Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ԱՄՈՒՐ ՏՈՒՆ Է ՊԵՏՔ



ՄԵԶ ԱՄՈՒՐ ՏՈՒՆ Է ՊԵՏՔԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ-95

 

Հայ բեմի կենդանի լեգենդ Երվանդ Մանարյանի հետ տարիների վաղեմություն ունեցող մեր զրույցից մնաց մի բացառիկ ձայնագրություն՝ մեծ արտիստը պատմում է իր կյանքի պատմությունը, խոսում է թատրոնի մասին, գնահատում է ժամանակի կարևորագույն իրողությունները, հուշում է խնդիրների լուծման ուղիներ: Ժողովրդական դերասանի խոհերն ու խորհուրդները նույնքան հրատապ ու արդիական են նաև այսօր: Եվ այս զրույցի հրապարակումը նվեր է «Հայ զինվորի» ընթերցողին՝ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-րդ տարեդարձի առթիվ:

 

-Պարոն Մանարյան, մի առիթով ասացիք, որ Ձեր հեռավոր ապուպապերից մեկի՝ ձայնարկու գուսանի գենը բնության անմեկնելի առեղծվածով արթնացել է Ձեր մեջ։ Որ թափառելու, ասպարեզ մտնելու եւ մարդկանց սրտի հետ խոսելու տենչը ծնվել է արյան հիշողությամբ։ Հետո ես իմացա, որ կինոռեժիսոր Արման Մանարյանը՝ հանրահայտ «Տժվժիկ», «Կարինե», «Սպիտակ ափեր», «Փանջունի» ֆիլմերի բեմադրիչը, Ձեր եղբայրն է։ Ու ցանկացա իմանալ նաեւ Ձեր ծնողների, ընտանիքի ու այն մարդկանց մասին, ովքեր շրջապատել են Ձեզ մանկության, պատանեկության տարիներին, ովքեր նպաստել են, որ զորանա արյան հիշողությունը…

-Ես Իրանում եմ ծնվել։ Հայրս՝ ցարական բանակի տարագիր սպան, Պարսկաստան էր եկել 1919-ին։ Նա ծագումով ագուլիսցի էր՝ Գողթան գավառից: Իսկ մայրս Ախալցխայից էր։ Մորական պապս եղել է աշուղ Ջիվանու սանթուրահարը, իսկ ինչ վերաբերում է ձայնարկու գուսան նախապապիս, նրա մասին ոչ մի պատմական վկայություն չկա, բայց դա չի խանգարում, որ ես զգամ նրան իմ էության մեջ ու իմ արյան յուրաքանչյուր բջիջում։

Իմ մանկության տարիներին պարսկահայությունը շատ քաղաքականացված էր։ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո երկրից հեռացած դաշնակցական գործիչներն անկախ հայրենիքի տեսիլքով էին ապրում, խոսքուզրույցի միակ թեման Հայաստանն էր՝ պատմությունը, ներկան, գալիքը։ Ես պատանեկության տարիներին շփվել եմ Առաջին Հանրապետության պառլամենտի դիվանապետ Հակոբ Տեր-Հակոբյանի, Ալեքսան Հովհաննիսյանի, Հովհաննես Հախնազարյանի, Վահան Աֆրիկյանի հետ, հիացել եմ նրանց հայրենասիրությամբ, բարոյական նկարագրով, մտավոր կարողությամբ։ Ես մեծացել եմ Հայաստանի անցյալով հպարտացող ու նրա ապագայի հանդեպ հավատով լցված մարդկանց միջավայրում, ուր սերն ու նվիրվածությունը ազգային արժեքներին առաքինության ամենաբարձր չափանիշ էր։ Պարսկահայերի ընտանիքում երեխաների ճիշտ դաստիարակությունը գերագույն նպատակ էր, եւ առաջին հերթին կարեւորվում էր ազգային, հայեցի դաստիարակությունը, հայրենապաշտությունը:

 

-Մի փոքր էլ Ձեր հոր մասին պատմեք։ Ասացիք, որ նա ցարական բանակի սպա է եղել։ Համազգեստի պատվի եւ սպայի արժանապատվության մասին խոսելիս շատերն են նշում ցարական բանակի օրինակը։ Մենք այդ մասին գիտենք գրքերից, իսկ Դուք, փաստորեն, ցարական բանակի սպայի ընտանիքում եք ապրել։ Ճի՞շտ է, որ նրանք բազմակողմանի զարգացած էին, հայրենասեր, քաջ, ազնվաբարո, բարեկիրթ…

-Այդպես ոգեւորված, ներշնչանքով թվարկում եք, ու ես հասկանում եմ, որ Դուք կուզենայիք այդպիսին տեսնել ոչ միայն հայկական բանակի սպաներին, այլ յուրաքանչյուր հայ տղամարդու։ Բայց Ձեր հարցը մի քիչ կաշկանդում է ինձ, քանի որ խոսքը հորս մասին է։ Հայրս պաթետիկ, վերամբարձ կերպար չէր, հերոսի տիպ չէր, նա տղամարդ էր խորքով, ներփակ, անճառ։ Այո՛, ազնիվ էր։ Հիշում եմ` մի անգամ պարսկական բանկում շփոթել էին եւ 13 հազար գումարի փոխարեն 130 հազար էին տվել (պարսիկները զրոն մեզ պես կլորիկ չեն գրում, մի կետ են դնում)։ Այդ փողով կարող էինք ցմահ բարեկեցություն ապահովել մեզ համար, բայց հայրս վայրկյան իսկ չտատանվեց հետ վերադարձնել այն գումարը, որ իրենը չէր։ Այո՛, հայրս զարգացած էր, կարդացած, կիրթ էր, հայրենասեր էր։ Բայց այդ ամենն ի ցույց չէր դնում։ Ապացուցված է՝ նրանք, ովքեր ավելի բարձր ու հուզումնալից են ճառում հայրենիքի սիրո մասին, ամենից շուտ են դավաճանում նրան։ Հիշեք՝ խորհրդային շրջանը. ամբիոններից կուրծք ծեծողներն առաջինը փախան Հայաստանից, երբ պատերազմ սկսվեց։ Այսօր էլ մի հավատացեք հայրենիքի սիրով «տառապողներին»։

 

ՄԵԶ ԱՄՈՒՐ ՏՈՒՆ Է ՊԵՏՔ-Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք դերասան դառնալ։

-Պարսկական համայնքը թատերախումբ ուներ, որտեղ խաղում էին նաեւ ծնողներս։ Մայրս Էմիլյա է խաղացել Վահրամ Փափազյանի հետ «Օթելլոյում», Գերտրուդ՝ «Համլետում», հայրս Կասիո է խաղացել։ Թատրոնի հանդեպ սերս, հավանաբար, այդ տարիներին ծնվեց։ Իմ նախասիրությունների մեջ էական տեղ ուներ հասարակական ակտիվ գործունեությունը։ Մենք մի խումբ երիտասարդներով Իրանում ստեղծեցինք «Մշակույթ» միությունը։ Մեզ հետ էին Բաբկեն Չուքասզյանը, Աբիգ Ավագյանը, Ալբերտ Հայրապետյանը, Ժենյա Չուքասզյանը։ Մենք քարոզում էինք հայկական մշակույթը, զանազան միջոցառումներ, դասախոսություններ էինք կազմակերպում։ Ես հայրենիք եկա 1946-ին 11 հոգանոց խմբի հետ։

…Խորհրդային երկիրը բազում առավելություններ ու թերություններ ուներ։ Թերություններից ամենավտանգավորը սուտն էր, հենց դա էլ կործանեց երկիրը։ Մենք պիտի դասեր քաղենք ու չփորձենք ինչ-որ բան կառուցել ստի վրա՝ արվեստ, մարդկային հարաբերություններ, գաղափարներ… Իսկ կարեւոր առավելություններից մեկը կրթության որակն էր։ Վաղարշ Վաղարշյան, Վանիկ Վարդանյան, Վարդան Աճեմյան, Թադեւոս Սարյան, Քալանթար… Այս հզոր արվեստագետներն ուսանողի կողքին էին, նրանք էին սկսնակ դերասանի ուղեկիցը։

 

-Պարոն Մանարյան, ես չեմ ուզում խոսել Ձեր խաղացած դերերի, բազում սիրված կերպարների մասին, դրանք քաջ ծանոթ են ընթերցողին։ Այլ ուզում եմ հարցնել, թե ինչո՞ւ այսօր չեն ստեղծվում այնպիսի ժողովրդականություն վայելող ֆիլմեր ու բեմադրություններ, ինչպիսին, օրինակ, «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն է։ Ի՞նչ է մեզ պակասում այսօր։

-Թատրոնը որպես մշակույթ շատ ազգային է։ Օտար հողի վրա կարելի է ասենք սիմֆոնիա գրել, նկարել, բայց անհնար է ստեղծել ազգային թատրոն։ Թատրոնը միջավայր է պահանջում, մաքուր մթնոլորտ, որ կարողանա շնչել։ Ի՞նչն է մեզ պակասում այսօր… անկեղծությունը, կյանքի ճշմարտությունները չխաթարելու քաջությունը, սերը հանդիսատեսի հանդեպ եւ նրան ինչ-որ բան տալու ցանկությունը։ Այսօր պրեմիերաներ են անում արտասահմանում, հետո գալիս են Հայաստան, մամուլի ասուլիս հրավիրում ու սկսում իրենք իրենց դիֆերամբներ ձոնել։ Մեզ պակասում է արվեստագետի քաղաքացիական կեցվածքը։ Նախկինում նորավարտ դերասաններին ուղարկում էին շրջաններ։ Նրանք զինվորի պես պարտադիր մի քանի տարի կատարում էին իրենց պարտքը։ Կար գիտակցություն, որ թատրոնը ժողովրդինն է, ընդ որում՝ ոչ միայն քաղաքաբնակներինը։ Ժողովուրդը չի սիրում կեսբերան խոսքը, երկիմաստ ակնարկները։ Հանդիսատեսը շատ զգայուն է կեղծիքի հանդեպ. որքան էլ տաղանդավոր դերասան լինես, չես կարող սեր, հոգատարություն ու շիտակություն խաղալ եւ խաբել հանդիսատեսին։ Այլ պիտի իրոք հոգատար, շիտակ ու սիրառատ լինես:

 

-Եկեք խոսենք Ձեր «Ագուլիս» անվանումով տիկնիկային թատրոն-ստուդիայից: Պարոն Մանարյան, ինչո՞ւ տիկնիկային թատրոն, ինչո՞ւ մանուկների համար։

-Մանուկն ավելի ընկալունակ է, նա մինչեւ վերջին կաթիլը ներծծում է այն ամենը, որ տալիս ես նրան։ Մի ներքին մղում ինձ բերում է թատրոն, որ շփվեմ փոքրիկների հետ, ինչ-որ բան պատմեմ, լսեմ նրանց, մեկին դիտողություն անեմ, մյուսին խրախուսեմ, մի խոսքով՝ իմ հոգու սերը տամ նրանց։ Կան գաղափարներ, որոնք հասու են ե՛ւ մեծին, ե՛ւ փոքրին ու հանճարեղ են իրենց պարզության մեջ։ Օրինակ` երեխաները լսում ու հասկանում են, որ ամուր տան մեջ գայլը չի կարող ոչ ոքի վնասել։ Մեզ ամուր տուն է պետք։ Ու ես հույս ունեմ, որ թատրոն հաճախող երեխաներից յուրաքանչյուրը մի-մի ամուր աղյուս է լինելու մեր ապագայի կառույցում։

 

-Մեր զրույցի սկզբում ասացիք, որ պարսկահայերի ընտանիքում երեխայի դաստիարակությունը գերագույն նպատակ էր։ Այսօր էլ հայ ընտանիքներում երեխան բարձիթողի չէ։ Պարզապես արժեքները, բարոյական չափանիշները միանշանակ չեն։

-Ես քանիցս կրկնել եմ, որ մեր բանակը կառուցվում է հայ ընտանիքներում, հիմքը, ատաղձը հայ օջախներում է դրվում։ Սերունդը կլինի ուժեղ ու ոգեղեն, եթե կարողանա պահպանել հոգեւոր կապն անցյալի հետ, եթե չկորցնի պատմության զգացողությունը։ Զինվորը սահման է պահում։ Սահմանը մի բաժան է, որ զատում է օտարի հողը քոնից։ Ու այս ամենը կարող է զավեշտի աստիճան անհեթեթ թվալ, եթե հայրենիքը որպես զգացողություն չկրես քո հոգում եւ որպես գաղափար՝ գիտակցությանդ մեջ։ Զինվորը պիտի հասկանա, որ կանգնած է պատմության սահմանին եւ ապագայի դռան առջեւ։ Զինվորը պաշտպանում է իր ժողովրդի պատմությունը եւ ապագայում լինելու իրավունքը։ Դա, թերեւս, անհատի ամենամեծ առաքելությունն է։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1320) 23.12.2019 - 30.12.2019, Հոգևոր-մշակութային


24/12/2019