ԵՐԲ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՍ ՔՈ ՀՈՂԻՆ
Լուսանկարին նայելիս առաջին հերթին ի՞նչ է անցնում մտքներովդ. պարզապես գեղեցիկ ու երջանիկ զո՞ւյգ է` պայծառ աչքերով ու ժպիտո՞վ: Եթե Հանրապետության հրապարակի Նոր տարվա տոնածառի մոտ են լուսանկարվել, տղան էլ զինվորական համազգեստով է, ուրեմն, զինվորը արձակո՞ւրդ է եկել ու հանդիպել սիրած աղջկա՞ն: Ամեն ինչ ճիշտ է, բայց, միևնույն է, պատկերացնել անգամ չեք կարող, թե իրականում ի՜նչ զարմանալի ու գեղեցիկ է նրանց պատմությունը, որը կպատմեմ ձեզ:
Տղան` Սամվելը, տասը տարեկան է եղել, երբ ընտանիքը բնակության է մեկնել Կոստանդնապոլիս, ու մինչև վերջերս անգամ չի պատկերացրել, որ մի օր կգա Հայրենիք, կհագնի զինվորի համազգեստ ու հարազատ հողի վրա այնքան երջանիկ կզգա, ինչպես երբեք:
Պատահական, բայց ճակատագրական հանդիպում վիրտուալ տիրույթում
-Փոքր հասակից, կարելի է ասել, ոչ թե ապրել, այլ աշխատել եմ Ստամբուլում, մասնագիտացել եմ ոսկերչության մեջ, հիմա արդեն այդ գործի «վարպետ» եմ,- ասում է Սամվելը:- Իմ տարեկիցների հետ գրեթե շփում չեմ ունեցել. միայն աշխատանքային հարաբերություններ` տարիքով ինձնից մեծերի հետ: Տնից աշխատանքի, աշխատանքից տուն: Երևի սա էր պատճառը, որ Ինստագրամին ծանոթանալով, իմ կայքէջերը բացեցի՝ որպես հոբբի ու շփման հարթակ: Շուտով ինձ համար էլ շատ անսպասելի՝ հետևորդների տասնյակ հազարավոր բանակ գոյացավ: Ինտերնետային խաղ մտածեցի: Երիտասարդներն իրենց լուսանկարներն էին ուղարկում, դրանցից ընտրվում էր ամենագեղեցիկ տղաների ու աղջիկների չորսական լուսանկար ու վերջում` ամենագեղեցիկ, իրար սազող զույգերի լուսանկարները տեղադրվում էին` որպես խաղի հաղթողներ:
-Երբեք չեմ սիրել ինտերնետային խաղերը, բայց, չգիտեմ ինչու, երբ պատահաբար տեսա այս խաղը, որոշեցի մասնակցել,- շարունակում է Մարիետան:- Մի քիչ հումորային տրամադրությամբ ուղարկեցի լուսանկարս ու սկսեցի սպասել: Բավական ժամանակ անցավ. տեսնում էի, թե ինչպես են ուրիշների լուսանկարները տեղադրվում, իսկ իմը չկար ու չկար: Ինչո՞ւ, ախր ինձնից ոչ շատ գեղեցիկ աղջիկների նկարներ էին հայտնվում,- ծիծաղով պատմում է Մարիետան,- որոշեցի գրել «ադմինին» ու հարցնել` «Ինչո՞ւ իմ լուսանկարը չեք տեղադրում»: Պատասխանը չուշացավ. «Միայն մի պայմանով կդնեմ, եթե համաձայնես, որ քո լուսանկարի կողքին՝ որպես իդեալական զույգ, լինի իմ լուսանկարը»: Զարմացա, բայց համաձայնեցի: Հաշված րոպեներ էին անցել, երբ հաղթողների մեջ տեսա իմ ու Սամվելի լուսանկարները` կողք-կողքի: Այսպես առաջին անգամ տեսա նրան…
Ինն ամիս հեռախոսով ու ինտերնետով շփվելուց հետո Սամվելի ընտանիքը մեր ընտանիքին հրավիրեց Պոլիս: Այստեղ էլ առաջին անգամ կայացավ մեր իրական հանդիպումը: Շատերն ինձ չէին հասկանում, ինչպե՞ս կարող եմ շփվել Թուրքիայում ապրող, թեկուզ և ազգությամբ հայ երիտասարդի հետ: Իսկ ես, շփման առաջին իսկ պահից լիակատար վստահություն տածեցի նրա հանդեպ:
Սիրտս թելադրեց
-Նախկինում երբեք չէի մտածել Հայաստան գալու մասին,- ասում է Սամվելը,- բայց հանկարծ անզուսպ ցանկություն զգացի, անպատմելի մի կարոտ… Դա 2016թ. Ապրիլյան քառօրյայից հետո էր… Անընդհատ ուշքս ու միտքս այստեղ էր, հետևում էի բոլոր իրադարձություններին, ֆիզիկապես այնտեղ էի, հոգով՝ այստեղ: «Պետք է ե՛ս էլ ծառայեմ, պետք է տեսնե՛մ այդ վայրերը, զենքը ձեռքիս պետք է տղաների հետ լինեմ…»,- այս մտքերն էին անվերջ պտտվում գլխումս: Ու որոշեցի: Այստեղ գալու-գնալու որևէ խնդիր չեմ ունեցել, զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել: Եկա, որովհետև սիրտս այդպես թելադրեց:
-Արդեն նշանված էինք,- լրացնում է Մարիետան,- ու Սամվելը միշտ մտածում էր, որ պետք է ամուսնանանք Հայաստանում, ընտանիքով հաստատվենք մեր երկրում: Ասում էր. «Բա իմ երեխաներին չասե՞մ` սա մեր Հայրենիքն է, որի պաշտպանությանը ե՛ս էլ եմ մասնակցել»:
«Երբ ազգականներիցս մեկի երեխան ծնվում էր Թուրքիայում, շատ էի նեղսրտում` ինչո՞ւ հայ երեխայի ծննդականի մեջ պետք է գրված լինի` «Թուրքիայի Հանրապետություն»,- հարսնացուի խոսքն է շարունակում Սամվելը:
-Այնտեղ միշտ ինքս ինձ ասել եմ՝ ես իմ հողի վրա եմ,- ասում է Սամվելը,- Ստամբուլում հայկական եկեղեցիներ կան, ուր ամեն կիրակի բոլոր հայերս հավաքվում, աղոթք ենք անում: Գործ շատ կա: Բոլոր արհեստավորներն այնտեղ գլուխը կախ իրենց գործն են անում: Աշխատում են, իրենց տունը կարողանում են պահել: Բայց, միևնույն է, միշտ այն զգացողությունն ունես, որ ուրիշներն են ապրում քո հողի վրա: Այդ պատճառով մտածեցի, որ ամենաճիշտը Հայաստան գալն է, որտեղ ինձ լիովին տանը կզգամ: Երբ դեռ փոքր էի, գիտեի, իհարկե, ցեղասպանության մասին, բայց խորությամբ չէի զգում, թե ինչ է կատարվել: Հետագայում սկսեցի ուսումնասիրել, կարդալ, զգացի, որ այդ ամենը սկսել է ինձ խանգարել ապրելու, շփվելու հարցում: Այս շրջանը համընկավ այստեղ գալու որոշմանս հետ: Քսան տարեկանս նշեցի ու եկա: Գուցե այստեղ դեռ բաներ կան, որ պետք է փոխվեն, բայց գոհ լինելու շատ ու շատ ավելի պատճառներ ունենք: Հիմա եկել եմ ու տեսնում եմ, թե իմ բացակայության տասը տարիների ընթացքում Հայաստանը որքա՜ն է փոխվել դեպի լավը: Իմ կարոտը Հայաստանի հանդեպ ոչ ոք չի կարող զգալ, հասկանալ… Ինձ համար այստեղ ամեն ինչ սիրելի է ու հարազատ:
-Այն տարածքը, որտեղ այժմ ծառայում ես, Ապրիլյան քառօրյայի ընթացքում առաջիններից մեկը հարված ստացավ…
-Հպարտ եմ, որ հենց այստեղ եմ ծառայում: Հիմա բանակում այնքան տղաների եմ հանդիպում` Ռուսաստանից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Իտալիայից` ամենահեռավոր երկրներից եկած տղաներ կան հենց մեր զորամասում: Բոլորը շատ լավ ծառայում են. բանակն էլ առաջվանը չի: Այս վեց ամիսների ընթացքում շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել: Այն շփումը, որի պակասն այնքա՜ն զգում էի, լրացավ: Այս ընթացքում կրակել ենք սովորել. ի դեպ, դիպուկ եմ կրակում: Ֆիզպատրաստություն, ձեռնամարտ և այլն… Սահմանին շատ մոտ ենք. ամրանում ենք, սովորում դիրքային ծառայության նրբությունները, որպեսզի, երբ բարձրանանք մարտական հենակետեր, արդեն պատրաստ լինենք հակառակորդին դիմագրավելու: Քննություններին մեր ստորաբաժանումով մեզ այնքան լավ դրսևորեցինք, որ հրամանատարը մեզ առաջինը արձակուրդ ուղարկեց, ու ահա այստեղ եմ: Այս ընթացքում որևէ դժվարություն չեմ ունեցել, շատ գոհ եմ հրամանատրության հոգատարությունից: Գուցե շատ մեծ էր ծառայելու ցանկությունս, ու սա է պատճառը, որ ինձ ոչինչ դժվար չի թվում, սիրով եմ ծառայում: Մեր բանակը հիմա ամեն ինչ ունի: Ես իմ աչքերով եմ տեսնում ու համոզվում, որ մեր բանակն ուրիշ է: Հիմա էլ՝ ծառայությանս յոթերորդ ամսում, հարյուր տոկոսով վստահ եմ, որ որոշումս ամենաճիշտն էր: Արձակուրդից ետ կգնամ, կբարձրանանք դիրքեր: Սկզբում ուզում էի «Ես եմ» ծրագրով ծառայության անցնել…
-Բայց համոզեցինք, որ սովորական ծառայություն անցնի,- ծիծաղով միջամտում է Մարիետան,- ինձ համար դժվար էր անգամ բանակային երկու տարով մեր բաժանումը, նույնիսկ միջոցներ էի փնտրում, որպեսզի ես էլ զինծառայության անցնեմ: Երբ բանակ գնաց, իմ ներսում ամեն ինչ տակնուվրա եղավ: Եղբորիցս խորհուրդ հարցրի` «Ի՞նչ անեմ, որ ես էլ գնամ»: Լուրջ-լուրջ ասաց. «Կարող ես գնալ զինկոմիսարիատ, դիմում գրել, որ քեզ վերցնեն ծառայության: Վեց ամիս կպատրաստվես, հետո կգնաս»: Սամվելի ծննդյան օրը՝ այս նոյեմբերի 14-ին, անակնկալ գնացի Արցախ՝ իր զորամասը: Մենակ գնացի. նրա համար մինչև Պոլիս էի հասել, բա Արցախ չէի՞ գնա…
Արթուր քեռին. ծանոթություն, որ հարազատության արժեք ունի
-Սամվե՛լ, Արթուր քեռու մասին պատմի՛ր,- հուշում է Մարիետան:
-Երդման արարողության օրը ընտանիքս Թուրքիայից եկավ ինձ տեսնելու: Տեղ էինք փնտրում, որ նշենք այս առիթը: Մոտ երկու օր հյուրընկալվեցինք Արթուր քեռու տանը: Հրաշալի մարդիկ են: Տանտերերն անմիջապես ինձ սիրեցին, ես էլ իրենց: Ու հիմա նրանց տուն եմ գնում ոչ թե որպես ծանոթ, այլ որպես իրենց թոռնիկ: Հենց մի համեղ ճաշ են պատրաստում, ինձ անպայման կանչում են: Նստում ենք, խոսում, շփվում: Ինձ իմ հարազատ ընտանիքում եմ զգում:
-Երբ վերադառնում էի, մինչև Հադրութ Արթուր քեռին ինձ մեքենայով բերեց,- պատմում է Մարիետան: Սամվելի ընտանիքն այս պահին շատ հեռու է, ու այն միտքը, որ նրա կողքին այսքան ջերմ ու սրտացավ մարդիկ կան, ինձ գոտեպնդում է: Իհարկե, ամեն տեղ էլ կան Արթուր քեռու պես բարի ու հոգատար մարդիկ, որոնց վրա մարդ կարող է հույս դնել, հանգիստ լինել իր զավակի համար: Սամվելի մայրիկը բաժանվելիս Արթուր քեռուն ու նրա կնոջը՝ տիկին Զոյային ասաց` «Մտածեք` ձեր տղան է. երկու տարով տվել եմ ձեզ»: Իսկ տանտիկինն ի պատասխան` «Իր երկրին եկել է ծառայելու: Տա՛նն է, անհո՛գ եղեք»:
Մեր ապագան՝ միայն Հայաստանում
-Զինծառայությունից հետո անպայման տեղափոխվելու եմ Հայաստան: Այստեղ պիտի ամուսնանանք, մեր ընտանիքն այստեղ պիտի ապրի: Շատ ծրագրեր ունենք ապագայի համար:
-Երբ առաջին անգամ եկավ Հայաստան, շրջեցինք Երևանով ու նստեցինք Հանրապետության հրապարակում՝ այստեղ, որտեղ հիմա նստած ենք: Այդ պահին բոլորովին այլ գույներով սկսեցի տեսնել իմ քաղաքը, սկսեցի Սամվելի աչքերով նայել այս ամենին: Նա երկա՜ր լուռ նայում էր շատրվաններին, այսուայնկողմ վազվզող երեխաներին, անցուդարձ անող մարդկանց, հետո ասաց. «Ո՞նց կարող էի այս երկրի համար չգալ ծառայության»:
-Բանակից հետո շատ ծրագրեր ունեմ իրականացնելու: Ոսկերչության իմ գործն եմ շարունակելու: Այս պահին, կարելի է ասել, որ Հայաստանում Մարիետայից բացի ոչ ոք չունեմ: Ամուսնանանք, մեր օջախը կստեղծենք: Ես սիրում եմ զրոյից սկսել, չեմ վախենում դժվարություններից: Ամեն ինչ ունեի այնտեղ, բայց իմ կյանքն այստեղ է:
-Ամեն հայ տղա պետք է այսպես մտածի, որտեղ էլ որ լինի: Չէ՞ որ այս չքնաղ, այս հարազատ երկիրն իրե՛նցն է,- ոգևորությամբ լրացնում է Մարիետան:
Ճիշտ խոսքեր
-Ի՞նչն է Սամվելի մեջ քեզ այդքան գրավում,- հարցս ուղղում եմ Մարիետային:
-…Հենց ինքը… իր ամեն ինչով: Իր տեսակի մեջ եզակի է Սամվելը: Նրա բարությունը, անկեղծությունը, ազնվությունը: Իմ կյանքում նախկինում երբևէ նման մարդու չեմ հանդիպել: Նույնիսկ եթե չսիրեի մարդու այս տեսակը, անպայման կհարգեի:
-Իսկ Մարիետան քեզ ինչո՞վ գրավեց:
-Աչքերով… իսկ աչքերը հոգու հայելին են: Իհարկե՝ ամեն ինչով. այն ամենը, ինչ նա է իմ մասին հիմա ասում, ես էլ իր մասին կարող եմ ասել: Նույնը, ինչ նա է զգում, ես եմ զգում իր հանդեպ:
-…Երկու օր առաջ իրար հետ դիտեցինք «Իմ խաչը»` Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը: Շատ տպավորված էինք, հուզված: Եթե մինչև այդ Սամվելը խուսափում էր հարցազրույցից, ապա դրանից հետո որոշեց, որ պետք է անպայման հանդիպենք Ձեզ հետ:
-Չեմ ուզում, որ մեր պատմության հերոսը մենք լինենք,- ասում է երիտասարդ զինվորը,- ընդհանրապես, չէի ուզում, որ մեր մասին գրվեր: Բայց, ֆիլմը դիտելուց հետո ինչ-որ բան փոխվեց…
♦♦♦
Սամվելի ինստագրամյան «Ճիշտ խոսքեր» էջից. դիմում է կայքի հետևորդներին.
«Ես իմ խոստումը կատարեցի` եկա Հայաստան ու շատ քիչ ժամանակ հետո գնալու եմ ծառայեու: Ձեզնից մի բան եմ խնդրում, ձեզ լա՛վ նայեք, մի՛շտ ժպտացեք ու ուրա՛խ եղեք…»:
Մեկ ուրիշ տեսագրություն. արված է ծննդյան օրը, երբ Մարիետան գնացել էր տեսակցության. «Իմ կյանքում միշտ ասում եմ այն, ինչ վստահ եմ, որ կարող եմ անել: Ասացի` գալու եմ բանակ ու կատարեցի խոսքս: Ի դեպ, ձե՛զ էլ եմ խորհուրդ տալիս: Միշտ վստա՛հ եղեք ձեր ուժերին: Կյանքում հզոր է այն մարդը, որ կարողանում է ստեղծել իր երջանկությունը… Ամեն ինչում կողքիս ես, Մա՛ր ջան: Ապրե՛ս, որ կա՛ս ու ի՛մն ես»:
Սամվելն ու Մարիետան արդեն իրենց համատեղ սեփական գործն են ծրագրում. եկող ամառ մտադիր են ծաղիկների սրահ բացել Երևանում, որ կոչվելու է «Սամար»՝ իրենց անվան առաջին վանկերի համադրությամբ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #49 (1320) 23.12.2019 - 30.12.2019, Ազգային բանակ