Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸ



ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸԱրցախյան գոյամարտի լեգենդար հերոսներից մեկն է Դավիթ Սարապյանը՝ Դեւը

 

Բնությունը շռայլորեն օժտել էր Դավիթին՝ բազմագիտակ էր,  հրաշալի  նկարում էր, բանաստեղծություններ ու պատմվածքներ գրում, փայլուն ապագան կարծես թե  կանխորոշված էր, բայց  երբ վտանգվեց հող-հայրենին, Դավիթը գրիչը փոխարինեց զենքով, ու կյանքն այդքան սիրող  երիտասարդը կյանքը նվիրաբերեց հայրենիքին։

Ընդամենը 25 տարեկան էր, ապրած  կյանքը՝ հերոսապատում…

Դավիթը կռվել է Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակում», ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում,  մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար, Էրքեջ գյուղերի, Գետաշենի, Հադրութի շրջանի ինքնապաշտպանական մարտերին:

Ադրբեջանցիները նրան իր ուժի, անսահման խիզախության  համար «Ահեղ Դև» էին անվանում։

Հերոս քաջորդին զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին:

Օրերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գրքերի շնորհանդես էր ՝ նվիրված Դավիթ Սարապյանի պայծառ հիշատակին։

Միջոցառումը կյանքի էր կոչվել «Դավիթ Սարապյան» նախաձեռնության  և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ։

Դավիթ Սարապյանի կյանքն ու պայքարն ամփոփող «Մեր օրերի Դավիթը» գիրքը լրագրող Էվելինա Մելքումյանի 2006թ. «Նաիրի» հրատարակչությունում լույս տեսած՝ «Давид Сарапян. Жизнь, творчество, борьба» ռուսերեն երկմաս աշխատության առաջին՝ կենսագրական մասի հայերեն վերահրատարակությունն է՝ հագեցած նոր լուսանկարներով, նյութերով ու վկայություններով:

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸՄյուս գրքում էլ՝ «Երեք հարյուր վայրկյան», ռուսերեն բնագրից թարգմանաբար ներկայացված են Դավիթ Սարապյանի  գրական ստեղծագործությունները (Դավիթը ստեղծագործել է ռուսերեն, թարգմանիչ՝ Մերի Կարապետյան)՝ «Երեք հարյուր վայրկյան» կինոսցենար-վիպակը, պատմվածքներ եւ համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ  արքա» սցենարը (վերջինս Դավիթն ընկերոջ խնդրանքով գրել է մեկ գիշերվա ընթացքում, քանի որ առավոտյան կրկին ճակատ պետք է մեկներ: Այդ սցենարը Լոնդոնում առաջին մրցանակի է արժանացել):

Հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվեց Դավիթ Սարապյանի կյանքը՝ Դավիթ մտավորականը, Դավիթ զինվորը, Դավիթ հերոսը…

Միջոցառմանը տեսաուղերձով ներկաներին իր օրհնանքը հղեց Արցախի թեմի  առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Ցուցադրվեց նաև Ցվետանա Պասկալևայի՝ Դևին նվիրված ֆիլմը։

Միջոցառմանը ներկաներից    շատերը  հուշեր պատմեցին հայրենապաշտ երիտասարդի մասին, ամեն պատում մի նոր երանգ էր ավելացնում հերոսի  լուսավոր   եւ առինքնող կերպարին։

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸԳեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի  բնութագրմամբ՝ Դավիթն օժտված էր մարտական ու մարդկային հազվագյուտ հատկություններով,  նա մարտի դաշտում  մշտապես ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները, միշտ առջեւում էր։  Կոմանդոսը հիացած  է նրա ռազմական տաղանդով։ «Դավիթը  զինվորական չէր, բայց ինձ զինվորական դաս տվեց: ԻՆքն  ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակելու ռազմավարական բարդ, հանդուգն գործողությունները, որոնց իրագործումն անհնարին էր թվում, բայց նա հաջողությամբ իրականացնում էր»։

Ազատամարտիկի ռազմական  բնատուր տաղանդի եւ  գրական  ստեղծագործությունների արժանիքների  մասին   խոսեց նաեւ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը:

-Արժանի լինենք Դավիթին եւ նրա նման հերոսական կերպար ունեցող  մեր մյուս նվիրյալներին,- հորդորեց- պատգամեց Անահիտ Բախշյանը։

-Հերոսների հիշատակը վառ պահելը ողջերիս սրբազան պարտքն է։ Պարտավոր ենք փշուր առ փշուր հավաքել ու վերականգնել  նրանց լուսավոր կերպարները, պարտավոր ենք խոսել, գրել, պատմել նրանց մասին՝ հիշելով,  որ հերոսների մեծարումը վաղեմության ժամկետ չունի,- նշեց  գրքի հեղինակ Էվելինա Մելքումյանը։

Միջոցառման ավարտին «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրեց գրքերի 50-ական օրինակ՝ զորամասերի գրադարաններին փոխանցելու։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Հոգևոր-մշակութային


13/12/2019