ՄԵՐ ՍՊԱՆԵՐԸ
Օրերս ՌԴ Տվեր քաղաքի «Հաղթանակ» հուշահամալիրում տեղի ունեցավ Գ. Կ. Ժուկովի անվան Օդատիեզերական պաշտպանության զինվորական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմ հանձնելու հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը, Տվերի նահանգապետ Ա. Շևելյովը, պետական, հոգևոր և զինվորական այրեր:
Ակադեմիայի 2015 թվականի 54 շրջանավարտների շարքերում էին նաև ՀՀ ԶՈՒ սպաներ Սևակ Տորոզյանը, Գոռ Նազարեթյանը և Գուրգեն Գրիգորյանը:
Ի դեպ, Սևակ Տորոզյանը ակադեմիայի կողմից ընտրված այն մի քանի շրջանավարտներից է, որ մասնակցելու է Կրեմլում կայանալիք զինվորական բուհերի շրջանավարտների ընդունելությանը:
ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի մեր սպաները, որոնք ակադեմիա երկամյա ուսումնառության էին գործուղվել գերազանց ծառայության համար, հայրենիք կվերադառնան նոր գիտելիքներով և նոր փորձառությամբ:
Ինչպես տեսնում ենք, հայ սպաները բարձր տրամադրությամբ են հրաժեշտ տալիս ակադեմիային. նրանց սպասում է հայրենիքին ծառայելու սրբազան պարտքը և բարձր պատիվը:
Շնորհավորում ենք: Բարի վերադարձ և բարի ծառայություն:
Գագիկ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Ք. Մոսկվա
Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում