ՍՏՈՐՋՐՅԱ ԿԱՄԻԿԱՁԵՆ
ՀԱՅՈՐԴԻՆ՝ ԽՍՀՄ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՒԶԱՆԱՎՈՐԴ
Ռուսական, հետագայում՝ նաև խորհրդային ռազմածովային նավատորմի պատմության մեջ ոսկե տառերով է գրված Ալեքսանդր Նիկոլայի Գարսոյանի (Գարսոև) անունը։ Ցավոք, Խորհրդային Միությունում որպես չգրված օրենք ընդունված ռազմական գործիչներին ու զինագործներին գերգաղտնիության մեջ պահելու տաբուն լայն հասարակության համար անծանոթ են դարձրել մեր այս տաղանդավոր հայրենակցի կյանքն ու գործը։
Ռուսաստանի նավագնացության պատմության մեջ «Ստորջրյա կամիկաձե», «ԽՍՀՄ առաջին գլխավոր սուզանավորդ» պատվանուններով մեծարված հայորդին ծնվել է 1882թ. Թիֆլիսում (այլ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում) ազնվական կոչում ստացած աստրախանյան ծագումով տոհմիկ նավաշինարար Նիկողայոս (Նիկոլայ) Գարսոյանի ընտանիքում: Ավարտելով Մոսկվայի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը, 22-ամյա Ալեքսանդրը դիմում է ծովային նավատորմում որպես յունկեր ծառայելու։ Հընթացս նա ավարտում է ծովային կորպուսը, ստորջրյա սպայական դասարանը։ Ոչ լրիվ մեկուկես տարում ուշիմ ու աշխատասեր Գարսոևը, ավարտելով ծովային կորպուսի լրիվ կուրսը, միչմանի կոչում ստացավ, ծառայության անցավ հածանավի վրա։ Մինչև 1912թ. աշունը Գարսոևը ծառայեց «Ակուլա», «Սիգ» սուզանավերի վրա, հետո նշանակվեց «Մինոգա» սուզանավի հրամանատար։ Սուզանավը, դժբախտաբար, կես տարի անց տեխնիկական թերությունների պատճառով խորտակվեց։ Ի զարմանս բոլորի, շնորհիվ հրամանատարի գործիմացության, արտակարգ պայմաններում սթափ ու նպատակամետ գործողությունների, նավը արագորեն ամբարձիչով բարձրացվեց, ամբողջ անձնակազմը առանց որևէ զոհի թողեց սուզանավը։ Գարսոևը մշակեց ու ղեկավարությանը ներկայացրեց այս տիպի սուզանավերի թերությունները վերացնելու, դրանք վթարազերծ դարձնելու պլան, որը, շատ չանցած, ներդրվեց արտադրության մեջ՝ վերահաս վտանգից փրկելով հազարավոր նավաստիների կյանքը։ Երկամսյա արձակուրդից հետո անձնակազմը հրաժարվեց ծառայել թերություններով առլեցուն «Մինոգա» սուզանավի վրա։ 1913թ. Գարսոևին վստահվեց «Լվիցա» սուզանավի ղեկավարումը։ Սուզանավը մասնակցեց 1914-16թթ. Բալթյան մարտական գործողություններին, որոնցից մեկի ժամանակ էլ խորտակվեց։ Այս անգամ էլ ճակատագիրը բարեհաճ եղավ Գարսոևի նկատմամբ։ Խորտակումից օրեր առաջ նա ծառայության էր տեղափոխվել սուզանավերի շտաբի դիվիզիոնում։
Հոկտեմբերյան հեղափոխությունը Գարսոևը դիմավորեց 2-րդ կարգի կապիտանի կոչումով։ Հեղափոխությունը իր ավերիչ հետքն էր թողել ամբողջ ռազմական նավատորմի վրա։ Նավերի մեծ մասը խորտակվել էր, սպիտակգվարդիականների ու օտարերկրյա ինտերվենտների հարձակումների զոհ էին դարձել հազարավոր ռազմական ծովայիններ ու սուզանավորդներ։ Հարկավոր էր ամեն ինչ զրոյից սկսել։ Շուտով Գարսոևն աշխատանքի անցավ նավատորմի գիտատեխնիկական կոմիտեում՝ որպես ստորջրյա լողի բաժանմունքի ղեկավար։ 1918-19 թթ. Գարսոևը Բալթիական նավատորմի ստորջրյա լողի ուսումնական ջոկատի պետն էր, մասնակցում էր խորհրդային նորագույն նավաշինության վեցամյա հեռանկարային պլանի կազմման աշխատանքներին՝ ղեկավարելով սուզանավերի ստեղծման ենթահանձնաժողովի գործունեությունը։ Գարսոևի ու նրա գաղափարակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ռազմական նավաշինության բնագավառւմ աշխարհում վերջին տեղերից մեկն զբաղեցնող Խորհրդային Միությունը շուտով ինքն սկսեց ժամանակի գերհզոր պետությունների գիտնականներին սուզանավերի նորագույն տեխնոլոգիաներ առաջարկել։ Շատ չանցած՝ երկիրն այդ բնագավառում առաջ անցավ դասական նավաշինական պետություններից, և արտասահմանյան ռազմանավերը սկսեցին խորհրդային նավատորմ չներմուծվել՝ առանց դույզն-ինչ թուլացնելու պետության ռազմական նավատորմի հզորությունը։
1919 թվականից պրոֆեսոր, 2-րդ կարգի կապիտան Գարսոևը սուզանավերի հարձակողական տակտիկայի ու պաշտպանական գործառույթների մասին դասախոսություններ էր կարդում պարապմունքները վերսկսած ռազմածովային ակադեմիայում։ 1921թ. հայազգի գիտնականը դարձավ Խորհրդային Միության առաջին սուզանավորդ-հրամանատարը՝ ղեկավարելով նավատորմի շտաբի ջրասուզական ծառայությունը։ 1922-23թթ. Գարսոևը ռազմածովային ակադեմիայի ադյունկտ (ասպիրանտ) էր, 1923-28թթ.՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գիտատեխնիկական կոմիտեի ստորջրյա լողի բաժանմունքի նախագահ, տեխնիկական վարչության ստորջրյա լողի բաժնի պետ։
Արդեն 1924թ. խորհրդային բոլոր սուզանավորդները՝ Գարսոևի գլխավորությամբ, եկել էին այն եզրահանգման, որ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել նոր սուզանավերի ստեղծմանը որքան հնարավոր է արագ, քանի որ, ինչպես ասվում էր կառավարություն ուղարկված շրջաբերական բաց նամակում՝ «…մեր ունեցած սուզանավերը շատ քիչ են և բարոյապես ու ֆիզիկապես հնացած։ Մտածել, որ պատերազմի դեպքում մենք կունենանք մարտական սուզանավեր, նշանակում է խաբել ինքներս մեզ…»։
Իշխանությունների արձագանքն այս ահազանգին չուշացավ։ Խորհրդային նավաշինության բնագավառում շրջադարձային դարձավ 1926 թ. դեկտեմբերը, երբ կառավարությունը որոշում ընդունեց ԽՍՀՄ առաջին սուզանավերն ստեղծելու համար հատուկ հանձնախումբ կազմակերպել։ Ավելորդ է ասել, որ հանձնախմբին շունչ ու ոգի տվողը Ալեքսանդր Գարսոևն էր։ Ստեղծվեցին խորհրդային՝ այն ժամանակների համար առաջնակարգ՝ «Դեկաբրիստ» տիպի սուզանավերը, որոնցից շատերին վիճակված էր մարտական գործողությունների մեջ մտնել գերմանական իրենց «ցեղակիցների» հետ ու հաղթանակով դուրս գալ։ Ալեքսանդր Գարսոևին փաստորեն վիճակված էր «հատակից բարձրացնել» ռուսական նավատորմի հզոր ավանդույթներն ու ի սպաս դնել իր ժամանակների ծովայիններին։ Պատահական չէ, որ ծովայինները նրա մասին հետևյալ չաստուշկան էին հնարել՝
Հատակում կմնար հավերժ մեր Նոյյան տապանը,
Եթե չլիներ մեկ անուն՝ կապիտան Գարսոև։
Հատկանշական է, որ Հայաստանից հեռու ծնված-մեծացած հայորդին փայլուն գիտեր հայոց պատմությունը, իր ժողովրդի հարուստ մշակույթն ու ավանդույթները։ Գարսոևը մի առիթով գրում է. «Հարցնում են, թե որտեղի՞ց հայերին այդպիսի ձգտում դեպի ծովը։ Հիշեցնեմ այդ անգետներին, որ և՛ կիլիկյան խոշոր նավահանգիստները, և՛ աշխույժ առևտուրը Ջենովայի ու Ֆլորենցիայի հետ, և՛ Միջերկրական ծովի ալիքները ճողփող հայկական նավերը, և՛ Հովհաննես Այվազովսկու կտավներն ու նրա կոչումը ու նաև այն, որ դեռևս Ղրիմի պատերազմում կովկասյան-սևծովյան ամրացված գիծը ղեկավարում էր հայ Լազար Սերեբրյակովը՝ փայլուն կազմակերպիչ, արևելյան լեզուների գիտակ, դիվանագետ, ռազմական ծովային, միևնույն ժամանակ, Նովոռոսիյսկի հիմնադիրը, բոլորը միևնույն շղթայի տարբեր օղակներն են»։
1928 թվականին, երբ նորագույն սուզանավերի արտադրությունը ԽՍՀՄ-ում լայն թափով իրագործվում էր, իրականություն էին դառնում հայորդի սուզանավորդի ծրագրերն ու տեսլականները, Ալեքսանդր Գարսոևը հիվանդության պատճառով թողեց ծառայությունը։ Մինչ այդ, ցարական կառավարությունը նրան պարգևատրել էր Սուրբ Ստանիսլավի և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով։
Խորհրդային իշխանությունները, սակայն, ինչպես շատ նշանավոր գիտնականների նկատմամբ, Գարսոևի հետ ևս «հավուր պատշաճի» վերաբերվեցին։ Նրա դեմ վարկաբեկիչ «գործ» հորինվեց, ու 1931 թվականին ձերբակալեցին։ Երկրի ռազմական նավաշինությանը ամբողջ գիտակցական կյանքը տված գիտնականը մեղադրվում էր այն ժամանակների համար ստանդարտ՝ հակապետական գործունեության համար։ Բարեբախտաբար, այդ ամենը սուտ մատնություն դուրս եկավ, և նա ազատվեց։ Ազատվելուց ու արդարացվելուց հետո Գարսոևն ապրեց ընդամենը 3 տարի… Լարված աշխատանքն ու հոգեկան ապրումներն արել էին իրենցը։
Նա թաղվեց Լենինգրադի Վոսկրեսենսկի-Նովոդևիչյան գերեզմանոցում ու մոռացության մատնվեց։ Մոռացվեց այն խոշոր գիտնականը, որին վիճակված էր կյանքի գնով ոտքի կանգնեցնել Խորհրդային կայսրության ռազմական նավաշինությունը։
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռազմական պատմաբան-վերլուծաբան
Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Ճակատագրեր, Պատմության էջերից