Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ



ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ«Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի՛ մոռացեք այդ: Արարե՛ք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության»:

 

19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, ձեռնարկատեր և մեկենաս, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Ավարտել  է Շուշիի  ծխական դպրոցը:

Արամյանցը եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն ու վարչության անդամը, Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Արամյանցը հուղարկավորվել է Թիֆլիսի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը, ոչնչացվել են…

 

Միքայել Արամյանցի առաջին բարեգործությունը

Աշխատելով ժամանակի հայտնի առևտրական Թարումանյանի մոտ որպես օգնական և որոշակի գումար վաստակելով, երիտասարդ Արամյանցը կատարում է բարեգործական իր առաջին քայլը: Գումարին կցելով հայրական տան վաճառքից ստացած 45 հազար ռուբլին, նա հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ այն նվիրաբերում է Շուշիի ծխական դպրոցին:

 

Առաջին միլիոնը

Միքայել Արամյանցի ձեռներեցությունը ակնհայտ դարձավ դեռեւս 15 տարեկանից: Որոշ ժամանակ անց առևտրի ոլորտում պատանի Միքայելն այնպիսի տաղանդ  է ցուցաբերում, որ նրան նշանակում են «Գործընկերություն» մասնավոր ընկերության ներկայացուցիչ Թավրիզում:  Այս նշանակմանը հաջորդած 4 տարիների ընթացքում Միքայելը կուտակում է իր առաջին կապիտալը` շուրջ 3000 մանաթ՝ ժամանակի համար բավականին մեծ կարողություն: Այս գումարի արժեքը հասկանալու համար, կարելի է բերել մի օրինակ` այդ ժամանակ լավ ցեղատեսակի մեկ կովի արժեքը 3 մանաթ էր:

Եվ իր այս սկզբնական կապիտալով Արամյանցը 1871թ. ուղևորվում է Կովկասի աշխույժ հասարակական, մշակութային և առևտրական կյանքով ճանաչված կենտրոն՝ Թիֆլիս:

…28-ամյա Միքայել Արամյանցն արդեն ուներ իր առաջին միլիոնը: Վաստակած այս դրամագլխով նա սկսում է գործվածքեղենի, մետաքսի, բրդի առևտրով զբաղվել: Ներգրավված էր նաև շաքարավազի տարանցիկ առեւտրում` Մարսելի, Թավրիզի ու Թեհրանի միջեւ:

 

Նավթարդյունաբերողը

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑԱնուրանալի մեծ է եղել Միքայել Արամյանցի դերը Կովկասում նավթարդյունաբերության զարգացման գործում: Իրադարձությունների ու հանգամանքների ճիշտ վերլուծության, ինչպես նաև կանխատեսման ու բացառիկ հեռատեսության շնորհիվ նա հասկանում ու գիտակցում է, որ Բաքվի նավթը իսկական ոսկու երակ է, և Ղարաբաղից հրավիրելով իր երեք ընկերներին, նրանց հետ հիմնում է «Բալախանսկայա» նավթարդյունաբերական ընկերությունը: Սակայն չդիմանալով ռուսական և ամերիկյան նավթային հսկաների՝ Նոբելի և Ռոտշիլդների մրցակցությանը, Արամյանցն իր վաղեմի ընկերոջը՝ Մանթաշյանցին, որն  այդ ժամանակ արդեն Թիֆլիսի Կոմերցիոն բանկի սեփականատերն էր, առաջարկում է միանալ իրենց: «Չեմ կարծում, թե այս նախաձեռնությունից ինչ-որ բան կստացվի, սակայն թող լինի, ինչ լինելու է: Հանուն Ձեզ Կասպից ծովը կնետեմ մի 50 հազար ռուբլի»,- թերահավատորեն համաձայնել է Մանթաշյանցը:

Բաքվի նավթը երկաթուղով Եվրոպա ու  Հնդկաստան տեղափոխելու, ապա Բաքվում կառուցված առաջին նավթամուղի շնորհիվ մի քանի տարի անց ընկերությունը միլիոններ է վաստակում: Արամյանցի ընկերությունը գրասենյակներ է բացել Զմյուռնիայում, Սալոնիկում, Կոստանդնուպոլսում, Ալեքսանդրիայում, Կահիրեում,  Պորտ Սաիդում, Մարսելում, Լոնդոնում, Բոմբեյում և Շանհայում:

Սակայն շատ չանցած, ընտանեկան խնդիրների պատճառով Արամյանցը, 14 տարի Բաքվում ապրելուց հետո, վաճառում է իր մասնաբաժինը Մանթաշյանցին և վերադառնում  Թիֆլիս:

 

Նա վայելում էր ժողովրդի անսահման սերն ու հարգանքը

Իր մեծ բարեգործության ու մարդասիրական արարքների շնորհիվ Արամյանցը վայելում էր ժողովրդի անսահման սերն ու հարգանքը: Մեծ բարերարը Բորչալուի շրջանում, իր մրգատու այգիների մոտ, խոնավ հողաշեն տներում բնակվող եղեռնից մազապուրծ եղած հայերի համար նոր բնակելի ավան է կառուցում՝ 80 լուսավոր, հարմարավետ տներով, ընդարձակ փողոցներով, ոռոգման ջրանցքներով, դպրոցով եւ եկեղեցիով: Արամյանցը նրանց հատկացնում է նաև հողագործական գործիքներ, սերմացու: Եվ ի նշան երախտագիտության՝ նոր գյուղի բնակիչները բնակավայրը անվանակոչում են Արամաշեն:

 

Բարեգործությունը սահման եւ ազգություն չի ճանաչում

…Արամաշենը կառուցելուն զուգահեռ,  նա օգնության ձեռք էր մեկնել նաև հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին, սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին: Ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր նրա նկատմամբ հարգանքը, որ երբ Արամյանցը հիվանդանում էր, մարդիկ խոտ էին լցնում նրա տան շեմին, որ անցնող կառքերի ձայնը չխանգարի նրա անդորրը:

Շարունակելի

Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Պատմության էջերից


13/12/2019