Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԱՄՆ ՌՕՈՒ փորձագիտական կենտրոնի տարածած տեսանյութում անհայտ օբյեկտը շարժվում է 2950 մ/վ արագությամբ։

Տեսանյութում չի նշվում, թե ինչ օբյեկտ է սլանում էդվարդս ավիաբազայի փորձադաշտում։ Սակայն փորձագետները նշում են, որ համակարգը պատկանում է գերձայնային հրթիռների դասին, որոնք այժմ ակտիվ մշակվում են ԱՄՆ-ում։

Այս ոլորտում արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխատանքներ են տանում համաշխարհային խոշորագույն գերտերությունների զինված ուժերը։

 

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԱմերիկյան ռազմաօդային ուժերը առաջադրել են հակառակորդի ՀՕՊ միջոցների առավել նվազ  ծախսով ոչնչացնելու բանաձևը։ Արևմտյան գերտերությունը հայտարարել է «Գորշ գայլ» նախագծի փակման մասին. նոր և խոստումնալից ծրագիրը ստացել է «Ոսկե Հորդա» անվանումը։ Այն հատուկ մասնագիտացված խոցման միջոցից անցնում է ցանցային համակարգի, որտեղ համատեղ ու ներդաշնակ «կգործեն» ամերիկյան ԶՈւ կազմում առկա բոլոր կառավարվող ռումբերն ու հրթիռները։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինման նախագծերի պատասխանատու Էնտոնի Ջենատեմպոյի խոսքով՝ այդ համակարգի կիրառումը հնարավորություն կտա կրճատել ռեզերվային հրթիռների կիրառումը։ Այսպես՝ առաջին իսկ հրթիռով նշանակետը խոցելու դեպքում երկրորդը, որը հետևում էր առաջինին, կարող է փոխել ուղղությունը եւ ոչնչացնել հաջորդ թիրախը կամ փնտրել ու գտնել նոր նշանակետ։

Նման գործելաոճը ոչ միայն հնարավորություն կտա բազմակիորեն ավելացնել ՌՕՈՒ արդյունավետությունը և խնայողություն անել, այլև կկրճատի որոշումների կայացման համար անհրաժեշտ ժամանակը։

Ծրագրվում է փորձարկումն անցկացնել նախ SDB 1 և 2 ռումբերի և JASSM ընտանիքին պատկանող հրթիռների կիրառմամբ։

 

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻրանի ռազմածովային ուժերն անցել են սեփական մշակման «Ջասկ» թևավոր հրթիռների զանգվածային արտադրությանը։

Այս մասին հաղորդել է հարևան պետության ռազմածովային ուժերի հրամանատար,  փոխծովակալ Հոսեյն Խանզադին։ Նրա խոսքով՝ նոր հրթիռներով սպառազինված են լինելու նաև ռազմածովային ուժերի կազմում գործող սուզանավերը։ Ավելին՝ սպասվում է, որ առկա հրթիռների խոցման հեռահարությունը զգալիորեն ավելի մեծ կլինի։

Նախատեսվում է բազմակիորեն ավելացնել սուզանավերի  հրթիռային սպառազինության տեսականին։

Ցուցադրվել է նաև հայտնաբերման և տեղորոշման իրանական «Սորեն» համակարգը, որը հնարավորություն կտա իրանական սուզանավերին հետևելու իրենց թիրախների տեղաշարժին` առանց համաշխարհային տեղորոշման GPS համակարգի կիրառման։

 

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՄոտ ապագայում Չինաստանը կսկսի իր 7-րդ ավիակրի կառուցումը։ Նոր ավիակիրը ստացել է Տայպ  003 կոդային անվանումը։ Ծովային հսկայի ջրատարողությունը 100 հազար տոննա է: Նոր նավը սպառազինված է լինելու ոչ միջուկային ուժային համակարգով։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա բազմակիորեն պարզեցնելու նավի արտադրությունը և կրճատելու ծախսերը։

Հավելենք, որ այժմ Չինաստանի ռազմածովային ուժերի շարքում ծառայություն է անցնում «Լյաոլին» ավիակիրը, որը գնվել էր ՈՒկրաինայից՝  անկատար վիճակում։ Երկրորդ նավն արդեն ամբողջությամբ չինական արտադրության է և մինչեւ տարեվերջ կանցնի մարտական ծառայության։

Այս ամենին զուգահեռ, Չինաստանի ռազմածովային ուժերը մեծ ծավալի աշխատանք են իրականացնում Տայպ 075 դասի ուղղաթիռակիրների կառուցման ուղղությամբ։ Դրանք շատ ընդհանրություններ ունեն ամերիկյան դեսանտային Վասպ նավերի հետ։ Առաջին Տայպ 075-ն  արդեն անցել է մարտական ծառայության։

Չինական ռազմածովային ուժերը մեծ ծավալի աշխատանք են տանում նաև ռազմածովային ուժերի համար կործանիչների ստեղծման ուղղությամբ։ Տայպ 055 կոդային անվանումով նավերը փայլել են իրենց հնարավորություններով Չինաստանի ռազմածովային ուժերի 70-րդ տարեդարձին նվիրված շքահանդեսի ժամանակ։

Չինական ռազմարդյունաբերությունը նորանոր բարձունքներ է նվաճում։ Արտադրության բարձր արագությունը, որն այս պահին թերևս անգերազանցելի է, նոր համակարգերի բազմամոդելայնությունը, արտադրության համեմատաբար ցածր արժեքը, օր օրի հանգեցնում են չինական ռազմական մեքենայի հզորացմանը։

 

Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Ռազմական


13/12/2019