ՌԱԴԻՈԴՊՐՈՑԻ ՆԱՀԱՊԵՏԸ
Բավական երկար ժամանակ է, որ ուզում եմ գրել Էջմիածնի մանկապատանեկան ռադիոդպրոցի վաստակաշատ մանկավարժներից մեկի՝ Ալֆրեդ Կարապետյանի մասին, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր: Երևի հիմնական պատճառն այն էր, որ երես առ երես հանդիպելուց առաջ ուզում էի ավելին իմանալ այդ ալեզարդ, միշտ ժպտերես մարդու մասին: Մարդ, որ մի ամբողջ կյանք` երեսունչորս տարի շարունակ, միշտ կոկիկ հագնված, դանդաղ, փոքր-ինչ մտախոհ քայլերով շտապում է ռադիոդպրոց` դասի: Նա դպրոցի տարբեր սերնդի սաների սիրելին է, ռադիոդպրոցի ոգին, շատերի կարծիքով` խորհրդանիշը:
Ընկեր Կարապետյանը, այսպես են նրան դիմում բոլորը, Կալինինգրադում ծառայելու տարիներին հմտացել է ռադիոկապի մասնագիտության մեջ, ստացել ռադիոտեխնիկ-տեխնոլոգի որակավորում: Հետո ինքնակրթությամբ դարձել է ռադիոկապավորի եզակի և բարձրակարգ մասնագետ:
-Դպրոցի հիմնադրումից մինչ օրս ընկեր Կարապետյանը դպրոցում է և իր աշխատանքը կատարում է սիրով ու նվիրվածությամբ: Նա հավասարապես և՛ լավ մանկավարժ է, և՛ որակյալ կապավոր,- վաստակաշատ կապավորին ներկայացնում է դպրոցի տնօրեն Թամարա Մկրտչյանը:- Նա իր գործում, պատկառելի տարիքը մոռացած, երբեք չի թերանում, երբեք չի զլանում, կարող է առանց տրտնջալու ու հոգնության պատմել, բացատրել, պարզաբանել… Հավատացե՛ք, պետք եղած ժամանակ նույնիսկ կիրակի օրերին է պարապմունքներ անցկացնում: Ինչպես ինքն է ասում` բանակին պետք են անթերի և օպերատիվ աշխատող կապավորներ:
Ալֆրեդ Կարապետյանն ամենից շատ կարևորում է գործնական պարապմունքները: Տարիների փորձից գիտե, որ լավ կապավոր են դառնում ամենօրյա և ամենժամյա քրտնաջան վարժանքի շնորհիվ միայն: Որպես կանոն, նրա աշակերտները ծառայության ընթացքում աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ, արժանանում վերադաս հրամանատարության գովասանքին և պարգևներին:
Ծառայությունից տուն վերադարձող յուրաքանչյուր զինվոր իր հոգու պարտքն է համարում այցելելու ռադիոդպրոց և տեսնելու իր սիրելի ուսուցչին, որի դասերը նրան օգնել են ծառայության բոլոր օրերին, ինչը ծերունազարդ ուսուցչի համար իր կյանքի և աշխատանքի ամենամեծ գնահատականն է:
-Մեր դպրոցի բազմաթիվ հաջողությունների համար (այդ մասին վկայում են բազմաթիվ պատվոգրերն ու պարգևները, բանակի բարձրաստիճան զինվորականների գնահատականները) մենք առաջին հերթին պարտական ենք մեր դպրոցի նահապետին,- ասում է տիկին Թամարան ու ցույց է տալիս տարիների վաղեմության մի քանի լուսանկարներ:- Այս լուսանկարներում արտացոլված է մեր դպրոցի կյանքը, և ինչպես տեսնում եք, ընկեր Կարապետյանը անբաժան է մեզնից:
Էջմիածնի մանկապատանեկան ռադիոդպրոցը ավանդույթներ ունեցող և ավանդույթներով ապրող դպրոց է: Ամեն նոր սերունդ նախորդի բարի գործի շարունակողն է դառնում: Այստեղ անգամ շրջում են ավանդական դարձած արտահայտություններ, որոնք վաղուց արդեն թևավոր խոսքի արժեք են ստացել: Ամենից տարածվածը, որ կլսեք դպրոցի բոլոր մանկավարժների շուրթերից, հետևյալ արտահայտությունն է. «Մենք տանը տղամարդ ենք տալիս, բանակին` բարձրակարգ զինվոր կապավոր»:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Բանակ և հասարակություն