ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Պաշտպանության բանակի զորամասերում և ստորաբաժանումներում դեկտեմբերի 16-ին մեկնարկել են ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումները:
Յուրաքանչյուր ուսումնական փուլի ավարտին ստուգվում են ուսումնական փուլի ընթացքում զինծառայողների ձեռք բերած գիտելիքները, կատարած աշխատանքները, զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման աստիճանը, կարգապահության վիճակը և զորամասի մարտունակությունն ընդհանրապես:
Դեկտեմբերի 16-ին ամփոփիչ ստուգումներ էին նաև գնդապետ Սևակ Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասում:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին ամփոփիչ ստուգումների կապակցությամբ՝ հանձնաժողովի նախագահ, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը զրուցեց սպայական, ենթասպայական և սերժանտական կազմի հետ՝ առաջարկությունների և դիմում-բողոքների հետ կապված հարցեր առաջադրեց: Հանձնաժողովի անդամները ստուգեցին տագնապային ճամպրուկների պարունակությունը, կցագրված զենքերի մաքրությունը, անձնական վկայականները, պարտականությունների իմացությունը և այլն: Ամփոփիչ ստուգումների մեկնարկին նվիրված շարային ստուգատեսն ավարտվեց զորամասի ստորաբաժանումների հանդիսավոր երթով:
Այնուհետև, հանձնաժողովի անդամները մանրակրկիտ ստուգման էին ենթարկում զորամասի անձնակազմի ուսումնական փուլի ընթացքում ուսուցման պլանով նախատեսված ծրագրերի յուրացումը, ձեռք բերած գիտելիքները, դրանք գործնականում կիրառելու ունակությունները, ֆիզիկական, կրակային, մարտավարական և զինծառայության մյուս բնագավառներին առնչվող խնդիրներն ու դրանց ճիշտ կատարումը:
Ստորաբաժանումներում տիրում էր համերաշխ մթնոլորտ, անձնակազմը ցուցաբերում էր պատրաստակամության բարձր մակարդակ։
Վաշտի հրամանատար, կապիտան Վարդան Օսյանը, որը նույնպես ընդգրկված էր ամփոփիչ ստուգումների աշխատանքներում, վստահեցրեց, որ իրենց ստորաբաժանումը լրջորեն նախապատրաստվել է բանակային այս կարևոր միջոցառմանը և համոզված է, որ կկարողանան ապահովել բարձր գնահատական: «Ամփոփիչ ստուգումները նաև լրացուցիչ առիթ են մեր թերություններն ու բացթողումները շտկելու համար: Մենք առօրյա խնդիրներով զբաղվելով` երբեմն չենք նկատում այն, ինչը նկատելի է կողմնակի աչքի համար: Եթե ընդանրացնենք, ապա պետք է ասել, որ ամփոփիչ ստուգումները մեր յուրաքանչյուր ստորաբաժանման ամփոփ պատկերն են, որոնք ձեւավորվում են սպառազինության, թիկունքի, մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության եւ այլ ուղղությունների համապարփակ ստուգումների արդյունքում: Վերջին հաշվով այս ամենը նպաստում է մեր առջև գրված խնդիրները ավելի բարձր մակարդակով կատարելուն և միտված է մեր երկրի անվտանգության ապահովմանը»,- նշեց նա:
Շարքային Սարգիս Հովհաննիսյանը շուրջ 23 ամիս է, ինչ ծառայում է ՊԲ-ում և առիթներ ունեցել է մի քանի անգամ մասնակցելու ամփոփիչ ստուգումներին, դրանք կարևորում է հատկապես անձնակազմի՝ ուսումնական փուլի ընթացքում ստացած գիտելիքների ցուցադրման տեսանկյունից: «Ամփոփիչ ստուգումների ընթացքում անձնակազմը հնարավորություն ունի ցուցադրելու իր ունակությունները, մասնավորապես ցույց տալու, որ եթե հարկ լինի, արդյո՞ք նրանք պատրաստ են կատարելու առաջադրված խնդիրները: Իսկ հրամանատարությունը կարողանում է հստակ պատկերացում կազմել զորամասի ընդհանուր պատրաստվածության վիճակի, թերությունների ու բացթողումների մասին, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ քայլեր իրականացնել կոնկրետ բնագավառներում»,- նշեց շարքային Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անձնակազմը գիտակցաբար է մոտենում ամփոփիչ ստուգումներին, քանի որ հակառակորդի ռազմատենչ հռետորաբանությունն ու տարածաշրջանային հնարավոր զարգացումները պարզապես ստիպում են ժամանակը զուր տեղը չվատնել:
«Ավելի քան մեկ և կես տարի ծառայելով մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման կազմում և կատարելով դիրքապահի պարտականությունները` համոզվել եմ, որ նման ստուգումները կարևոր նշանակություն ունեն զինծառայողների մասնագիտական ունակությունների կատարելագործման, նաև պատրաստվածության իրական մակարդակը ստուգելու համար: Այս պահին կրակային պատրաստության ստուգումներն ենք հանձնում, և քաջ գիտակցում ենք, որ եթե հակառակորդը դիմի արկածախնդրության, պատրաստ պետք է լինենք դիպուկ հարվածներով վիժեցնել նրա մտադրությունները` հերթական անգամ ցույց տալով մեր զորությունը» -, մեզ հետ զրույցում ասաց շարքային Գերման Դավթյանը, վստահեցնելով, որ տղաները բոլորն էլ գիտակցաբար են մասնակցում ստուգումներին, քանի որ հասկանում են՝ դիրքերում այս ամենը՝ մարտավարական, կրակային կամ ֆիզիկական պատրաստության ընթացքում ձեռք բերած գիտելքները, անկախ ամեն ինչից, պետք են գալու:
Ինչ վերաբերում է ստուգումների վերջնական արդյունքներին, ապա դրանք կամփոփվեն ավելի ուշ` բոլոր ցուցանիշների ընդհանրացումից հետո, և ինչպես միշտ, կհայտնաբերվեն լավագույն զորամասերն ու զինծառայողները, և յուրաքանչյուրը կգնահատվի ըստ արժանվույն:
Հրայր ՓԱՇԱՅԱՆ
Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ