Ի ՆՊԱՍՏ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ամփոփեց իր գործունեության մեկ տարին
Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեության մեկամյակի ամփոփումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը, հոսպիտալների պետեր, բժիշկներ և հատուկ հյուրեր` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով` հունիսի 18-ից Երևան ժամանած հայտնի ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները:
Կենտրոնական զինվորական հոսպիտալի հոգևոր հովվի օրհնությամբ միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:
Ներկաները շնորհավորեցին ու բարեմաղթեցին ասոցիացիայի նախագահին ու անդամներին՝ բեղուն գործունեության ու ձեռքբերումների համար, խոսեցին այն հաջողությունների մասին, որոնք արձանագրվել են մեկ տարվա ընթացքում, ապա խոսեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» դարձել է յուրահատուկ հարթակ զինվորական բժիշկների համար: Կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ զինվորական հոսպիտալների անձնակազմերի հետ, վեր են հանվել զինվորական բժիշկներին հուզող տարաբնույթ հարցեր, շատ խնդիրներ արդեն իսկ լուծվել են»:
Իսկ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը կարևորեց ասոցիացիայի անդամների համախմբվածությունը, նախաձեռնողականությունն ու ակտիվությունը:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը իր հաշվետու ելույթում փաստեց, որ ձեռքբերումների հետ միասին, ռազմաբժշկական ծառայությունն ունի նաև բազում խնդիրներ: «Խնդիրների լուծմանը կարող է աջակցել նաև մեր ասոցիացիան, որի աշխատանքը նպակատաուղղված է ինչպես ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերի կատարելագործմանն, այնպես էլ զինվորական բժիշկների մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերի աջակցությանը: Ասոցիացիան ունի ավելի քան 600 անդամներ, որոնք ճանաչված գիտնականներ են, նախկին և ներկա զինվորական բժիշկներ և պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները, փորձը ներդնելու ռազմաբժշկական ոլորտի կայացման գործում: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» նպատակ ունի աջակցելու նորագույն բժշկական մոտեցումների ներդրմանը ԶՈւ-ում, պաշտպանելու զինվորական բժիշկների իրավունքները և շահերը: Արդեն մեկ տարվա կենսագրություն ունեցող կազմակերպության կողմից իրականացվել են ծավալային և բովանդակային առումով նշանակալի միջոցառումներ: Օրինակ՝ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները բնութագրող հատկանիշները գնահատելու նպատակով ԶՈւ մակարդակով անցկացվել է սոցիոլոգիական հարցում և իրավիճակի գնահատում: 2014թ.-ի հոկտեմբերին ռազմաբժշկական ծառայության պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել է միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ, ԱՄՆ, Հունաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Գերմանիայի ռազմաբժշկական ոլորտի ճանաչված մասնագետները. «Մեր կողմից վերլուծվել և ըստ բժշկական կարիքների խմբավորվել են զինհաշմանդամների անհրաժեշտ տվյալները: Իրականացվել է հանրապետության բուժհիմնարկներում մի խումբ զինհաշմանդամների բժշկական օգնության կազմակերպումը: 2014 թվականին ԱՄՆ-ում մասնակցել ենք Կալիֆորնիայի բժիշկների գիտաժողովին, հանդիպում ունեցել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման հնարավորություններով հետաքրքրված հայ բարերարների հետ, արդյունքում՝ հայազգի բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները բանակին նվիրել են ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներ», -ասաց ասոցիացիայի ղեկավարը: Մերի Նաջարյանը նույնպես սիրով իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին: «Ամուսինս ամեն օր կրկնում է` այն երկիրը, որ չունի զորավոր բանակ, չունի ապագա: Իսկ զորավոր բանակի առաջին նախապայմանը զինվորականների առողջության պահպանումն է: Տեսնելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության մեկ տարվա աշխատանքը` ես զարմացած եմ. մեկ տարի առաջ իմ հրավերով տիկին Ռուզաննան մասնակցեց «Հայ-ամերիկյան բժիշկների միության» ամենամյա գիտաժողովին: Նրա սրտացավ ելույթը հուզեց բոլորին: Տիկին Ռուզաննան իր ելույթում անդրադարձավ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության խնդիրներին: Արդյունքը արդեն ակնառու է՝ Գլենդելի հիվանդանոցը ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերեց 2 շտապօնության մեքենա, ևս 8-ը պատրաստվում է նվիրել: Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունն է՛լ ավելի ամրապնդվի»: Բարերար Վարդգես Նաջարյանի՝ հայրենիքի մասին սրտառուչ ասմունքով ավարտված խոսքը շատ հուզական էր. «Զորավոր Հայաստանը երաշխիք է, որպեսզի Սփյուռքը գոյատևի: Իսկ Հայաստանը զորավոր է իր հերոսներով: Հերոսը մորաքույրս էր, որն Ուրֆայում հերոսամարտի ղեկավար ամուսնու կողքին մեկ ամիս թուրքերի դեմ կռվեց, ապա գերեվարվեց, բանտարկվեց թուրքական բանտում: Թուրքերը նրան կախաղան հանեցին: Նրան ես չեմ կարող մոռանալ: Չեմ կարող մոռանալ Արցախյան ազատամարտում հերոսացած մեր տղաների քաջությունը: 1992 թվականի մի դրվագ պատմեմ… Ստեփանակերտը գնդակոծվել էր: Մի երիտասարդ եկավ, վիրավորված էր: Վերքերն էինք մշակում: Ասաց` բժի՛շկ ջան, շտապի՛ր, պետք է ջոկատիս միանամ, հարցրի` քանի՞ հոգի եք ջոկատում: Պատասխանեց` 15, 8-ը զոհվել են… պիտի գնամ հասնեմ: Դուք ձեր ամենօրյա սխրանքով լրացնում եք մեր հերոսապատումը, հայ զինվորական բժիշկները քաջության ու նվիրումի մարմնացում են, ու ձեր քաջության առաջ ես խոնարհվում եմ»:
Հանդիպումը եզրափակեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կարևորելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ստեղծումը, նախարարը զինվորական բժիշկների բոլոր խնդիրները անկաշկանդ քննարկելու ու ազատ ստեղծագործելու կոչ արեց. «Անկասկած, մենք ակնկալում ենք հոգատարության բարձր աստիճան՝ մարդու, հայրենյաց պաշտպանի նկատմամբ, այն զինվորի նկատմամբ, ով կանգնած է առաջնագծում և բոլորիս հպարտությունն է»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց տեր և տիկին Նաջարյաններին` մշտապես ազգային բանակի կողքին լինելու համար: Սեյրան Օհանյանի առաջարկը՝ Մերի և Վարդգես Նաջարյաններին ընդունելու ասոցիացիայի շարքերը, ընդունվեց խանդավառությամբ: Հանդիպման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանեց զինվորական բժիշկներին հուզող հարցերին:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Ազգային բանակ