Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Եվ, այնուամենայնիվ, 1894-1896 թթ. թուրքական ջարդերին զոհ գնացին 300000 հայեր՝ 10000 մարդ զոհվեց Կ. Պոլսում, 7000՝ Ուրֆայում, 5000՝ Կարինում, 5000՝ Շաբին-Գարահիսարում, 4000՝ Ակնում, 3000՝ Մալաթիայում. 2800՝ Արաբկիրում, 1500՝ Սեբաստիայում, 1400՝ Մարաշում, 1200՝ Տիգրանակերտում, 1000՝ Հալեպում, 1000՝ Կեսարիայում, 1000՝ Այնթապում, 1000՝ Վանում եւ այլն։

Ավերվեցին հայկական 2600 գյուղ ու քաղաք, կործանվեցին 568 վանք ու եկեղեցի, կրոնափոխվեցին 100000 մարդ, 559 գյուղ, 328 եկեղեցի վերածվեցին մզկիթի, 456000 կին, երեխա, ծեր մնացին առանց խնամակալի։

Ամենուր չէ, որ թուրք ու քուրդ խուժանին հաջողվում էր իրականացնել իրենց գազանությունները։ Կարինից բացի, ինքնապաշտպանական մարտեր մղվեցին Վանում, Զեյթունում, Տիգրանակերտում եւ այլուր։

Ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ ժողովրդին հաջողվում էր համեմատաբար քիչ զոհերի գնով հեռանալ բնակավայրերից, խուսափել զանգվածաբար սրախողխող լինելուց։

Եվրոպական տերությունների դեսպանները, որոնք 1895թ. մայիսին բութ սրերը ձեռքերին կաղ երիվարներով սլանում էին սուլթանի պալատ՝ նրան «պարտադրելու» բարենորոգումների նախագիծը, այժմ արդեն բավարարվում էին միայն կոտորածների մահասարսուռ տեսարանների նկարագրությամբ։

Կ.Պոլսի ջարդերից հետո, երբ Բեռլին է հասնում Գերմանիայի դեսպան Ֆոն Զաուրմանի առաջին հաղորդագրությունը, Բիսմարկը առիթը բաց չթողնելով, թուրք Մաքիավելուն է ուղարկում իր ընտանիքի լուսանկարը։ Հեռակա համերաշխության առաջին արտահայտությունը չէր սա։ Գերմանիան ձգտում էր Թուրքիային անջատել ռուսական ազդեցությունից եւ նրան տրամադրել իր ոխերիմ թշնամու՝ ցարի դեմ։

Ինչպես եվրոպական մյուս տերությունների դեսպանները, այնպես էլ գերմանականը, իր պարտքը համարեց ջարդերի վատ հետեւանքների առթիվ զգուշացնել սուլթանին։ Միայն այսքանը։

Գերմանացի Է. Ֆրապան անարգանքի սյունին գամելով թե՛ իր հայրենիքի եւ թե՛ եվրոպական տերությունների արյունոտ դիվանագիտությունը, հույսները կտրելով նրանցից, տառապյալ ժողովրդին կոչում էր զենքի. «Միայն զենք։ Զենք տվեք յուրաքանչյուր մի հայի ձեռքը՝ լինի նա տղամարդ թե կին, եւ երկար ժամանակ կաշկանդված ժողովրդային ուժը բոցավառվող կրակի պես մինչեւ երկինք կը զարնե ու տարերային ծանրությամբ ջարդ ու փշուր կանե իր դահիճներին, հարստահարիչներին»։

Թուրքական բռնատիրության հայակուլ քաղաքականությունը Հայկական հարցը նորից մղեց փակուղի։ Կոտորածների առթիվ սուլթանից «պատասխան» պահանջող դիվանագիտական արշավները չունեին ուրիշ մեկ այլ նպատակ, քան հայության բողոքող ոգին հանդարտեցնելը, մարդասեր ու հայասեր երեւալը։ Սակայն դահիճն ու նրա հովանավորներն այլեւս անկարող էին մարել վրեժխնդրության հրդեհը, որ համակել էր երիտասարդությանը։ Անմեղ զոհերը պատասխան էին պահանջում։

Արեւմտահայության ծանր կացությունը չէր կարող համարձակ գործողությունների պատճառ չդառնալ։ Ցավալի է, որ ինչքան խորանում էր հայ ազատագրական միտքը, այնքան սերտանում էին երեկվա անհաշտ թշնամիների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, որոնք ուղղվում էին ընդհանուր թշնամու՝ հայ ազատագրական շարժման դեմ։

Ռուսաստանում սկսված նարոդնիկական շարժումը իր մեջ էր ներառել նաեւ ուսանող հայ երիտասարդությանը։ Հյուսիսային կայսրության երկու մայրաքաղաքներում էլ հայ ուսանողությունը ուներ արժանի դերակատարություն։ Բավական է ասել, որ Մոսկվայում հիմնված «Հայրենասերների միությունը» դարձել էր հայկական նոր շարժման պիոներներից մեկը։ Մյուս կազմակերպությունների, որոնք հիմնվել էին Թիֆլիսում, Երեւանում, Գյումրիում, Մեծ Ղարաքիլիսայում ¥Վանաձոր¤ ազդեցությունը մեծ էր ուսանողության ու երիտասարդության շրջանում։ Թիֆլիսը, ուր սավառնում էին Րաֆֆու, Գ. Արծրունու, Ռ. Պատկանյանի, Մ. Նալբանդյանի գաղափարները, ծնելու էր այն սերունդը, որը դառնալու էր արեւմտահայ ազատագրության անդավաճան զինվորը։ Նրանք ասպարեզ եկան։ Նրանց անվանում էին «Առաջին ծիծեռնակներ», «Սուրբ նահատակներ»։ Ինքնազոհության գնացող այդ սերնդի գերագույն նպատակը Հայրենիքի ազատագրությունն էր։ Գնում էին նրանք գիտակցված մահվան, որպեսզի արեւմտահայի միջից դուրս վանեին սարսափը, որպեսզի ուժ ու կորով հաղորդեին, ինքնապաշտպանական մարտեր կազմակերպեին։

Երկիր անցած առաջին խմբերը կոչվում էին զինատար խմբեր։ Դժվար է ասել, թե քանի խմբեր են անցել սահմանը, որովհետեւ մատյաններում գրանցվում էին միայն անհաջողության մատնված խմբերի անունները։ Անկորուստ տեղ հասածների մասին տեղեկություններ չէին գրանցվում, որովհետեւ մատնության դեպքում կբացահայտվեին դրանք։

Մոտավոր հաշվումներով, 1890-1899թթ. Երկիր անցան 20 խմբեր, չհաշված Պարսկաստանից անցած խմբերը։ Վերջիններս չէին գրանցվում, որովհետեւ պարսկական իշխանությունները ոչ մի խոչընդոտ չէին ստեղծում նրանց ճանապարհին, ուստի չկար որեւէ վտանգ, եւ նրանց մասին հիշատակություններ չէին լրացվում։

«Դեպի երկիր» շարժումը ֆիդայական հեղափոխության առաջին փուլն էր։ Դժբախտաբար, այն չապահովեց սպասվելիք արդյունքը։

Ֆիդայական հեղափոխության այս փուլը անվանվում է «Հարձակողական»։ Այս ընթացքում էր, որ կազմակերպվեցին Բանկ Օտտոմանն ու Խանասորը։

Հայ ազատագրական շարժումները, ուղղված լինելով Հայկական հարցը նորից բարձրացնելու, Հայրենիքի ազատագրության նպատակին, խոշոր դերակատարում ունեցան հետագա իրադարձությունների վրա, Հայկական հարցի լուծման գործընթացը մոտեցնելով ավարտական փուլին։

Ֆիդայական շարժման փայլուն դեմքերից մեկը՝ Արաբոն, այն կարծիքին էր, որ հնարավոր չէ իրականացնել համընդհանուր պայքարի գաղափարը, որ այդ փորձերը կմատնվեն անհաջողության, որպես արդյունք բերելով նոր զոհեր։ Արաբոն զգուշանում էր նաեւ թուրքական մոլեռանդությունը բորբոքելուց, գործում էր ծպտյալ, քուրդ հրոսակի զգեստով, ծածկելով իր ու իր խմբի հայկական ծագումը։

Հրայր Դժոխքը՝ արեւմտահայ շարժման միտքն ու ոգին, նույնպես այն կարծիքին էր, որ համընդհանուր ապստամբությունը դեռեւս վաղաժամ է, որ անհրաժեշտ է կազմակերպել ու միավորել բոլոր ուժերը, ստեղծել միասնական ղեկավարություն, պայքարի գաղափարը դարձնել ժողովրդի սեփականությունը, նոր միայն ինքնապաշտպանությունից անցնել ապստամբական, համընդհանուր պայքարի։ Հրայրն ու Մուրադը ¥Տամատյան¤ կանխազգում էին այն դժվարությունները, որոնք շրջապատելու էին արեւմտահայ ազատագրական շարժմանը։ Դրանք շրջանցելու նպատակով նրանք մտադիր էին արեւելահայ ուժերն օգտագործել միայն բարոյական ու նյութական օգնություն ստանալու իմաստով, որովհետեւ, ինչպես նշում է Հարություն Զաքրյանը ¥Զեյթունցի¤, «դրսեցիները անտեղյակ են թրքահայերի ներքին պայմաններին ու հանգամանքներին, նրանք իրենց անփորձությամբ ու սխալներով միայն կարող են փչացնել ապստամբական գործը եւ վտանգել ժողովրդի դրությունը։

Հրայրը, հույսը կապելով ոչ թե հատուկենտ, անջատ ելույթների, այլ համընդհանուր պայքարի հետ, իր գաղափարակիցներ Արաբոյի, Սերոբ Աղբյուրի հետ միասին նախապատրաստական մեծ աշխատանք էր տանում։ Պատասխանելով Անդրանիկի՝ «Լեռը բարձրանալու» պահանջին, Հրայրը հենց այս միտքն էր լրացնում, երբ ասում էր, թե լեռը բարձրանալով՝ ինքը կդառնա լոկ ֆիդայի, մինչդեռ անհրաժեշտ է համընդհանուր ելույթի հանել ժողովրդին։

Ինչպես տեսնում ենք, ֆիդայական շարժման նշանավոր ներկայացուցիչները դեմ էին կրքերի բորբոքմանը, անժամանակ ու հանպատրաստից սկսված ելույթներին։

Ֆիդայական շարժումը, գնահատելով որպես արեւմտահայ ազատագրական գաղափարախոսության շրջադարձային երեւույթի վառ արտահայտություն, նրա զինավառ մտքի վկայություն, հրամայական է դառնում այդ խոշոր երեւույթի խոր վերլուծությունը, որովհետեւ այն հայ ժողովրդի գոյատեւման համար պայքարի ազատատենչ դրսեւորումն է, ազատագրության տանող դժվարին ճանապարհ ելած ժողովրդի հերոսական պատումներով լեցուն պատմությունը։

Շարունակելի

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Պատմության էջերից


13/12/2019