Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Հայ ժողովրդի մարտական ոգու եւ անգամ ուժային անհավասարության պայմաններում ցուցաբերած արիության մասին արժանի մեծարանքով են խոսել մեր պետական այրերը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատական է տվել հայ մարտիկների սխրանքներին: Հայ հավաքական զինվորը «մաքառեց, նա կանգնեցրեց հակառակորդին եւ ի վերջո հաղթող դուրս եկավ մեզ պարտադրված անհավասար պատերազմում»:

Պատահական չէ, որ ռազմական անվտանգության համակարգի գործունեությունը բաղկացած է զինված ուժերը, երկրի տարածքը, հասարակությունը եւ տնտեսությունը պաշտպանությանը նախապատրաստման եւ ռազմական անվտանգության միջազգային երաշխիքների ստեղծման համապետական գործողություններից: Նախապատրաստումը ներառում է ինչպես ԶՈՒ-ի անձնակազմի, այնպես էլ ամբողջ բնակչության բարոյահոգեբանական պատրաստում եւ ռազմահայրենասիրական դաստիարակություն` միտված բարոյահոգեբանական կայուն վիճակի ապահովմանը եւ հայրենիքին նվիրվածությանը:

Հայրենիքի պաշտպանությունը հնարավոր չէ պատկերացնել առանց զոհաբերության եւ նահատակության: Ըստ զորավար, քաղաքական գործիչ ու փիլիսոփա Գարեգին Նժդեհի` պատերազմում հաղթում է նա, ով ավելի է պատրաստ զոհաբերության. «Վերջին հաշվով` զոհապատրաստության չափն է որոշում այս կամ այն ճակատամարտի, ապա` ողջ պատերազմի ելքը: Հաղթում եմ, նշանակում է` հակառակորդիս գերազանցում եմ զոհաբերության մեջ: Ահա ռազմական դոկտրինայի այբն ու փիլիսոփայությունը»:

«Իմացյալ մահվան», ասել է թե` անմահության գաղափարը հայ զինվորի, հայ ժողովրդի գիտակցության մեջ ամրագրվել է ազգի դարավոր պայքարի իմաստավորման միջոցով: Այդ փորձությունը մեր հարստությունն է, որի վրա պետք է խարսխվի հայկական բանակի կենսակերպը, նրա ձեւավորման գործընթացը:

«Պաշտպանական եւ ազատագրական բազմաթիվ մարտերով արցախահայությունը համայն հայության աջակցությամբ խափանեց Ադրբեջանի զավթողական նկրտումները, տապալեց զենքի ուժով Արցախյան հիմնահարցը լուծելու Բաքվի ծրագրերը, պահպանեց հող հայրենին եւ հայոց պետականությունը, արցախցին վերահաստատեց իր հինավուրց բնօրրանում ապրելու, ազատ ու անկախ գոյավիճակ ունենալու իր իրավունքը, ստանձնեց նախնյաց սխալների ու բացթողումների սրբագրման առաքելությունը»,- նշում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, եւ այդ «հաղթանակը ձեռք է բերվել ողջ ժողովրդի միասնական հերոսացման կամքի շնորհիվ»:

Որպես մեկ այլ օրինակ կարելի է ներկայացնել առաջին չեչենական պատերազմը (1994թ. դեկտեմբեր -1996թ. օգոստոս): Առաջին չեչենական պատերազմի վերլուծությունը ցույց տվեց, որ Չեչնիայում ռազմական օպերացիաների սկզբնական փուլում բավական երկար ժամանակ չկար դաշնային զորքերի կողմից ծավալվող գործողությունների հստակ ու համոզիչ հիմնավորում, ինչը չէր կարող բացասաբար չազդել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա: Հաճախ պատերազմի մասնակիցներից շատերը բարոյական-արժեքային ճգնաժամ էին ապրում, ունենում էին հակասական հույզեր եւ զգացմունքներ, հետին պլան էր մղվում մտավոր աշխատանքի ընդունակությունը, մեկուսանալու հակում էր առաջանում, թուլանում էր մարտական շարժառիթավորումը: Այդ ամենը բացասաբար էր ազդում զինծառայողների մարտական գործունեության վրա: Վիճակագրական տվյալները վկայում են, որ Չեչնիայում մարտական գործողություններին մասնակցող դաշնային զորքերի զինծառայողներն ավելի շատ կարիք ունեին հոգեթերապեւտիկ օգնության, քան Աֆղանական պատերազմի մասնակիցները:

Ներկայումս շատ առաջատար պետություններում նպատակաուղղված կերպով զարգացվում են հնարավոր հակառակորդի զինծառայողների եւ բնակչության գիտակցության ու հոգեկանի վրա տեղեկութային ներգործության համակարգեր, որոնք դիտվում են որպես ռազմական հզորության հանգուցային տարրերից մեկը: Տեղեկութային ներգործության հնարների մեծ մասն ամենեւին էլ նոր չէ, սակայն այդ հնարների արդյունավետությունը ներկայումս կտրուկ աճել է, ինչը մասնագետները բացատրում են այժմ կապակցված աշխարհի ձեւավորմամբ եւ այդ հնարների ամբողջության համալիր կիրառմամբ` սկսած հակառակորդի մարտական կառավարման համակարգի ֆիզիկական ոչնչացումից մինչեւ ռադիոէլեկտրոնային պայքարի ամենաարդիական մեթոդների, համակարգչային վիրուսների, ծածկագրապաշտպանության կիրառումը եւ կոդերի բացահայտումը, հոգեբանական օպերացիաները, այդ թվում նաեւ այն օպերացիաները, որոնք իրականացվում են համացանցի միջոցով: Այս տեսանկյունից զինված ուժերի հիմնական գործառույթների շարքում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում տեղեկատվական անվտանգության ապահովումը եւ ապատեղեկատվական քարոզչության չեզոքացմանն ուղղված գործողությունները:

Զինված ուժերի օգտագործման հիմնական ձեւերից են միջազգային խաղաղապահ գործողությունները, որոնց ժամանակ եւս առաջանում են մեծ հուզական-շարժառիթային բարդություններ: Նման օպերացիաների մասնակցին անհրաժեշտ է հակամարտող կողմերի գնահատման գործում պահպանել օբյեկտիվություն եւ անկողմնակալություն` անկախ իր անձնական համակրանքից եւ աշխարհայացքային դիրքորոշումներից:

Այդ ամենի հաշվառմամբ ներկայումս ԶՈՒ-ի արդիական խնդիրների շարքին են դասվում` մարտական գործունեության հոգեբանական ուսումնասիրությունը, արտակարգ իրավիճակներում զինվորի եւ սպայի անձի հոգեբանական կայունության ու մարտական ակտիվության պատշաճ մակարդակի ապահովումը, զինծառայողների պաշտպանությունը հավանական հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից:

Այսպիսով` ժամանակակից պատերազմների փորձը վկայում է, որ զինծառայողների հոգեվիճակների ուսումնասիրությունը եւ կառավարումը վերին աստիճանի արդիական խնդիրներ են զորքերի մարտունակության մակարդակը բարձրացնելու առումով: Մարտական գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆիզիկական կորուստների հետ մեկտեղ զորքերը կրում են նաեւ զգալի հոգեբանական կորուստներ: Դրանք կապված են հոգեխոցիչ պատահույթների, հոգեխոցվածքների հետ, ինչը, իր հերթին, հանգեցնում է հոգեկան գործունեության խանգարումների, մարտունակության լրիվ կամ մասնակի կորստի: Նման բացասական երեւույթների կանխման համար անհրաժեշտ է կիրառել հոգեբանական պատրաստման, հոգեբանական աջակցման եւ օգնության, հոգեշտկման, հոգեբանական վերականգնման եւ ուղեկցման արդյունավետ համակարգ: ՈՒստի հարկավոր է պաշտպանական համակարգի բարեփոխումների շրջանակներում պատրաստել այնպիսի մասնագետների, մասնավորապես` զինվորական հոգեբանների եւ մանկավարժների, որոնք ունենան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլեւ ուսումնամասնագիտական պրակտիկայի ընթացքում ձեւավորված գործնական գիտելիքներ` արդյունավետ մարտական գործունեության համար անհրաժեշտ հոգեվիճակների առանձնահատկությունների, դրանց կանոնավորման ձեւերի ու մեթոդների վերաբերյալ:

Նշենք, որ այսօր բարեփոխումնեի շրջանակներում այդ ուղղությամբ հիմնավոր աշխատանքներ են կատարվում: ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում պատրաստվում են զինվորական հոգեբաններ` մասնագետներ, որոնց աշխատանքը զորքերում պետք է ուղղված լինի զինծառայողների գործունեության արդյունավետության մեծացմանը, նրանց հոգեբանական կայունության պահպանմանը եւ պատշաճ մակարդակի բարոյահոգեբանական վիճակի ապահովմանը:

Մանկավարժական համալսարանում զինվորական հոգեբանների պատրաստման գործընթացն ուղղված է նրան, որ նրանք զորքերում կարողանան հստակ կատարել իրենց մասնագիտական գործառույթները, մասնավորապես`

– պարզել անձնակազմի անդամների հոգեբանական հատկությունները,

– ուսումնասիրել եւ վերլուծել ստորաբաժանումներում տեղի ունեցող սոցիալ-հոգեբանական պրոցեսները,

– մշակել գործնական առաջարկություններ` ուղղված զինվորական կարգապահության ամրապնդմանը եւ իրավախախտումների կանխմանը,

– հոգեբանական օգնություն ցույց տալ նյարդահոգեկան անկայունության հատկանիշներ ունեցող զինծառայողներին,

– մասնակցել անձնակազմի մասնագիտական հոգեբանական ընտրազատմանը,

– հոգեբանական օգնություն ցույց տալ զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին,

– մեթոդապես ապահովել սպաների, ենթասպաների, սերժանտների հետ անցկացվող հոգեբանամանկավարժական պարապմունքները,

– կազմակերպել միջոցառումներ` ուղղված անձնակազմի պաշտպանությանը հնարավոր հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից եւ այլն:

ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
գնդապետ,
հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ռազմական


26/10/2011