ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ԱՊԱԳԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Հայկական բանակում ծառայող մեր զինվորները միայն ռազմական գիտելիքներ ու փորձ ձեռք չեն բերում: Ֆիզիկապես կոփվելուն ու ինքնակրթվելուն զուգահեռ, այստեղ տղաներից ոմանք իրենց տաղանդով առավել հետաքրքիր ու բազմազան են դարձնում զինվորական առօրյան:
Ուսումնական զորամասում ենք, որտեղ մեր երկնքի ապագա պաշտպաններն են, նրանցից մեկը, սակայն, նաև երգիչ է:
«Աշուղ Ռազո». զորամասում տաղանդավոր երիտասարդին հենց այսպես են ճանաչում, նրա ձայնը հաճախ է հնչում զինվորների ցանկությամբ ու նրանց «պահանջով»…
Մամ ջան, դուռը բաց, որդին քո կարոտած
Հեռվից եկել է տուն, մամ ջան, դուռը բաց,
Սրբիր աչքերդ թաց, գրկիր դու քո որդուն,
Մամ ջան, դուռը բաց, որդին քո կարոտած
Կռվից եկել է տուն, մամ ջան, դուռը բաց,
Սրբիր աչքերդ թաց, գրկիր դու քո որդուն…
Թեև Ռազմիկը երաժշտական կրթություն չունի, բայց նրա համար երգելը կենսակերպ է, որով ոգեշնչում է նաև զինակից ընկերներին. «Փորձում եմ այնպես անել, որ տղաների մարտական ոգին բարձրանա, ու իմ զինվոր ախպերները հպարտ ծառայեն»:
Ռազմիկը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, Հայաստան է եկել ծառայության համար: Ասում է, որ այս վեց ամիսների ընթացքում շատ բան է սովորել, հմտացել է իր մասնագիտության մեջ ու վստահ է, որ կհաջողի որպես լավ հակաօդային պաշտպան: Բանակում ստացած գիտելիքները հասցրել է կիրառել նաև գործնականում. պայմանական մարտադաշտում «ծանոթացել է» իրեն ամրակցված զենքի ուժին. «Դաշտային ելք ենք ունեցել. զենքերի տեխնիկական սպասարկում եւ հրաձգություն ենք իրականացրել»:
Ի տարբերություն Ռազմիկի՝ ՀՕՊ ուսումնական զորամասում Ռոբերտ Սիմոնյանի ծառայությունն ընդամենը երկու ամիս է: Նա այստեղ է եկել Արցախի սահմանային զորամասից՝ կատարելագործվելու, վերապատրաստվելու ու նոր գիտելիքներով մարտական զորամաս վերադառնալու համար. «Երկամսյա ժամկետում հասցրել եմ լիարժեքորեն տիրապետել զենքին: Այս ընթացքում շատ բան եմ սովորել ու պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում կատարել վերադասի ցանկացած հրաման»:
Կուրսանտ Սիմոնյանը այժմ զորամասի լավագույն զինծառայողներից է, հրամանատարի յուրաքանչյուր առաջադրանք կատարում է անթերի: Այս անգամ գերազանց գնահատական է ստանում թիրախը ճշգրիտ ու արագ խոցելու համար: Իսկ թե ինչ զենք է Ռոբերտ Սիմոնյանի ձեռքին, պատմում է հենց ինքը. «Տվյալ համալիրը մեր հակաօդային պաշտպանության ամենաուժեղ զենքերից է: Այն նախատեսված է մեր օդային սահմանները պաշտպանելու համար»:
…Ուսումնական զորամասում տեսական դասընթացների համար լսարանները հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով, ուսումնական պրոցեսը բարձր և լուրջ մակարդակի վրա է, իսկ դասախոսական կազմը ջանք չի խնայում լավ մասնագետներ պատրաստելու համար: Մեր օդային սահմանների ապագա պաշտպաններն էլ օրեցօր ավելի են կատարելագործում մասնագիտական հմտություններն ու զինվորական փորձը:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում