Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ



Հրաձգային զենքի ի հայտ գալու առաջին իսկ օրից զինվորները կամեցել են կրակել շատ դիպուկ: Ի վերջո բազմազան միջոցների փնտրտուքը հանգեցրել է օպտիկական նշանոցի ստեղծմանը, որ արդեն 1800-ականների վերջերից լայնորեն կիրառվում էր: Անգլիացի փորձառու որսորդներից կազմված առաջին դիպուկահար ստորաբաժանումները սկզբում, բացի դիպուկ կրակելուց, այլ բան չէին անում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ միայն դիպուկ կրակը բավական չէ: Ժամանակի հետ դիպուկահարի մասնագիտությունը դարձավ լուրջ մարտարվեստ, որը պահանջում է բազում յուրահատուկ հմտություններ:

Դիպուկահարը (սնայպեր)` հատուկ մարտական պատրաստություն ստացած զինվոր է, որ ունակ է դիպուկ կրակել և հմտորեն կողմնորոշվել մարտական իրադրությունում: Նա «որսորդ» է, իսկ որսորդը պարտավոր է աննկատ ու համբերատար լինել, ինչը կարևոր պայման է վերջինիս համար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դիպուկահարների կիրառությունը լայն թափ ստացավ և հետզհետե ձեւավորեց իր պարտադիր կանոնները: Այնուհետեւ, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ԱՄՆ-ում ստեղծվեցին բացառիկ զենքեր, փամփուշտներ, ինչպես նաև բացառիկ սարքավորումներ, նշանոցներ և այլն:

Վիետնամական պատերազմի ժամանակ գործածության մեջ դրվեցին բացառիկ բալիստիկ փամփուշտներ, խոշոր տրամաչափի դիպուկահարներ, բազմազան նշանոցներ և այլ հնարանքներ, որոնց շնորհիվ դիպուկահարի գործունեության արդյունավետությունն ու հմտությունները է՛լ ավելի զարգացան: Ամերիկյան դիպուկահար Կ.Հեսկոկը դարձավ այս պատերազմի լեգենդներից մեկը, նրա կատարած բազում սխրագործություններից մեկն էլ մոտ 2300 մ հեռավորությունից հակառակորդի զինվորին խոցելն էր: Ամերիկացիները այս գործը և դրա գովազդը բարձրացրին որակական մի նոր աստիճանի: Եվ ներկայումս ամերիկյան, գերմանական, ֆիննական և այլ երկրների ընկերություններն ու զինվորականները ժամանակակից դիպուկահար հրացանները գրեթե հասցրել են կատարելության: Այժմ դիպուկահար հրացանները ունակ են թիրախը խոցել մինչև 3000 մ հեռավորության վրա:

Դիպուկահար հրացանների լավագույն տասնյակը կազմելիս առաջնորդվել ենք մի քանի սկզբունքներով` դիպուկություն, հեռահարություն, տարածվածություն, կիրառություն և այլն:

1. CheyTac M-200, .408 Magnum
Տեսակը – Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Երկիրը – ԱՄՆ
Ընկերությունը – CheyTac LLC
Տարեթիվը – 2001-ից մինչ օրս
Փամփշտակալը – 5 փամփուշտ
Քաշը – 12.3 կգ (առանց նշանոցի)
Երկարությունը -1220/1400մմ հենակի բացման դեպքում
Փամփուշտ – .408 Cheyenne Tactical (10,3ճ77 մմ), .375 CheyTac (9,5ճ77 մմ)
Աշխատանքի մեխանիզմը – Սահող փակաղակ, առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը – 2000-2500 մ


2. Barrett M99

Տեսակը – Խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան
Երկիրը – ԱՄՆ
Ընկերությունը – Barrett Firearms Company
Տարեթիվը – 1999 թ.
Փամփշտակալը – 5 փամփուշտ
Փողի երկարությունը – 813, 737, 635 մմ
Քաշը – 11.34 կգ (առանց նշանոցի)
Երկարությունը -1280 մմ
Փամփուշտ – .50 BMG (12,7ճ99 մմ), .416 Barrett (10,5ճ83 մմ)
Աշխատանքի մեխանիզմը – Սահող փակաղակ, առանց ինքնալիցքավորման
Խոցման հեռավորությունը – 2600 մ

Բազմաթիվ կրակողների համար 500 մ հեռավորությունը համարվում է նորմալ, իսկ լավ օպտիկական նշանոցի առկայության դեպքում 1000 մ արդեն իսկ բավարար հեռավորություն է: Մինչդեռ CheyTac M-200, .408 Cheyenne Tactical (10,3ճ77 մմ)-ի համար սա ընդամենը նվազագույն հեռավորություն է: CheyTac M-200-ը ամերիկյան Mcmillan Bros ընկերության խոշոր տրամաչափի (որոշ երկրներում խոշոր է համարվում սկսած 12,7 մմ-ից) դիպուկահար հրացան է, որը ստեղծվել է 2001 թ. և մինչ օրս զարգացման փուլում է: Իր մրցակիցներից այն առանձնանում է խոցման հեռահարությամբ և ճշգրտությամբ: Այս բացառիկ զենքի հիմնական առանձնահատկությունը նրա հազվագյուտ փամփուշտն է` .408 Cheyenne Tactical (10,3ճ77 մմ)-ը, որը յուրահատուկ գերճշգրիտ բալիստիկայով և բծախնդրությամբ պատրաստված մարտապաշար է: Նշենք, որ աշխարհում ամենահեռու տարածության վրա խոցված թիրախը պատկանում է այս զենքի «կրտսեր եղբորը»` CheyTac M -50-ին:

2002 թ. Աֆղանստանում ամերիկյան զորքերի կողմից իրականացվող «Անակոնդա» ռազմագործողության օրերին կանադացի դիպուկահար Ռոբերտ Ֆառլոնգը 2430 մ հեռավորության վրա կարողացել է խոցել հակառակորդի դիպուկահարին: CheyTac M -200-ը ավելի կատարելագործված տեսակ է: Իսկ .408 Cheyenne Tactical (10,3ճ77 մմ) տրամաչափի փամփուշտի առկայության դեպքում այն ավելի յուրահատուկ է դառնում: CheyTac M -200-ը իր հետ ունի տարածաչափիչ և բալիստիկ համակարգիչ, որի օգնությամբ դիպուկահարը հնարավորություն ունի չափելու քամու արագությունը, երկրի ձգողական ուժը, պտույտը, տարածքի ջերմաստիճանը և այլն, ինչն ավելի է մեծացնում թիրախի խոցման հավանականությունը: CheyTac ընկերությունն ունի դիպուկահարների կատարելագործման հատուկ համակարգ: CheyTac LRRS հեռուն խոցող դիպուկահար զենքի համակարգը հատուկ ստեղծվել է հեռու տարածություններում «փափուկ» թիրախներ (soft targets, ամերիկյան աֆորիզմ, նշանակում է մարդ, ահաբեկիչ, հանցագործ) խոցելու համար: Ընկերությունն ստեղծել է հատուկ .408 տրամաչափի փամփուշտ Cheyenne Tactical 408: Վերջինս ունի հատուկ կառուցվածք և ձև, ինչի շնորհիվ ունի բավական մեծ բալիստիկ արդյունավետություն և պահպանում է գերձայնային արագությունը 2000 մ-ից ավելի հեռավորության վրա (ձայնի արագությունը 320-345 մ/վ): Ընդ որում` 700 մ-ից ավելի հեռավորության վրա .408 Cheyenne Tactical տրամաչափի փամփուշտի էներգիան ավելի մեծ է քան .50 BMG (12.7 մմ Browning)-ը, բացի այդ .408 տրամաչափի փամփուշտը 30%-ով ավելի թեթև է քան 12.7 մմ-ը: 1830 մ-ը 27.2 գրամանոց .408 Cheyenne Tactical-ը անցնում է 3 վայրկյանում, ինչը 1 վայրկյանով ավելի արագ է, քան 12.7 մմ կշռողը: CheyTac Associates ընկերության տեղեկությունների համաձայն` M-200-ը .408 տրամաչափի փամփուշտով ապահովում է թիրախի ճշգրիտ խոցում 2000-3000 մ հեռավորության վրա:

Կան նաև այլ տեսակի զենքեր, մասնավորապես` կարելի է առանձնացնել M-310-ը, որը նույնպես գերճշգրիտ զենք է համարվում: Այս դիպուկահարին թե՛ արտաքնապես և թե՛ հնարավորություններով շատ նման է ռուսական հըխ-ը: Վերջինս գրեթե ոչնչով չի տարբերվում M-310-ից և կարելի է ասել, որ նրա ռուսական տարբերակն է: CheyTac M -200 այս բացառիկ զենքը իր գերճշգրիտ դիպուկության, հեռահարության, ինչպես նաև գործածության հարմարավետության համար մեր տասնյակում արժանիորեն գրավում է առաջին պատվավոր հորիզոնականը:

Barrett M99-ը ամերիկյան Barrett Firearms ընկերության վերջին նորամուծություններից է: Դիպուկահարը առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1999 թ., որով 2001 թ. սահմանվել է ռեկորդ: 1000 մ հեռավորության վրա 10 սմ տրամաչափի թիրախը M99-ը 5 փամփուշտով խոցել է 5 անգամ: Այս ռեկորդը տպավորել է բազմաթիվ երկրների ներկայացուցիչների: M99-ը տարբերվում է Barrett-ի հիմնական տեսակից: 4սմ-ով երկարացված է փողը, թեև կա նաև M99-1 տարբերակը, որի փողը նույն երկարության է: Վերջինս հիմնականում նախատեսված է քաղաքային պայմաններում առաջադրանքներ կատարելու համար, երբ հեռավորությունը անհամեմատ փոքր է, բայց պահանջվում է հզորություն և դիպուկություն: Օրինակ` մեքենաների կամ հանցագործների շարքից դուրս բերում, որոնք գտնվում են ապաստարանում և հասանելի չեն սովորական դիպուկահարին:

M99-ը ունի նաև մի շարք այլ տարբերություններ Barrett-ի նախորդ 12.7 մմ տրամաչափի տեսակների (M82A1, M107 և M95) համեմատ: Նախ` Barrett M99-ը միալիցք հրացան է, ամեն կրակոցից հետո անհրաժեշտ է կրկին լիցքավորել, եւ երկրորդ` M99-ի փողային տուփը ամբողջովին ալյումինե ձուլվածք է, մինչդեռ M82A1 և M95-ներինը երկաթից են և բաղկացած են երկու մասից: M99-ի փակաղակը ունի փոքր-ինչ այլ կառուցվածք: Նշենք նաև, որ վերջինս ունի մեկ այլ առավելություն ևս: Barrett M99-ը ունի 416 մմ տրամաչափի փամփուշտ, որը ունի որոշակի առավելություններ 12.7 մմ-ի համեմատությամբ: Այն ավելի թեթև է և ունի ավելի ճշգրիտ բալիստիկա: Այս տրամաչափի փամփուշտները օգտագործվում են հիմնականում 2000-2600 մ տարածության վրա թիրախներ խոցելու համար: Հենց այս փամփուշտով նշված հրացանը վերածվում է գերճշգրիտ համակարգի եւ իր հզորության ու դիպուկության համար մեր տասնյակում գրավում է երկրորդ հորիզոնականը:

Շարունակելի

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ռազմական


26/10/2011