Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ



ՏԱԹԵՎ

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Տաթևի վանքը կառուցող ճարտարապետի մասին պատմում են, որ երբ նա ավարտելով իր գործը, հասնում է վանքի գմբեթին, վերևից ցած է նայում և տեսնելով ձորի ահավոր խորությունը, սարսափահար սկսում է մտածել, թե ինչպես է ինքը ներքև իջնելու: Ստիպված նա դիմում է Աստծուն և նրանից թևեր խնդրում, որպեսզի թռչի, անցնի ձորի մյուս կողմը: Լսելով ճարտարապետի խնդրանքը՝ Աստված թևեր է տալիս նրան, որոնցով նա թռչում, գնում է հեռու աշխարհներ: Ճարտարապետի անհետանալուց հետո ոչ ոք չի իմանում, թե ինչպես պետք է հանել այն գերանները, որոնց վրա հենված էր վանքի կամարակապ գմբեթը: Գնում են ճարտարապետին փնտրելու և երկար որոնումներից հետո գտնում են նրան մի հեռավոր վայրում: Բայց ճարտարապետը հրաժարվում է վերադառնալ: Իմանալով փայտամածը հանելու եղանակը, գյուղացիները վերադառնում են եկեղեցու մոտ, հանում են փայտերը և վանքի անունը դնում են  Տաթև (տա թև)՝ ի հիշատակ այն թևերի, որ տվել էր Աստված եկեղեցու ճարտարապետին:

 

ՄՀԵՐԻ  ԴՈՒՌ 

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Ամեն տարի Համբարձման և Վարդավառի գիշերը Վանա միջնաբերդից ոչ հեռու գտնվող Ագռավու քարը բացվում է, Մհերը դուրս է գալիս քարանձավից, փորձում է հողի ուժը և համոզվելով, որ այն չի կարող դիմանալ իր ծանրությանը, վերադառնում է հետ:

Մի անգամ մի հովիվ տեսնում է, որ ժայռը բացվել է, բայց Մհերը դուրս չի գալիս: Նա հարց է տալիս, թե ե՞րբ պետք է դուրս գա: Մհերը ներսից պատասխանում է, թե դուրս կգա այն ժամանակ, երբ ցորենի հատիկն ավելի խոշոր կլինի, քան ընկույզը, և երբ գարին ավելի խոշոր կլինի, քան մասուրը:

♦♦♦

Երբ Ագռավու քարում Աստծու հրամանով փակվել են Մհերն ու իր ձին, այստեղ է կուտակվում աշխարհի ոսկին և մարդկանց բախտը գուշակող ճախրի ֆալակը (բախտի անիվ): Ասում են, թե երբ այդ անիվը դադարի պտտվելուց, Մհերը դուրս է գալու և ավերելու է աշխարհը:

Ամեն տարի Համբարձման գիշերը, երբ համբուրվում են երկինքն ու երկիրը, բացվում է Մհերի դուռը: Իսկ ով, որ տեսել է դա, կատարվել է նրա սրտի ուզածը: Մի քանի ագահ մարդիկ ներս են մտել Մհերի դռնից և փորձել են, ինչքան հնարավոր է, շատ ոսկի վերցնել քարայրից:

Ագահության պատճառով նրանք ուշացել են դուրս գալ, դուռը ծածկվել է, և նրանք մնացել են ներսում:

 

ՂԱՐԱՔԻԼԻՍԱ

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Թուրքերը գրավելով Հայաստանը, ասպատակում են և այս գյուղը: Տղամարդիկ համառորեն դիմադրում են թշնամուն: Թուրք փաշան կատաղում է և հրամայում՝ բոլոր տղամարդկանց լցնել գոմն ու այրել, իսկ եկեղեցին էլ դարձնել զորանոց: Գիշերը, երբ թուրք զինվորները քնած են լինում եկեղեցում, գյուղացիները փակում են դռները և կրակի են տալիս գյուղի եկեղեցին: Զինվորների աղմուկ-աղաղակից արթնանում է թուրք փաշան և տեսնելով այրվող եկեղեցին, բացականչում է. «Ղարա քիլիսա, ղարա քիլիսա» (սև եկեղեցի), և թիկնապահների հետ հեռանում է այդտեղից: Դրանից հետո գյուղի անունը մնում է Ղարաքիլիսա (սև եկեղեցի):

 

 

ՎԱՅՈՑ  ՁՈՐ

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է այս գավառի արոտները: Ամբողջ ամառը նա լավ կերակրում է իր հոտերը: Վրա է հասնում խիստ ձմեռը: Վախեցած իշխանը կարգադրում է անասուններին քշել տաք վայրերը: Սարերից իջնելիս մի ձորաբերանի մոտ գիշերով բուք է սկսվում: Անասունները կոտորվում են, մի մասը խեղդվում, մի մասն էլ սովից սատկում են: Իրար հետևից հիվանդանում և մահանում են նաև իշխանի հարազատները, իսկ հովիվներն ու նախրապանները փախչում են: Ձորաբերանին մնում են միայն իշխանն իր հիվանդ կնոջ հետ: Կորցնելով փրկվելու ամեն մի հույս՝ իշխանը գլխին է տալիս և նայելով շրջապատի խոր ձորերին, աղաղակում է. «Ա՜խ, վա՜յ ձոր, վա՜յ ձոր»: Այդ օրվանից էլ այս գավառի անունը մնում է Վայոց ձոր:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Հոգևոր-մշակութային


13/12/2019