Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՏԵՐ



ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՏԵՐԱրագածոտնի մարզի զինկոմիսարիատում եռուն աշխատանքային մթնոլորտ է:

 Նախկինում գործող Ապարանի, Թալինի, Աշտարակի զինվորական կոմիսարիատներն արդեն մեկուկես տարի վերամիավորվել են, իսկ նախկին տեղակայման վայրերում գործում են ենթակա բաժանմունքները:

-Բավականին ընդգրկուն տարածք է, մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում՝ մանրակրկիտ ուսումնասիրվում է զորակոչային ռեսուրսը՝  ընտանեկան, սոցիալական պայմանները, առողջական վիճակը և հոգեվիճակը, տրամադրվածությունը,- նշում է Արագածոտնի մարզի  զորակոչային բաժանմունքի պետ Սուրեն Մեջլումյանն ու հավելում:- Ապահովված ենք փորձառու մասնագետներով. մինչեւ զորակոչի նախապատրաստական աշխատանքները սկսվելը, մեր  բժիշկները բժշկական ինստիտուտի բազայով հոսպիտալում վերապատրաստվել են:

Սուրեն Մեջլումյանը երկար տարիներ այս համակարգում է՝ գրեթե քառորդ դար:

-Չեմ կարող չշեշտել, որ երիտասարդները  մեծ պատրաստակամությամբ են գալիս ծառայության: Դպրոցներում, քոլեջներում եւ բուհերում սովորող ուսանողներ ունենք, ովքեր թեեւ տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն ունեն, բայց դիմում են ծառայության մեկնելու: Արտերկրից եկողներն էլ զգալի են: Մի նկատառում եւս՝ ապրիլյան պատերազմից հետո, թվում էր, զորակոչիկների թիվը կտրուկ նվազելու միտում կունենա, սակայն հակառակն արձանագրվեց: Պատվախնդիր սերունդ ունենք՝ հայրենասեր եւ հայրենատեր, որ ե՛ւ հոգեբանորեն են պատրաստ, ե՛ւ ֆիզիկապես: Ձիգ, ամուր տղերք են, եթե ներկա լինեք մեր հանձնաժողովի աշխատանքին ու  նայեք մեր երիտասարդների ափերի մեջ, տասից ութի ձեռքերին կոշտուկներ կնկատեք. հողագործ  աշխատող-արարող տղերք են՝ իրենց հող ու ջրին նվիրված: Մեր զինկոմիսարիատը հաճախ է  զորամասերի հրամանատարության կողմից պատվոգրեր, շնորհակալագրեր ստանում:

Արագածոտնի մարզի զինկոմիսարիատը զորակոչի պլանային առաջադրանքների կատարողականությամբ մշտապես լավագույնների շարքում է:

Զինկոմիսարիատում հետեւողական աշխատանքն ակնհայտ է. 

-Ամեն առիթ հնարավորինս արդյունավետ է օգտագործվում.  թե՛ բժշկական զննման, թե՛ կցագրման վկայական ստանալիս անընդհատ իրազեկման-քարոզչական  աշխատանքներ ենք իրականացնում: Պարբերաբար մեծ միջոցառումներ են կազմակերպվում մարզի դպրոցներում, կուլտուրայի պալատներում, հրավիրում ենք զորակոչիկներին, նրանց ծնողներին: Բացատրում, պարզաբանում ենք իրենց իրավունքներն ու պարտականությունները, ծանոթացնում-լուսաբանում  պաշտպանության նախարարության  զորակոչիկներին վերաբերող ծրագրերը: Օրինակ՝ ասենք, հստակեցնում ենք, որ «Ես եմ» ծրագրով զորակոչվածները ծառայության ավարտին իրենց անձնական հաշվին փոխանցված  հինգ միլիոն դրամը կարող են օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, ուսման վարձի փոխանցում կամ   մինի ֆերմայի ստեղծում, վերջինս էլ, կարծում եմ, հատկապես գյուղաբնակ երիտասարդների համար լավ տարբերակ է: Գումարը երեք նպատակով կիրառելն էլ երիտասարդներին երկրի հետ կապող երաշխիքներ է ստեղծում:

Զինկոմիսարիատում «Ես եմ» ծրագրով ծառայելու  դիմում են ներկայացրել այս պահի դրությամբ առայժմ չորս հոգի, վստահեցնում են՝ դեռ կավելանան դիմողները: Հատկապես նկատելի է աճը  «Պատիվ ունեմ» ծրագրով հետաքրքրվողների:

-Առջեւում զորակոչն է, մեծ հանդիսությամբ ու շուքով   ենք ճանապարհում հայրենիքի պաշտպաններին: Հանդիսավոր արարողությանը  ներկա են լինում Արագածոտնի  մարզպետը, ապրիլյանին մասնակից մեր մարզի հերոս տղաները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, Մեծ հայրենականի ծերունազարդ վետերանները:  Երգի-պարի տարբեր համույթներն էլ տոնական շունչ են հաղորդում միջոցառմանը:

Այդուհետ, մեր քաջազուն զավակները  կայցելեն եկեղեցի՝ մասնակցելու նորակոչիկների օրհնության կարգին: Հետո կմեկնեն կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ ամեն մեկն իր ծառայավայր: Մաղթանքս մեկն է՝ որքան թվով զորակոչում ենք, նույն թվով էլ դիմավորենք,- զրույցի վերջում բարեմաղթում է Սուրեն Մեջլումյանը:

 

♦♦♦

Զինկոմիսարիատի առջեւ հավաքված տղաները տարբեր շրջաններից են, իրենց տարածքին բնորոշ համուհոտով զրուցում են, կատակում: Մի քանի օրից  զինվորական համազգեստ են կրելու, զենքը ձեռքին կանգնելու են ավագ զինընկերների կողքին:

Նվեր Պողոսյանը Արագածոտնի մարզի Արագած համայնքից է.

-Ավագ եղբայրս ծառայում է բանակում, ինքը հունվարին զորացրվում է, ես՝ զորակոչվում: Ինձ մի խորհուրդ է տվել՝ զգոն լինել ու պատվով ծառայել:

Արմեն Հակոբյանն ու Գրիգոր Թադեւոսյանն էլ  Զարինջա գյուղից են, ընկերներ են:

-Տան ավագն եմ, մի քույր ունեմ, մի եղբայր,- ներկայանում է Արմենը:- Դպրոցական տարիներին տարբեր մարզաձեւերով եմ զբաղվել՝ կարատե, ըմբշամարտ, մարզված- կոփված եմ գնում բանակ… Միեւնույն է, թե որտեղ կծառայեմ, ուր էլ գնամ՝ մեր   հայրենիքի մի անկյունն է: Ծառայության, բանակի մասին տարբեր խորհուրդներ եմ լսել, ասում են՝ ծառայությունը տղային դարձնում է իսկական տղամարդ։  Ու էլ ինչ տղամարդ, որ իր հայրենիքը, իր տունը չպաշտպանի: Մեր դիմաց  մեր թշնամին է, ու ուժեղ բանակի կարեւորությունն անժխտելի է, բանակը երկրի խաղաղությունն է ապահովում, երկրի անվտանգությունը:

Ի վերջո՝ մշեցու թոռ եմ, ո՞նց կարող եմ չգնալ ծառայելու…Պիտի հայրենիքի սահմաններն ամուր ու անառիկ պահենք: Մեր մեծերն ասում են՝ հայրենի հողի վրա ապրելն ամենամեծ բախտավորությունն է, ամենամեծ երջանկությունը, օտարի հողը հայրենիք չի դառնա…

-Ես էլ եմ մշեցու թոռ, ես էլ եմ հազար պատմություն լսել կորցրած հայրենիքի մասին, որի կարոտը ժառանգվել է մեզ,- զրույցին միանում է  Արմենի ընկերը՝ Գրիգորը:- Մենք էլ չորս եղբայր ենք: Մեզնից մեկնումեկի մտքով երբեւէ  չի անցել՝ չծառայել: Երկու եղբայրներս արդեն զորացրվել են, եղբայրներիցս մեկը դեռ բանակում է, հիմա էլ իմ հերթն է: Մեր երկիրը, մեր հողնուջուրը, մեր ծնողներին  մենք պետք է պաշտպանենք: Հորեղբայրս՝ Թադեւոսը, մասնակցել է Արցախյան եւ Ապրիլյան պատերազմներին… Մեզնից ամեն մեկը պարտավոր է իր ծառայությունով է՛լ ավելի կայունացնել խաղաղությունը հային հայ պահող այս հողում:

…Հայոց օջախներում մի քանի օրից կթնդան երգ-երաժշտությունն ու պարը՝ յարխուշտա, բերդ,  քոչարի…     

Ասում են՝ պարը պատմություն է, ժողովրդի ապրած կյանքի խտացված պատմությունը, նրա հերոսական ոգու արտացոլանքը, նրա ընդվզումն ու մաքառումը…

Ուս ուսի տված կպարեն երիտասարդները՝ թիկունքին զգալով ընկերոջ բազկի զորությունն ու սատարումը: Այդպես ուս ուսի տված,  իրար թեւութիկունք էլ կծառայեն, որ աննվաճ ու խաղաղ մնա հային հայ պահող հողը՝ Հայրենիքը… 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝  հեղինակի

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/12/2019