Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ



ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄԴեկտեմբերի 3-ին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը կդառնար 58 տարեկան

 

ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ.

արվեստագետ, մտավորական, ազգային գործիչ, նվիրյալ զինվոր, որի սուրբ արյունը ցողվեց հայրենի երկրի վերածնության արշալույսին, հանուն նրա ազատ ու անկախ գալիքի: Նա սերում էր հերոսական ակունքից եւ լույս աշխարհ եկավ իբրեւ հերոսական երեւույթ, ապրեց ու արարեց հերոսաբար եւ հերոսաբար ընդունեց մահն իմացյալ: Իբրեւ ընտրյալ անհատ նա երբեք առաջնության, դրոշակակրի փառքի չհավակնեց: Ճակատագիրն ասես ինքն էր ընտրում նրան եւ նախորոշում նրա տեղը պայքարի թատերաբեմում: Իսկ այդ տեղը միշտ առջեւում էր…

 

ԱՐՄԱՏՆԵՐԸ

Գորգիսյանների տոհմական բնօրրանը պատմական Սղերդն է: Մովսեսի պապը` անվանի հայդուկապետ Սամի (Սամվել) Չաուշը, հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, բազում վճռորոշ մարտերի, այդ թվում` Սարդարապատի ճակատամարտի մասնակից: Պատմում են, որ նա թուրք եղեռնագործների ձեռքից մոտ հարյուր հայ աղջիկ է ազատել, որոնցից վերջինին վիճակված էր դառնալու նրա կինը` Մովսեսի տատը: Գաղթի ճանապարհները Մովսեսի նախնիներին տարան Կահիրե` Եգիպտոս: Պատմական Կիլիկիայից Մերձավոր Արևելք տարագրվեց նաև Մովսեսի մոր` Ադդարյանների տոհմը: Երկրորդ աշխարհամարտից հետո հարյուր հազարավոր հայրենակարոտ հայերի հետ Մովսեսի ծնողները եւս հայրենադարձվեցին Հայաստան: Եվ, սակայն, շատ շուտով պարզվեց, որ այդ հայրենիքը ամենեւին էլ այն «հյուրընկալ» երկիրը չէր, որտեղ այնքան փափագում էին ապրել ու արարել օտար հողում ծնված մեր հայրենակիցները, այլ խորհրդային անծայրածիր տերություն, որտեղ Հայաստանը ինքնիշխանությունից զուրկ, սոսկ անունը պահպանած մի աննշան տարածք էր: Եվ մի գիշեր այդ բյուրավոր կարոտաբաղձ հոգիները, իբրեւ խորհրդային հասարակության համար անցանկալի տարրեր, տեղահանվելով, վերստին բռնեցին բռնագաղթի ճանապարհը, այս անգամ դեպի խորհրդային տերության ծայր հյուսիս` Ալթայի երկրամաս: Ճակատագրի բերումով այնտեղ` Բառնաուլ քաղաքում իրենց կյանքը շաղկապեցին Մովսեսի ծնողները` Գեւորգը եւ Ալիսը, բնավորվեցին օտար ափերում, ունեցան զավակներ: Եվ սոսկ 50-ականների վերջերին Գորգիսյանների ընտանիքին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, հաստատվել Երեւանում, որտեղ եւ 1961թ. ծնվեց ընտանիքի կրտսեր զավակը` Մովսեսը: Վերադարձից հետո հայրը երկար չվայելեց հայրենի հողի վրա ապրելու բերկրանքը` մանուկ Մովսեսի հոգում թողնելով ազատ ու անկախ հայրենիքում տիրոջ նման ապրելու եւ արարելու անկատար փափագի ցավագին մորմոքը:

 

ԱՆՀԱՏԸ

Մնալով անհայր, կյանքի դառնությունները ցմրուր ճաշակելով` Մովսեսը վաղ հասունացավ եւ իր հասակակիցներից շատ ավելի տարիքով էր թվում թե՛ արտաքինով եւ թե՛ ի վերուստ տրված բացառիկ ունակություններով: Դեռ մանկուց աչքի էր ընկնում գերզգայուն, ընկալունակ, անչափ հետաքրքրասեր խառնվածքով. ամեն բան ձգտում էր ըմբռնել, իմաստավորել, ընդ որում` միանգամից եւ ամբողջությամբ, մինչև վերջին մանրուքը: Օժտված էր բարդ, հակասական, երկփեղկված ներաշխարհով. մի կողմից` արվեստագետի զգացմունքային, փխրուն հոգի, մյուս կողմից` կորովի, անկոտրում կամք, վճռականություն, սառը, բյուրեղյա դատողություն. հատկանիշներ, որոնք բնորոշ են ի ծնե առաջնորդին: Դեռ ավելին` առինքնող արտաքին եւ, առավել եւս, ներքին ուներ: Անհնար էր չդյութվել նրա հզոր ներուժով, ճշմարիտ հայրենասերի պաթոսով: Բնատուր հռետոր էր, ճարտասան` օժտված ախորժալուր, հուզաթաթավ ձայնով: Դյուրությամբ գրավում էր ունկնդրին, գերում էր, վարակում իր համար նվիրական, գերագույն գաղափարով` հայրենի երկրի ազատությամբ եւ անկախությամբ:

 

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

Գորգիսյան արվեստագետի բացառիկ օժտվածությունը, դերասանական անուրանալի տաղանդն ի հայտ եկան մանկուց` բուռն ու ինքնաբուխ եւ մեկընդմիշտ կանխորոշեցին նրա ստեղծագործական կյանքի հետագա ընթացքը: Պատանեկության տարիներին Մովսեսը շրջանային մշակույթի տանը գործող ասմունքի և թատերական խմբակների աչքի ընկնող սաներից էր, խաղում էր բոլոր բեմադրություններում, ասմունքում էր` գերապատվությունը տալով Պարույր Սեւակի ստեղծագործություններին: Ավարտում է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը. ձեռք բերում մասնագիտական հիմնավոր գիտելիքներ, կատարելագործում իր դերասանական վարպետությունը: Ուսանելու տարիներին եւ ապա Գորիսի դրամատիկական թատրոնում աշխատելիս Մովսեսը կերտում է բազում հիշարժան կերպարներ, բեմադրում մի շարք ներկայացումներ, այդ թվում` Ա. Պապայանի «Գնա մեռիր` արի սիրեմ»` խիստ ինքնատիպ եւ արվեստասեր հասարակայնության դրվատանքին արժանացած թատերախաղը: Ուսանող էր, երբ անվանի կինոբեմադրիչ Արման Մանարյանը հրավիրեց նկարահանվելու «Հող եւ ոսկի» կինոնկարում: Մովսեսի այս միակ եւ անչափ տպավորիչ կինոդերը առավել ցայտուն ուրվագծեց նրա դերասանական ներուժը…

 

ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ

Ազգանվեր գործունեության առաջին քայլերը Մովսես Գորգիսյանը կատարեց տակավին պատանի, դպրոցական տարիքում: Իր հասակակից մտերիմների հետ ստեղծելով մի փոքրիկ խմբակ` նա եռանդուն գործունեություն է ծավալում դպրոցում եւ շրջանային մշակույթի պալատում կազմակերպում զանազան միջոցառումներ, քարոզում մեր ժողովրդի պատմամշակութային արժեքները, մոռացության վիհից պեղում-հանում եւ հանրությանը ներկայացնում պատմության նշանավոր եւ, սակայն, խորհրդային արգելանքի տակ եղած գործիչներին. ազգային-ազատագրական պայքարի հերոսներին: Իսկ այն, որ ինքը լիովին պատրաստ է ընդհատակյա գործունեության, Մովսեսն ապացուցեց` գերազանց կատարելով Ազգային միացյալ կուսակցության առաջին իսկ առաջադրանքը, այն է` թռուցիկ ստեղծել եւ տարածել, ինչպես նաեւ մասերը հայթայթելով` տպագրական մեքենա հավաքել: Եվ 1979թ. փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ երդում տալով` Մովսեսը դարձավ ԱՄԿ-ի երդվյալ անդամ:

ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ1987թ. սկսվում է Գորգիսյանի քաղաքական գործունեության նոր փուլը: Իսկ երբ սկսվեց Արցախյան շարժումը, նա առաջին իսկ օրերից ակտիվ քարոզչական աշխատանք էր ծավալում բոլշեւիզմի սերմանած վախի բարդույթը ժողովրդի միջից արմատախիլ անելու, իր նվիրական երազանքի` Ազատ եւ Անկախ Հայաստանի գաղափարը հանրության մեջ տարածելու եւ ամրակայելու համար: 1988թ. մայիսի 28-ին՝ յոթանասունամյա ընդմիջումից հետո, Հայաստանում վերստին փողփողաց Եռագույն դրոշը: Իսկ այն հայ քաջորդին, որ հանդգնել էր ծածանել դրոշը, նա էր` Մովսես Գորգիսյանը: Թեեւ Մովսեսը երկու տարվա ընթացքում բազմիցս կալանավորվեց, այդուհանդերձ, մնաց անընկճելի` շարունակելով իր հասարակական-քաղաքական, իրավապաշտպանական, հրատարակչական եռանդուն գործունեությունը: Ակտիվորեն պայքարում էր քաղբանտարկյալների ազատության, մարդու իրավունքների վերահաստատման, ժողովրդավարության սկզբունքների ամրակայման եւ պահպանման համար: Այս առումով արժանահիշատակ են նրա հրատարակած «Մեղադրվում են» եւ «Ազատության ասպետը» ժողովածուները: Իր առինքնող, հմայիչ էության, անընկճելի ոգու, աննկուն կամքի ու հաստատակամության շնորհիվ Գորգիսյանը դարձավ առաջնորդ, կազմակերպիչ եւ, միաժամանակ, քաղաքական վայրիվերումների մեջ տարուբերվող խմբավորումներն ու հոսանքները համախմբող, շաղկապող երակ:

 

ԶՈՐԱԿԱՆԸ

Ինքնապաշտպանությունն ազգի սրբազան իրավունքն է. սա էր Մովսեսի հավատամքը, եւ երբ ստեղծվեցին կամավորական առաջին ջոկատները, Մովսեսը օգնում էր թե՛ գաղափարական, կազմակերպչական հարցերում եւ թե՛ սպառազինություն ու հանդերձանք հայթայթելու գործում:

1990թ. հունվարի 18-ին լուր ստացվեց, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի` Նախիջեւանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալները շրջակա տարածքի վրա իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ կային զոհեր ու վիրավորներ: Օրըստօրե առավել անհանգստացնող սպառնալիքը չեզոքացնելու համար ինքնապաշտպանական ջոկատները աճապարում էին դեպի Երասխավան: Շատերի հիշողության մեջ դեռեւս թարմ է եւ առանց հուզմունքի չեն կարողանում մտաբերել Մովսեսի կրակոտ ու ոգեշունչ խոսքը` մեկնելուց առաջ: Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ գործող ճակատային շտաբում բոլոր ջոկատների հրամանատարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ճշգրտվեց դիրքավորման, տեղաշարժերի, ջոկատների փոխհամաձայնեցված գործողությունների ծրագիրը: Բացվեց հունվարի 19-ի ցրտաշունչ, մառախլապատ առավոտը: Հայ մարտիկները թանձր մառախուղի քողի տակ մի քանի հաջող մարտական գործողություններ կատարեցին, որոնցից կարեւորագույնը, անկասկած, ադրբեջանական զինյալների համար հենակետ դարձած գինու գործարանի պայթեցումն էր: Ոչնչացվեց նաեւ թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեց մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Սակայն բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերից անընդմեջ շարունակվում էր մահասփյուռ գնդակոծությունը: Լռեցնել այն գրեթե անհնարին էր թվում, քանզի, նախ` ամենեւին դյուրին չէր կրակի տարափի տակ գրոհ ձեռնարկել, եւ ապա` թշնամին, թեւանցում կատարելով, կարող էր օղակի մեջ առնել գրոհող ջոկատը: Եվ, այդուհանդերձ, Մովսեսը վճռեց գրոհել. նրա ջոկատը, որ «սանրում» էր բլրալանջը, անսպասելիորեն ձուլվեց-անէացավ մառախուղի քուլաների մեջ, մի շնչով սուրաց բլուրն ի վեր եւ արծվի նման խոյահարեց թշնամուն: Վերջինս այդ հանդուգն քայլից անակնկալի գալով՝ խուճապահար նահանջեց: Մահասփյուռ կրակակետերը լռեցին: Սակայն, ճակատագրի կամոք, առհավետ ընդհատվեց նաեւ արծվի խոյանքը, Մովսեսն ընկավ: Ընկավ հաղթանակած` բարձունքի վրա եւ թաղվեց բարձունքի վրա` համայն հայության սրբավայրում` Ծիծեռնակաբերդում, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի հարեւանությամբ, վերածնության խորհրդանիշ հաղթասյուների հովանու ներքո. այնտեղ, որտեղից սկսել էր իր ազգանվեր գործունեությունը, որտեղ երդվել էր կյանքը նվիրաբերել հանուն հայրենի երկրի ազատության ու անկախության…

 

ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Ճակատագրեր


06/12/2019