմանագրային ծառայության: Այժմ հայրենիքին ծառայելու առաքելությունն իրականացնում է զինվորներին իր հմտությունները փոխանցելով: Ամեն անգամ արհեստավարժ մարզիկը հանդիպումներ է ունենում մեր բանակի տարբեր ստորաբաժանումների հետ, իսկ հետախույզների հետ Նարեկի առաջին փորձն էր. «Առաջին սեմինար-մարզումը շատ լավ ստացվեց, քանի որ հետախույզները հմուտ են, տեղյակ մարտարվեստի տարբեր ձեւերին»:

Նարեկի ռեկորդը կոգևորի, ու նրա հետ պարապմունքներն առավել ամուր ու հմուտ կդարձնեն զինվորներին. վստահեցնում է 3-րդ զորամիավորման ֆիզիկական պատրաստության ու սպորտի պետ  Էրիկ Մելիքբեկյանը. «Մենք մշտապես համագործակցում ենք Նարեկ Եգանյանի հետ: Եվ զինվորներին հաղորդած նրա փորձը տալիս է իր արդյունքները…»:

Համաշխարհային ռեկորդ սահմանելու համար 3-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը Նարեկ Եգանյանին պարգևատրել է պատվոգրով: Այս մեկը նրա համար բացառիկ նշանակություն ունի. այն  հայ մարզիկի նվիրումի  ու  ազգային բանակի հետ ամուր գործակցության հավաստումն է:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում


06/12/2019