ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ԱՊՐՈՂԸ
Բոլորին է հայտնի՝ պատերազմը սպանում է, քանդում, ավերում, մանուկներին՝ որբ, կանանց՝ որբևայրի դարձնում, մարդկանց դժբախտացնում, երկիրը՝ ամայացնում…
Արցախյան պատերազմը ևս բացառություն լինել չէր կարող: Դժբախտացան անթիվ, անհամար ընտանիքներ, զոհվեցին երազանքներով լեցուն բազմաթիվ երիտասարդներ, կիսատ մնացին շատ սերեր ու նվիրական նպատակներ:
Նրանցից մեկն էլ գորիսցի 37-ամյա Սպարտակ Բակունցն էր, որ ավարտել էր Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը և աշխատում էր հայրենի քաղաքի գյուղվարչությունում՝ որպես տնտեսագետ: Նա բանաստեղծություններ էր գրում, բայց չէր թակում խմբագրությունների դռները` ասես սպասելով իր ժամանակին… Եվ եկավ նրա ժամանակը. նա զոհվեց հայրենիքի փրկության ճանապարհին. թշնամական արկը խլեց նվիրյալ հայորդու կյանքը:
Եվ միայն հետո, նրա անմահացումից հետո նրա կրտսեր եղբայրը՝ Արմիկ Բակունցը, հավաքում Սպարտակի գրածները և տպագրում է առաջին ու վերջին ժողովածուն՝ «Հայացքների պայքար» խորագրով: Գիրքը դառնում է Սպարտակ Բակունցի անձեռակերտ հուշարձանը: Ժողովածուն բացվում է Համո Սահյանի խոսքով, որը բանաստեղծությունների այդ ժողովածուն բնութագրելու համար այսպիսի սրտառուչ խոսքերի է դիմում. «Անհունորեն ցավալի ու հաճելի մի անակնկալ: Ցավալի է, որ հեղինակն այսօր չկա և չի տեսնելու իր գիրքը: Եվ հաճելի է, որ նոր բանաստեղծի նոր ձայն ես լսում, մտնում ես բանաստեղծական մի նոր աշխարհ…»:
Եվ Սպարտակ Բակունցը շարունակեց ապրել ոչ միայն իր հարազատների, ընկեր-բարեկամների, այլև պոեզիայի բազմահազար սիրահարների սրտերում:
ՈՒ թեև հիմա Սպարտակի երկրային մահից անցել է արդեն 23 տարի, բայց նա շատ շատերի համար շարունակում է ապրել՝ թակելով նորանոր սրտերի դռները:
Հունիսի 14-ին լրացավ Սպարտակ Բակունցի ծննդյան 60-ամյակը:
Հանուն հայրենյաց ընկած զինվորի տարեդարձը հանդիսավորությամբ նշվեց Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ քաղաքային իշխանությունների, հասարակայնության, մանկավարժական կոլեկտիվների և աշակերտության մասնակցությամբ, որի ընթացքում հավաքվածները մեկ անգամ ևս ընդհանուր գծերով հավուր պատշաճի ներկայացրին բանաստեղծ ազատամարտիկի կյանքն ու գործունեությունը, լուսանկարներ նրա անցած ուղուց, հնչեցին ասմունք, երգ ու պար: Ներկաները առանձնահատուկ հուզմունքով ընդունեցին Սպարտակ Բակունցի որդու՝ Արտակի բեմ բարձրանալը որդու և դստեր հետ:
Ելույթ ունեցավ նաև բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը, որն ի դեպ Սպարտակ Բակունցի «Հայացքների պայքար» գրքի խմբագիրն է:
Օրվա խորհրդի մասին խոսք ասաց նաև Գորիսի քաղաքապետ Վաչիկ Ադունցը, գնահատանքի ջերմ խոսքեր ասացին նաև բանաստեղծներ Լևոն Սահակյանը, Ապետնակ Գրիգորյանը, Կապանի դրամատիկ թատրոնի ռեժիսորը:
Բանաստեղծի 60-ամյակի հոբելյանական երեկոն մեկ անգամ ևս հավաստեց, որ զոհված հերոսները շարունակում են ուժ և հավատ ներարկել մեզ՝ ապրողներիս:
Հասմիկ ՄԱԴՈՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Ճակատագրեր