Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Հայ ազատագրական շարժումներին զուգընթաց, սուլթանական վարչակարգն ավելի էր ուժեղացնում ճնշումը, առիթներ էր փնտրում գլխատելու շարժման ղեկավարությանը, անդուլ հետապնդումներ էր սահմանում յուրաքանչյուր անձի ու միջոցառման նկատմամբ։ Իրադրությունը սրելու, մուսուլմանական մոլեռանդությունը բորբոքելու նպատակով Պոլսում լուրեր տարածվեցին Կարինի հայության կարծեցյալ ապստամբության մասին, հրապարակվեցին հաղորդագրություններ, չեղած դեպքերը ներկայացվեցին որպես ապստամբություն, որոնց դեմ իշխանությունները հարկադրված զենք էին օգտագործել։ Այն, որ իրոք Կարինում թուրքական գազազած խուժանը հաշվեհարդար էր տեսել անզեն հայության հետ, թալանել ու ավերել էր բնակարաններ ու խանութներ, խուզարկություններ անցկացրել Սանասարյան վարժարանում ու այլ կրթական հաստատություններում, ճշմարտություն էր։ Սակայն ստահոդ լուրերի եւ շուրջ հարյուր զոհերի համար ոչ ոք պատասխան չտվեց։

Կարինի իրադարձությունները բողոքի ալիք բարձրացրին. Վանում, Սասունում, Մուշում նկատվում էին ընդվզումներ։ Բողոքի ալիքը հասավ նաեւ մայրաքաղաք. 1890թ. հուլիսի 15-ին Պոլսի Գում-Գափու թաղամասում կազմակերպվեց բողոքի ցույց։ Կազմակերպիչներն էին հնչակյան գործիչներ Մեծն Մուրադը ¥Համբարձում Բոյաջյան¤, Հարություն Ճանկյուլյանը։ Նշված օրը, պատարագը դեռեւս չսկսված, Հարություն Ճանկյուլյանը բարձրանում է եկեղեցու բեմ եւ կարդում է «Հայոց պահանջագիրը»։ Եկեղեցում հավաքվածները Խորեն Աշըգյան պատրիարքից պահանջում են մասնակցել իրենց բողոքի ցույցին, գնալ սուլթանական պալատ եւ արյունարբու տիրակալին հանձնել հայկական նահանգներում կատարված եղեռնագործությունների վերաբերյալ բողոքի տեքստը։ Ցուցարարները պատռում են Համիդի նկարը, թուրքական զինանշանը եւ շարժվում սուլթանական պալատ։ Ճանապարհին նրանց են միանում հայերի նոր խմբեր, եւ ցուցարարների թիվը հասնում է 5000-ի։ Սուլթանի հրամանով ցուցարարների դեմ գործադրվում է զենք, սպանվում են մի քանի ցուցարարներ, ղեկավարները բանտարկվում են։ Գում-Գափուի ցույցը համարձակ գործողություն էր։ Թուրքական պետության մայրաքաղաքը դեռեւս նման ելույթ չէր տեսել։ Ցույցը ոչ միայն անհնազանդության արտահայտություն էր, այլեւ քաղաքական ու տնտեսական պահանջներ ներկայացնող միջոցառում։

Ցույցը, ներկայացված պահանջները նորույթ էին ազատագրական գաղափարախոսության պատմության մեջ։ Այս նկատառումով էլ եթե գնահատելու լինենք ցույցի դերն ու նշանակությունը, ապա պետք է առաջնահերթ փաստել, որ բռնատիրության մայրաքաղաքում միակամ դարձնել 5000 մարդու, համարձակություն ունենալ պատռելու սուլթանի նկարն ու պետության զինանշանը, նշանակում էր՝ հայությունը սպառել էր տնտեսական ու քաղաքական բարելավումների հասնելու բոլոր ուղիները եւ ընդունել բացահայտ պայքարի ճանապարհը։

…Արեւմտյան Հայաստանի մյուս գավառների նման Սասունի հայությունը եւս ծանր տնտեսական ու քաղաքական կացության մեջ էր։ Թուրք եւ քուրդ հարստահարիչները թշվառության դուռն էին հասցրել նաեւ Սասունի 35 հազարի հասնող հայությանը։ Չհանդիպելով դիմադրության, սանձարձակ վարչակարգը, հափշտակիչները օր օրի սաստկացնում էին հարկերի հավաքման գործընթացը, կրկնակի գանձումներ կատարում։ Հնչակյան գործիչներ Միհրան Տամատյանը, Մուրատը, նրանց համախոհներ Հրայր Դժոխքն ¥Արմենակ Ղազարյան¤ ու Գեւորգ Չաուշը ¥Գեւորգ Ադամյան¤ բացատրական մեծ աշխատանք տարան սասունցիների շրջանում՝ նրանց բերելով այն եզրակացության, որ հարստահարություններն ու թալանը կշարունակվեն անընդմեջ, եթե հայը չդիմի ակտիվ պայքարի։

Սասունցիները հերթական հարկահավաքներին հայտնում են, որ հրաժարվում են հարկատվությունից։ Սուլթանը դիմում է փորձված եղանակին եւ Սասունի դեմ է հանում քրդերին։ Վերջիններս հանդիպելով դիմադրության, անկատար են թողնում տիրակալի պատվիրանը։ Սուլթանը բորբոքում է կրոնական մոլեռանդությունը, ձերբակալում Մ. Տամատյանին եւ քսանից ավելի ապստամբների։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում են Մուրատն ու Հրայրը։ Սասունը շրջապատվում է։ Գերակշիռ ուժեր ունեցող թշնամին 1894թ. հուլիսի 27-ին սկսում է գրոհը։ Հայերը երդվում են պայքարել մինչեւ վերջին մարդը։ Թուրքական առաջին հարձակումը ձախողվում է։ Թշնամին առաջարկում է բանակցություններ, եւ սասունցիները ուղարկում են 148 մարդուց բաղկացած պատվիրակություն, որոնց, սակայն, նենգ արյունարբուները սպանում են։ Սկսվում է թուրքական նոր հարձակումը, որը նույնպես ավարտվում է անհաջողությամբ։ Օգտվելով թվական գերազանցությունից՝ թուրքերը ավելի են ուժեղացնում պաշարումը եւ օգոստոսի վերջերին գրավում են Սասունն ու սրի քաշում 10-15 հազար հայերի, կործանում 40 գյուղ, այդ թվում՝ Տալվորիկը, Շենիկը, Գելիեգուզանը, Սենազը։ Ապստամբության ղեկավարներ Մուրատն ու Չաուշը դատապարտվում են 11 տարվա բանտարկության։

Սասունի եղեռնագործությունը նորից թղթե արշավի առիթ ստեղծեց։ Եվրոպական դիվանագիտությունը եւ Ռուսաստանը նոյեմբերին կազմեցին մի հանձնաժողով, որը ուսումնասիրելով կատարվածը, 1895թ. մայիսին սուլթանին ներկայացրեց բարենորոգումների նոր ծրագիր, որը հայտնի է Մայիսյան ծրագիր անունով։ Այն առաջ էր քաշում տնտեսական, քաղաքական, դատական բարեփոխումների պահանջ։ Սուլթանը իր երախտագիտությունը հայտնելով հերթական խաբկանքի առթիվ՝ պատճառաբանեց, թե անարդար է համարում բարենորոգումներ իրականացնել կայսրության մի գավառում, այլ անհրաժեշտ է բարեփոխումներ իրագործել կայսրության մյուս վիլայեթներում եւս։ Այսքանը միայն։ Եվրոպացի հայասերներն ու Ռուսաստանը լռեցին, իսկ արյունոտ սուլթանը շուտով մոռացության մատնեց թե՛ ծրագիրը, թե՛ խոստումները եւ նախապատրաստվում էր արյան մեջ խեղդել Հայկական հարց հասկացությունը։

1895թ. սեպտեմբերին հնչակյան գործիչները կազմակերպեցին Բաբը Ալիի ցույցը։ Կանխազգալով, որ սուլթանը խաղաղ ցույցը կօգտագործի հայերի դեմ նոր հաշվեհարդար կազմակերպելու համար, ցույցի կազմակերպիչները դիմեցին եվրոպական դեսպաններին, որպեսզի նրանք կանխեն սպասվելիք միջամտությունը։ Սակայն դեսպաններն այս անգամ էլ ձեռնպահ մնացին որեւէ օգնություն ցուցաբերելուց, եւ 4000 ցուցարարների դեմ դուրս եկած ոստիկանությունը ցույցը գնդակոծեց։ Ոստիկաններին միացած մոլեռանդ ամբոխը խլեց 2000 հայի կյանք։

Կարինի դեպքերը, Գում-Գափուի եւ Բաբը Ալիի ցույցերը, Սասունի կոտորածը, Մայիսյան ծրագրի մերժումը, եվրոպական դիվանագիտության ստոր պահվածքը հնչակյան գործիչներին մղեցին մի նոր միջոցառման կազմակերպման։ Ընտրությունը կանգ առավ Զեյթունի վրա, որովհետեւ քաջարի լեռնականները, սկսած 1862թ., պայքարում էին իրենց կիսաանկախությունը վերականգնելու, հարկերից ազատվելու համար։ 1895թ. Զեյթուն մեկնեցին հնչակյան գործիչներ Նազարեթը, Աղասին, Ապահը, Մլեհը, Հրաչյա Մարալը, Կարապետը, Նշանը։ Գյուղապետների հետ խորհրդակցությունից հետո որոշվեց ապստամբություն բարձրացնել։ Ղեկավար ընտրվեց Նազարեթ Չաուշը, բայց իրականում ապստամբությունը ղեկավարում էր Աղասին ¥Կարապետ Թուրսարգսյան¤։ Հոկտեմբերի 16-17-ին հայերը հարձակվում եւ գրավում են թուրքական զինանոցն ու տեղական ինքնակառավարման շենքերը։ Գերված 700 թուրք զինվորներին նրանք անցկացնում են իրենց սրերի տակով, ապա բանտարկում։ Զորանոցի վրա բարձրացվում է կարմիր դրոշ, որի վրա գրված էր՝ «Զեյթունի անկախ իշխանություն»։

Զորանոցի գրավման լուրը խուճապ է առաջ բերում Մարաշում։ Երկյուղելով, որ մարաշցիները եւս կմիանան ապստամբությանը, տեղի փաշան կազմակերպում է հայության կոտորած, որից հետո թուրքական 30.000-ոց զորքը շարժվում է դեպի Զեյթուն։ Զորանոցի գրավման ժամանակ զեյթունցիների ձեռքն էր անցել 12 թնդանոթ, 170 ական, 600 «Մարտին» տեսակի հրացան, 120.000 փամփուշտ, երկու տակառ վառոդ եւ այլ զինամթերք։

Մարաշից եկած ուժերը առաջինը հարձակվեցին Ֆռնուզի վրա։ Բայց հերոս հայերը կարողացան երեք օր շարունակ դիմադրել եւ փակել թուրքերի ճանապարհը։ Դեկտեմբերի 15-ին Սանտոխի կիրճում տեղի ունեցավ առաջին ճակատամարտը։ Մարտերը շարունակվեցին մինչեւ դեկտեմբերի վերջերը։ Զեյթունի հերոսամարտը եվրոպական ու ռուսական նոր միջամտության առիթ դարձավ։ Սուլթանի համաձայնությամբ, 1896թ. հունվարի 4-ին սկսվեցին բանակցությունները։ Կնքված պայմանագրի համաձայն՝ ընդհանուր ներում էր շնորհվելու հերոսամարտի մասնակից բոլոր հայերին, Զեյթունում նշանակվելու էր քրիստոնյա գավառապետ, զեյթունցիները, բացի իրենց որսորդական հրացաններից, վերադարձնելու էին գրաված զենքերը, երեք տարի ժամանակով դադարեցվելու էր հարկերի հավաքումը, Զեյթունում տեղակայվելու էր միայն մեկ վաշտ, պաշտոնյաներ եւ ոստիկաններ նշանակելիս նախապատվությունը տրվելու էր տեղացիներին, Մարաշում բարենորոգումների անցկացումը հսկելու նպատակով բացվելու էին եվրոպական երկրների հյուպատոսարաններ։

Նվաճումն ակնառու էր. երաշխավորվում էր Զեյթունի կիսաանկախությունը։ Այս ամենը արտաքուստ։ Իսկ ներքուստ սուլթանը հետապնդում էր հայերի արծվաբույնը ոչնչացնելու նպատակ եւ մտադրություն անգամ չուներ հավատարիմ մնալու իր խոստումներին։

Շարունակելի

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Պատմության էջերից


06/12/2019