Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԱԿԱՆԱՆԵՏԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԸ



ՄՐՑՈՒՄ ԵՆ ԱԿԱՆԱՆԵՏԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԸ«Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է «Լավագույն ականանետային մարտկոց» մրցույթը, որին մասնակցում են ստորաբաժանումներ հանրապետության բոլոր զորամիավորումներից։ Մինչ գլխավոր ստուգատեսի մեկնարկը  բոլոր զորամիավորումներն իրենց ենթակա զորամասերում ստուգել են ականանետային ստորաբաժանումների պատրաստությունն ու լավագույններին ներկայացրել համաբանակային այս խաղերին։

Կիսաեզրափակիչ փուլում մրցույթի մասնակից մարտկոցները պետք է կարողանային հնարավորինս արագ լքել վրանային ավանն ու զբաղեցնել համապատասխան վայրերը՝ զինտեխնիկան գործարկելու համար։ Մարտկոցները հերթով և ներդաշնակ գործողություններով իրականացրին ելքի և բացազատման գործողությունները, որից հետո միայն ստացան ականանետի կիրառման հրամանները։ Հաշվարկներից մեկը խոցեց թիրախները, մյուսներն, ըստ մրցույթի պայմանների, պետք է ներկայացնեին իրենց ինժեներատեխնիկական գիտելիքները, հմտությունները, կարողությունները։ Մասնակից ստորաբաժանումների գործողություններին հետևում էին զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի և հրետանու վարչության սպաները։ Թիրախներից ևս մեկը սպասում էր մարտկոցին՝ զորավարժարանի մեկ այլ հատվածում։ Հրամանն ստանալուն պես ականանետայինները դիպուկ կրակով խոցեցին դիմացի բլրին գծված թիրախները. առաջադրանքը կատարվեց։

Մրցույթն այսքանով ավարտված չէ, անձնակազմը ևս մեկ խնդիր է ստանում՝ ոչնչացնել սահմանագծին մոտ գտնվող պայմանական հակառակորդին, պաշտպանելով տեխնիկան և դիրքը։ Մրցույթի մի մասն ավարտված է, դիտորդների գնահատմամբ՝ արդյունքները դրական են ու գոհացուցիչ։ Սա իհարկե նախնական արձանագրումն է, ավելի ուշ և բոլոր թիմերի ելույթներից հետո հայտնի կդառնա լավագույնը։ Ականանետ մարտկոցների մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի հաջորդ շաբաթ, որի ավարտին էլ հայտնի կդառնա ամբողջ զինված ուժերի ականանետային լավագույն մարտկոցը։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Ազգային բանակ


06/12/2019