Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ 1918-Ը



ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ 1918-ըՀատված «Բոլշեւիկյան տարօրինակություններն ու հայերի հերոսապատումը» գրքից

 

Անրի Բարբին (1873-1935) ֆրանսիացի հրապարակագիր է, երկար տարիներ եղել է փարիզյան առաջնակարգ լրագրերի ռազմական թղթակիցը։ Առաջին աշխարհամարտի ամենաօրհասական օրերին, լինելով Կովկասյան ռազմաճակատում, նա հայ ժողովրդի մեծագույն ողբերգության ականատեսն է դարձել, հետագայում հավաստի վավերականությամբ պատկերել «Սարսափի երկրում» նշանավոր գրքում:

Ցավոք, հայ ընթերցողին մինչեւ այժմ անհայտ է մնացել Բարբիի մյուս նշանավոր՝ «Բոլշեւիկյան տարօրինակություններն ու հայերի հերոսապատումը» գիրքը, որը հասկանալի պատճառով, խորհրդային տարիներին Հայաստանում չէր կարող հրատարակվել։ Առաջին անգամ հայ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում այդ գրքի 1918 թվականի ճակատագրական իրադարձություններին, հայ զինվորների ու կամավորների անձնազոհությանը, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ճակատամարտերին նվիրված հատվածները։

… Հայտնի է, որ ամբողջ հայ ժողովուրդը, որ երկրում էլ որ եղել է, պատերազմի հենց սկզբից զինվորագրվել է Անտանտին, նույն նվիրումով մարտնչել ինչպես արեւմտյան, այնպես էլ արեւելյան ռազմաճակատներում։ Միայն Կովկասում ռուսական զորամիավորումները համալրվել են հարյուր հիսուն հազար կամավորներով, որոնք անմնացորդ կատարել են իրենց պարտքը։ Նույնը տեղի է ունեցել Պաղեստինում ու Սիրիայում:

Բոլորին հայտնի է նաեւ, որ հայերի՝ դաշնակիցների նկատմամբ ցուցաբերած համակրանքի, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների արդյունավետ մասնակցության պատճառով, Թուրքահայաստանում, երիտթուրքական կառավարության հրամանով, սանձազերծվել են պատմության մեջ նախադեպը չունեցող նախճիրներ, զանգվածային բռնագաղթեր դեպի Միջագետք, ուր ի վերջո հայերն իրենց դաժան մահն են գտել, տալով մեկ միլիոնից ավելի զոհ։

Ամբողջ աշխարհն այժմ տեղյակ է այս ամենին։ Այն, ինչ չգիտի դեռեւս եւ պետք է իմանա՝ հայերի մասնակցությունն է աշխարհամարտին՝ հերոսականությունն ու անձնազոհությունը, որով մարտնչել են մեն-մենակ, առանց զորակցության ու աջակցության, ապավինելով միմիայն սեփական ուժերին՝ մանավանդ Ռուսաստանի փլուզումից հետո, երբ ռուսական զորամիավորումները, բոլշեւիկյան քարոզչությամբ համակված, լքեցին Կովկասյան ճակատը։

ԳՐ. ՋԱՆԻԿՅԱՆ

 

Այդ ժամանակ՝ 1917-ի վերջին, Կովկասում, որը հիմնականում բնակեցված էր հայերով, վրացիներով ու թաթարներով, ռուսական նախկին իշխանության փոխարեն ստեղծվել էր Անդրկովկասյան կոմիսարիատը։ Այն Ռուսաստանի հետ կապերը վերջնականապես չէր խզում, բայց եւ չէր ընդունում բոլշեւիկյան գերակայությունը։ Կոմիսարիատը, որի նախագահն էր վրացի Գեգեչկորին, տեղակայված էր Թիֆլիսում, ուներ տասներկու կոմիսար՝ երեք հայ, երեք վրացի, չորս թաթար ու երկու ռուս։ Բացի այս կենտրոնական կառավարությունից, յուրաքանչյուր ազգային միավորում՝ հայերը, վրացիներն ու թաթարները, ավելի ուշ՝ նաեւ ռուսները, ունեին իրենց Ազգային խորհուրդը, որի կազմում ընդգրկված էին տարբեր ասպարեզի հեղինակավոր անձինք։ Իմիջիայլոց, ազգային խմբավորումները քաղաքական տարբեր հակումներ էին դրսեւորում` հայերը ամբողջովին Անտանտի կողմնակիցներն էին, թաթարները` թուրքերի, իսկ վրացիները, որոնց դիրքորոշումը միշտ էլ հեղհեղուկ է եղել, մանեւրում էին այս երկուսի միջեւ։

Այսպիսին էր իրավիճակը Կովկասում այն պահին, երբ ռուսական բանակը բոլշեւիկանալուց հետո լքեց ճակատն ու Ռուսաստան վերադարձավ, ամեն ցանկացողի տալով կամ վաճառելով զենքերը, ռազմամթերքն ու պարենը։

Հայերը, որոնց ամենից շատ էր սպառնում թուրքական վտանգը, առաջինը մտահոգվեցին ռազմաճակատի պաշտպանության վերականգնմամբ։ Այդ նպատակով Ազգային խորհուրդը, որին ընտրել էր 1917 թվականի սեպտեմբերին Թիֆլիսում կայացած ռուսահայության համագումարը, իր նախագահի, հիանալի գրողի ու հրապարակագրի՝ Ավետիս Ահարոնյանի հայրենասիրական դրդմամբ որոշեց հայկական բանակ կազմավորել։ Վրացիները, հասկանալով հանդերձ, որ մահմեդական վտանգը, որն սպառնում էր հայերին, իրենց չի հասնի, հասնելու դեպքում էլ մոլուցքը շիջած կլինի, այնուամենայնիվ, քանի որ քրիստոնյա էին, խանդավառությամբ արձագանքեցին Կովկասի ճակատի պաշտպանության գաղափարին։ Բայց, մինչ հայերը լրջորեն կազմակերպում ու նախապատրաստում էին պաշտպանությունը, վրացիները՝ այդ անհեռատես ժողովուրդը, որը դեռեւս զուրկ էր իրականության զգացողությունից, չէր յուրացրել տվյալ պայմանների պահանջներն ու պարտադրանքները, ի հայտ բերեց իր անկարողությանը։ Եվ հայերի նախաձեռնած՝ ռազմական դաշինք կնքելու բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Վրացական ազգային խորհուրդը, երբ համագործակցության ժամը հնչեց, միանշանակ հայտարարեց, որ ի վիճակի չէ անգամ մեկ զինվոր ճակատ ուղարկել։ Իրականում, հենց այդ նույն ժամանակ հայերին լքելով՝ վրացիները արդեն գաղտնի բանակցություններ էին վարում գերմանա-թուրքական դաշինքի հետ։ Ավելի ուշ, թուրքական անխուսափելի ներխուժումը դիմագրավելու համար նրանք չվարանեցին նույնիսկ գերմանացիների հովանավորությունը խնդրել։

Այսպիսով, մենակ մնալով հանդերձ, հայերը Կովկասը գերմանաթուրքական բռնազավթումից պաշտպանելու լուրջ վճռականություն ի հայտ բերեցին, որի նախադրյալը հույսները միմիայն իրենց վրա դնելն էր։

Չնայած հայկական պաշտոնական կազմակերպությունների պահանջներին, որոնք անմիջապես հաջորդեցին Միլյուկովի կառավարության անկմանը, ռուսական բանակի տարբեր ռազմաճակատներում ցրված հարյուր հիսունից հարյուր ութսուն հազար հայ զինվորները չկարողացան համախմբվել Կովկասում, քանի որ Կերենսկին շարունակում էր վարանել եւ Կովկասի ճակատի իրական կարեւորությունն զգալու հեռատեսությունը չուներ: Ահա թե ինչու հայ զինվորները, երբ վտանգն անխուսափելի դարձավ, չկարողացան արձագանքել մայր հայրենիքի օգնության կանչին։ Ռուսաստանի բոլշեւիկացման հետեւանքով առաջացած համընդհանուր անկարգությունն ու անկազմակերպվածությունը, այն հանգամանքը, որ թաթարները կտրել էին հաղորդակցությունը Բաքվի ու Թիֆլիսի միջեւ, պատճառ դարձան, որ մի քանի հազար հայ զինվորները, որոնք, այնուամենայնիվ, կարողացել էին Բաքու հասնել, քաղաքում արգելափակված մնան։ Ըստ էության, Ազգային խորհուրդն իր տրամադրության տակ սոսկ փոքրաթիվ զորամիավորումներ ուներ, որոնք ծառայել էին ռուսական հին բանակում, անձնվիրությամբ պաշտպանել Կովկասյան ճակատը։ Հենց այդ մարտական ջոկատները համալրելու համար էլ Ազգային խորհուրդը 1917թ. դեկտեմբերին որոշեց կովկասահայության համընդհանուր զորակոչ հայտարարել։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, որոնք իսկույն եւեթ ի հայտ եկան վրացիների, թաթարների, քրդերի հակադրության, ինչպես նաեւ պաշտոնական իշխանությունների լուռ դիմադրության պատճառով, զորահավաքը գրեթե անմիջապես սկսվեց։ Չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Անդրկովկասի կոմիսարիատի ու սովետների չկամության հետեւանքով զորակոչի պաշտոնական հրամանագիրը հրապարակվեց միայն 1918թ. փետրվարի 17-ին։ Այդ փաստաթուղթը փառավոր էր, հուզիչ իր հայրենասիրությամբ եւ ամենեւին չէր թաքցնում նման դժվարին նախաձեռնության բարդությունները, ապա, որպես վերջաբան, հույս էր հայտնում, որ հարեւան ժողովուրդները կօգնեն հայերին պաշտպանելու Կովկասը, իսկ Անդրկովկասյան կոմիսարիատը չի զլանա իր աջակցությունը։

 

Շարունակելի

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Պատմության էջերից


06/12/2019