Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ



ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ«Ի՞նչ է Նավասարդը»

Միանգամայն ճիշտ է՝ սկսենք «նավասարդ» բառից: Այն պարսկերեն նշանակում է հենց «նոր տարի»՝ «նավ»-ը թարգմանվում է «նոր», «սարդ»-ը՝ «տարի»: Հայերս հնում այդ անունով ենք կոչել հայոց առաջին ամիսը, որն սկսվել է օգոստոսի 11-ին եւ ավարտվել սեպտեմբերի 9-ին: Տարվա առաջին ամսվա անունով էլ կոչվել է Տարեմուտը՝ Նավասարդ:

Պատկերացրեք՝ ինչ հրաշալի ժամանակ է տոնվել Նավասարդը. ամռան արեւոտ օրեր, աշնան բերք ու բարիք, ու ծայր են առել նավասարդյան տոները՝ մրցումներ, հրավառություն, ուրախ հանդիսություններ: Գեւորգ Էմինը, ասես ձայնակցելով հին գուսաններին, գրել է. «Ո՞վ կտա ինձ առավոտյան այն Նավասարդի, որ տարիներ է երկարում»: Շատ ու շատ բանաստեղծներ են գովերգել Նավասարդը, բայց բառն ինքը «նոր տարի» նշանակությամբ  մոռացվել է:

Ուրախալի է, վերջին տարիներին մեզանում էլ կազմակերպվում են «Նավասարդյան խաղեր», բայց դա Նոր տարվա հետ, բնականաբար, կապ չունի:

 

«Կաղանդը» հայերենում

Հայերս «նոր տարի» իմաստով օգտագործել եւ այսօր էլ, հատկապես արեւմտահայերը, շարունակում ենք օգտագործել «կաղանդ» բառը: Ժամանակակից արեւմտահայ բանաստեղծ Զահրատը մի ամբողջ շարք ունի՝ նվիրված Կաղանդ Պապային, այսինքն՝ Ձմեռ պապին:

Որտեղի՞ց մտավ կաղանդ բառը մեր լեզու: Հունարենից (կալանդայի), սա էլ այն փոխ է առել լատիներենից (կալենտաե): Երկու լեզվով էլ բառը նշանակում է «տարեմուտ», թեեւ ունի նաեւ «ամսամուտ» իմաստը: Մենք էլ «կաղանդը» գործածում ենք «տարեմուտ», այսինքն՝ «Նոր տարի» իմաստով: Կաղանդի գիշեր՝ ասել է՝ Նոր տարվա գիշեր:

Հետաքրքիր է, որ մեր «կաղանդ» եւ ռուսերեն «կալենդար» բառերը նույն ծագումն ունեն: Տեսեք՝ կաղանդ-կալանդայի-կալանդաե-կալենդար:

 

«Ամանորը» մեր հարազատ

Էլ ո՛չ պարսկերեն, ո՛չ հունարեն, ո՛չ լատիներեն, «ամանոր» բառը զուտ հայկական է, ինչը դարձյալ նշանակում է «նոր տարի»: Գրաբարյան «ամ» բառն է, որը նշանակում է «տարի» (այստեղից էլ՝ միամյա-մեկ տարվա, բազմամյա-բազում տարիների, կիսամյակային տարի, հնգամյակ-հինգ տարի եւ այլն), «նոր» բառի իմաստն էլ հո գիտեք ու գիտեք:

Շնորհավոր լինի մեր «ամանոր» բառի այս իմացությունը:

 

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #49 (1320) 23.12.2019 - 30.12.2019, Հոգևոր-մշակութային


24/12/2019