Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ



ԲԱՆԱԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸՏարիներ առաջ, զորացրվելուց հետո, «ուսումնականներով» տարին մեկ անգամ՝ Տարեմուտին, հավաքվում էինք Երեւանի որեւէ սրճարանում եւ ընկնում հիշողությունների գիրկը: Առանց մեկմեկու հերթ տալու պատմում էինք անցած-գնացած ծառայական օրերի, բանակային «արկածների» մասին:

Բոլորս էլ  գարնանային «պրիզիվ» էինք ու ընկել էինք ուսումնական զորամաս: Եվ քանի որ գարնանն էինք զորակոչվել, զորացրվեցինք մայիս-հունիս ամիսներին: Տղաներից մեկ-երկուսը ապրիլին էին զորացրվել. Հրամանատարությունը նրանց բարեխիղճ ու կարգապահ ծառայության համար իր գոհունակությունն այդպես էր արտահայտել: Իսկ աշտարակցի Սուրիկը իրենց զորամասի ամենավերջին զորացրվածն էր. հաուպվախտից դուրս էր եկել, հաջորդ օրը կանչել էին շարային մաս, զինգրքույկը, ինչպես ինքն էր ասում, մի կերպ, դժկամությամբ տվել էին ձեռքը ու… նույնիսկ բարի ճանապարհ էլ չէին ասել. նրան այդպես պատժել էին վատ ծառայելու համար: Սուրիկը սրտացավ, ընկերոջ նեղին հասնող տղա էր: Պարզապես ծառայության սկիզբը լավ չէր դասավորվել եւ հայտնվել էր վաշտի հրամանատարի, այնուհետեւ՝ գումարտակի հրամանատարի «սեւ ցուցակում», իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվել գնդի հրամանատարի «սեւ ցուցակ», ինչն էլ կանխորոշել էր հետագա ծառայական ճակատագիրը: Փոխվել էր իմ բանակային ընկերը. դաջվածքներ էին հայտնվել թեւերին, իսկ ձեռքին թզբեհ՝ կլոր, սեւ հատիկներով. Խեր, շառ, Աստված… Հավաքներին միայն ֆիզիկապես էր ներկա: Ինքն էր ու իր սեւ, կլոր հատիկներով թզբեհը՝ իր ձեռքի աշխատանքը:

Մեր ընկերության հիմքը կամ, ինչպես ասում են՝ անկյունաքարը, ուսումնականում դրվեց. «ուչեբկայից» հետո, արդեն կրտսեր սերժանտի ուսադիրներով, ընդունված կարգի համաձայն, մեծ հանդիսավորությամբ բոլորիս ճանապարհեցին զորամաս:

Ընկանք տարբեր զորամասեր՝ ՀՕՊ, հրետանային, մոտոհրաձգային, տանկային…

Հանդիպում չկար, որ մեկը խոսեր, բոլորը լսեին: Պատմում էինք, հա պատմում: Խաչաձեւ, իրար հերթ չտալով, շնչակտուր, բացառիկ ոգեւորությամբ, կարծես այդ հավաքույթը վերջինը լիներ… Ու մեկ էլ լռություն էր տիրում: Լռության մեջ բաժակների զնգզնգոցն էր ու հիշողությունը, որն իր թեւերի վրա մեզ տանում էր մեր «կռված» վայրերը: Այսպես երեք տարի: Երեք տարի շարունակ, յուրաքանչյուր տարվա նախավերջին օրը բանակային ընկերներով հավաքվում էինք իրար գլուխ եւ իրար գովում: Մեր բարձրացրած աղմուկն աշխարհ էր բռնում: Բայց այդ աղմուկը հաճելի էր անգամ ամենադժկամ մարդկանց, որոնք անգամ իրենց հարեւանի՝ սեփական տան մեջ փռշտոցը չէին ների եւ իրենց հանգիստը խանգարելու հիմնավորումով կդիմեին ուր որ հարկն է: Նրանք էլ էին հասկանում, որ այդ ուրախ աղմուկ-աղաղակի հեղինակները բականային ընկերներն են…

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Բանակ և հասարակություն


13/12/2019