ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Նոյեմբերի 22-ին Մոսկվայի ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում կայացավ 5-րդ միջգերատեսչական գիտագործնական համաժողովը, որը նվիրված էր ՌԴ պաշտպանության ոլորտում խնդիրների լուծման միջգերատեսչական տեղեկատվական փոխազդեցության համակարգին: Համաժողովին առաջին անգամ հրավիրված էին նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները:
Համաժողովի ընթացքում քննարկվել են Ռուսաստանում ստեղծված պաշտպանական համակարգի խնդիրների լուծման արդյունավետ միջգերատեսչական տեղեկատվական փոխազդեցության համակարգին առնչվող հարցեր: Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են տարեցտարի ռազմավարական զորավարժություններում արդյունավետությունն ապացուցած տեղեկատվական համակարգի գործառույթներն ու գործիքակազմի առանձին բաղադրիչներ: Անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխանակման խնդիրներին:
Ռազմական գիտությունների թեկնածու, գնդապետ Արտակ Կոստանյանը Հայաստանը ներկայացնող աշխատանքային խմբի ղեկավարն էր: Նրա խոսքով` այս համաժողովը լավ հնարավորություն էր` ծանոթանալու մեր տարածաշրջանում պաշտպանական գերատեսչությունների տեղեկատվական ղեկավարման արդի համակարգերի զարգացման հեռանկարներին: «Համաժողովը նվիրված էր ՌԴ միասնական տեղեկատվական դաշտում կառավարման սկզբունքներով գործող կենտրոնի աշխատանքներին, որն իր մեջ ներառում է ամբողջ ՌԴ և հարակից պետությունների տարածքը: Մեր ուշադրությանը ներկայացվեց այն հսկողական գործիքակազմը, որով իրականացվում է զորքերի կառավարումը, մասնավորապես՝ տեղեկատվական դաշտի տեղեկությունների փոխանցման կարգը: Համակարգը կոչվում է «Ճգնաժամային արձագանքման կենտրոն», որն աշխատանքը կազմակերպում է հրամանատարին որոշումներ կայացնելու համար ելակետային ամբողջ տեղեկատվությամբ ապահովելու սկզբունքով: Նշանակվում է «հերթապահ գեներալ», որն էլ որոշումներ է կայացնում ցանկացած տարածաշրջանային մասշտաբի ճգնաժամային իրավիճակի, այդ թվում նաև` տարերային աղետների դեպքում ռազմական միջոցներ կամ ուժեր տրամադրելու վերաբերյալ: Ի դեպ, ՀՀ տարածքում տեղակայված ռազմաբազան ամբողջությամբ ընդգրկված է այդ համակարգում, և որպես ՀԱՊԿ անդամ պետություն` մենք ներկայումս ուսումնասիրում, վերլուծություններ ենք անում»:
Համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են ՌԴ տարբեր տարածաշրջանների՝ երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը նպաստող՝ տեղեկատվական ղեկավարման, այդ թվում նաև՝ ճգնաժամային իրավիճակներում տեղեկատվական հոսքերի կառավարման լավագույն փորձը ներկայացնող ցուցանմուշները:
ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, մասնակցություն են ցուցաբերել ցուցահանդեսին` ներկայացնելով երկու բաղադրիչից կազմված` հայրենական ռազմարդյունաբերության ցուցանմուշների ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում տվյալ երկրի ներդրումն արտացոլող տաղավարները: ՀՀ ԶՈՒ երկու տաղավարներում ներկայացվել են նաև ցուցադրություններին նվիրված տեսաֆիլմեր, որոնք բարձր գնահատանքի են արժանացել ՀԱՊԿ դաշնակից երկրների ներկայացուցիչների կողմից:
Հայրենական ռազմարդյունաբերության առաջատարների արտադրանքի ցուցադրությունը կազմակերպած գնդապետ Կոստանյանը նշեց, որ տաղավարում ներկայացվել են հայրենական արտադրության ցուցանմուշներ, մասնավորապես` «Օրբիտ Ա» ՓԲԸ ընկերության արտադրած հետախույզի գիշերային տեսանելիության դիտակներ, պանկրատիկ օպտիկական նշանոցներ, լազերային քանոնով կոլիմատորներ, «Արագած» ՍՊԸ ջերմատեսիլ օբյեկտիվներ, գերմանիումի ոսպնյակներ, «Դ.Վ.Բ.-Կոնարկ» ՍՊԸ մետաղորսիչներ, «Էլեկտրոն» ԲԲԸ արտադրության ականորսիչներ, ուսումնական ականներ, «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ ՀՕՊ ՄՋ-25 սանտիմետրային X և S տիրույթների ռադարներ (մակետներ), «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ արտադրած կոշտ բալիստիկ ներդիրներ: Այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացրել բարձրաստիճան սպաների, ՌԴ նախարարությունների և վարչությունների, մարզային գործադիր մարմինների և պետական հիմնարկների ներկայացուցիչների շրջանում: Հետաքրքրության կենտրոնում են եղել ՀՀ արտադրության ջերմատեսիլ և հեռուստատեսային սարքավորումները: «Նման մասշտաբի միջոցառումներին մասնակցության փորձը ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիաների առումով մենք բնավ չենք զիջում առաջատար երկրներին, իսկ մասնավորապես օպտիկական սարքավորումների մասով՝ մեր արտադրանքը լիարժեք կերպով մրցունակ է»,- ասաց գնդապետը:
Համաժողովի շրջանակում հատուկ ուշադրության արժանացավ նաև ցուցադրության մյուս բաժինը` ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի կազմակերպած «ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ.» թեմատիկ տաղավարը: Թանգարանի տնօրենի տեղակալ Լիլիա Առուշանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սա ՀԱՊԿ շրջանակներում առաջին մեծամասշտաբ ցուցադրությունն էր, որին մասնակցելը մեզ համար շատ կարևոր էր, հատկապես փորձի փոխանակման և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով»:
Հայաստանի Հանրապետության պատմական բաժնի տաղավարում ներկայացվել են հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, հայազգի մարշալների և հերոսների մարտական ուղին և գործած սխրանքները, ինչպես նաև Հայկական ազգային դիվիզիաների անցած մարտական ուղին: «Պետք է նշել, որ ՀԱՊԿ և ՌԴ բարձրաստիճան սպաները` ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ՀՀ տաղավարի թանգարանային նմուշներին,- ասաց Լիլիա Առուշանյանը,- Ս. Շոյգուին հետաքրքրեց հատկապես այն փաստը, որ 89-րդ Հայկական Թամանյան Կարմրադրոշ դիվիզիան Կարմիր բանակի ազգային դիվիզիաներից միակն էր, որ մասնակցել է Բեռլինի գրավման գործողությանը»:
Տաղավարի «այցելուների» շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև ծովակալ Ի.Ս. Իսակովի ուսադիրները, քանի որ, ինչպես հայտնի է, Խորհրդային Միության նավատորմի ընդամենը երեք ներկայացուցիչ են բարձրագույն այս կոչմանն արժանացել` Ս.Գ. Գորշկովը, Ն.Գ. Կուզնեցովը և մեր հայրենակիցը:
Ինչպես ընթացքում արձանագրել են մասնագետները, ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանը ներկայացրել է թանգարանային յուրօրինակ ցուցադրություն` բովանդակային ճիշտ շեշտադրումներով և ցուցանմուշների պատմական հագեցվածությամբ:
«Հարկ է նշել նաև,- ասաց գնդապետ Կոստանյանը,- որ այս միջոցառումը շատ կարևոր էր ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական գիտության և ռազմարդյունաբերության հեռանկարային զարգացման միտումները տեղայնացնելու, ինչպես նաև միջթանգարանային նոր կապերի հաստատման, փորձի փոխանակման և նոր համատեղ համաժողովներ ու ցուցադրություններ կազմակերպելու տեսանկյունից: Նմանատիպ միջոցառումների շնորհիվ մեր պետությունը նաև իր ռազմարդյունաբերական ու գիտական ներուժով առավել ճանաչելի է դառնում դաշնակից պետությունների շրջանում: Առավել արդյունավետ ու անմիջական է դառնում նաև հայրենական գիտաշխատողների, ձեռներեցների և բարձրաստիճան սպաների միջև շփումն ու համագործակցությունը, իսկ գիտագործնական համաժողովում բարձրաձայնված տեսակետները թույլ են տալիս առկա խնդիրներին մոտենալու այլ դիտանկյունից և պայմաններ են ստեղծում հետագա բազմակողմ հետազոտությունների համար»:
5-րդ միջգերատեսչական գիտագործնական համաժողովին ելույթներով հանդես են եկել մի շարք բանախոսներ: Մասնավորապես՝ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Մ. Միզինցևը ներկայացրել է ՌԴ պաշտպանության շրջանակներում 5 տարվա միջգերատեսչական համագործակցության համակարգի զարգացման արդյունքներն ու հեռանկարները: Տուլայի մարզպետ Ա. Դյումինն իր հերթին ներկայացրել է Տուլայի մարզի տարածաշրջանային կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքները: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ա. Սիդորովը խոսել է ՀԱՊԿ «Ճգնաժամային արձագանքման կենտրոնի» և միջպետական տեղեկատվական համագործակցության համակարգի ՀԱՊԿ ձևաչափի ստեղծման հնարավորությունների մասին: Համաժողովում եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս. Շոյգուն, որը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին` կարևորելով ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցությունը և նշելով, որ նրանց մասնակցության շնորհիվ համաժողովը միջգերատեսչական ձևաչափից միջպետականի վերածվեց:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական