ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՀԱՅԱՍՏԱՆ. ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻԴ ՆՈՐ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Թիվ 1 զիկոմիսարիատում եմ: Զորակոչի առաջին օրն է: Զորակոչի ոգին այսօր այս զինկոմիսարիատում բարձր է, հանգստություն ու վստահություն են ճառագում այստեղ հավաքված մարդկանց դեմքերը, իսկ հուզմունքն էլ, որ մերթընդմերթ լցնում է մայրերի սիրտն ու խոնավացնում աչքերը, նույնպես բնական է ու զուսպ. զավակներից երկար ժամանակով առաջին բաժանումն է:
Շենքի ներսում զորակոչիկները հերթով բուժզննում են անցնում: Զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանը աչալուրջ հետևում է անցուդարձին: Ասում է. «Հատկապես վերջին երկու տարիներին դրական փոփոխությունները առկա են զորակոչերում: Դրանք վստահության զգացողություն են հաղորդում, ոգեշնչում են ինչպես մեր զորակոչիկներին, այնպես էլ նրանց ծնողներին: Բժշկական հետազոտությունները, փորձաքննությունները, հանձնաժողովներում ընդգրկված բժիշկ-մասնագետների արհեստավարժությունը ինչպես զինկոմիսարիատներում, այնպես էլ հավաքակայանում ընթացող աշխատանքներում ակնառու են:
Ինչ վերաբերում է զորակոչիկներին, ապա նրանք զորակոչից զորակոչ ավելի ու ավելի պատրաստակամ, ավելի վստահ և հպարտ են ներկայանում զինկոմիսարիատ: Այդ ոգին զգացվում է նաև ծնողների մեջ: Իսկ զորակոչի ընթացքում հավասարության և արդարության ամրապնդումն ու գործընթացի լիակատար թափանցիկությունն իրենց հերթին ամրացնում են բանակ-հասարակություն փոխվստահության մթնոլորտը»:
Զորակոչիկ որդիներին ճանապարհելու եկած ծնողների մեջ հնարավոր չէ չնկատել ՀՀ վաստակավոր արտիստ, ազգագրական երգերի հանրահայտ կատարող Արսեն Գրիգորյանին (Մրոյին): Նա այսօր որդուն՝ Գրիգորին է բանակ ճանապարհում:
Ծնունդով Արևմտյան Հայաստանի և Սիրիայի սահմանագծին գտնվող Ղամիշլի քաղաքից է: Տարիներ առաջ Սիրիայից հայրենիք վերադարձած և այստեղ ամուր արմատներ ձգած երգիչը ընտանեկան հետաքրքրական պատմություն ունի, որի մասին կպատմենք «Հայ զինվորի» առաջիկա համարներից մեկում, իսկ այս պահին նա իր զինվոր որդով հպարտ հայր է:
«Նախ՝ հպարտություն եմ զգում, երկրորդը՝ ուրախություն: Ինչպես մեզ՝ ծնողներիս, այնպես էլ մեր որդու համար մեծ պատիվ է, որ նա արդեն այդ իրավունքը ունի՝ մեր բանակի համազգեստը կրելու, հայրենիքի պաշտպանության գործում իր մասնակցությունն ունենալու: Բնականաբար, առաջին անգամ որդի բանակ ճանապարհող ծնողներիս համար անսովոր է, բայց նաև ուրախ ենք, որ մեզ համար էլ եկավ այդ պահը… Հայրենազրկված, ցեղասպանություն տեսած մեր ընտանիքի համար հայրենիքում ապրելը երջանկություն է: Հայրս ծնվել է հայրենիքից դուրս, ես՝ նույնպես: Իսկ Գրիգորը ծնվել է Հայաստանում, այժմ էլ պատրաստվում է ծառայելու մեր ազգային բանակում: Մենք այնպես ենք դաստիարակել մեր երեխաներին, որ երեքն էլ՝ Նանեն, Անին, Գրիգորը, առավոտյան արթնանում են և ասում՝ «Բարի՜ լույս, Հայաստա՛ն»: Եվ եթե դա ձևականություն չէ, ուրեմն, յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա հայրենիքի պաշտպանության, բարգավաճման ընդհանուր գործում»:
Գրիգորն ավարտել է երաժշտական դպրոցի հարվածային գործիքների բաժինը, հնարավորություն է ունեցել երաժշտական վաշտում ծառայելու, բայց հրաժարվել է: Նրա ցանկությունն ու որոշումն է եղել, որ իր ծառայությունը լինի սովորական զորամասում և ոչ թե նվագախմբում: Ինչպես բոլորը՝ ինքն էլ վիճակահանությամբ կընտրի իր ծառայավայրը: «Մինչ զորակոչը մեկ տարի ծանոթանում էր տարբեր զինատեսակներին, ուզում էր որոշ չափով պատրաստված ներկայանալ զորակոչի,- ասում է Արսեն Գրիգորյանը:- Ընդունվել է պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետ, առաջին կուրսում է, կմիանա իր ընկերներին, կավարտի ծառայությունն ու կշարունակի ուսումը: Ոգևորված է: Ցանկացավ հենց առաջին օրը հավաքակայան ներկայանալ»:
Գրիգորի համար զորամասը նորություն չի լինելու. տասը տարեկանից եղել է բոլոր այն զորամասերում, որտեղ հայրը հանդես է եկել համերգներով:
«Երեկ մեր բոլոր հարազատ-բարեկամները հավաքվել էին մեր տանը: Ամբողջ գիշեր քեֆ ենք արել,- պատմում է Արսեն Գրիգորյանը:- Ուրախանում էինք, ռազմահայրենասիրական երգեր երգում: Այսօր ճանապարհում ենք մեր տղաներին: Ուզում եմ բարի ծառայություն մաղթել բոլոր զինվորներին: Մեր միակ ցանկությունն այն է, որ նրանք՝ մեր խաղաղության երաշխավորները, ուրախությամբ գնան, խաղաղությամբ ծառայեն ու ուրախությամբ ետ վերադառնան»:
Մի այլ տեղ էլ խմբվել են զորակոչիկ Հովհաննես Տերտերյանի հարազատները:
Մայրը՝ Իրինա Տրաբզանյանը, իր որդուն է ներկայացնում. «Հանգիստ, ոչ կոնֆլիկտային, ընկերասեր և ընկերների կողմից շատ սիրված տղա է որդիս: ԴՕՍԱԱՖ-ի վարորդական դասընթացներն է ավարտել: Չենք մտածում՝ որտեղ կլինի ծառայավայրը: Ոչինչ, թող ուշ-ուշ տեսնեմ, թող հեռու լինի զորամասը, կարևորը, որ արագ հարմարվի նոր միջավայրին, ես էլ իմանամ, որ ամեն ինչ կարգին է: Մեր բոլոր զինվորները իրենց ընտանիքի ճրագներն են, թող անփորձանք ծառայեն ու ողջ-առողջ վերադառնան իրենց օջախները: Սա էլ փոքր տղաս է՝ Ռոբերտս, մեր տան հաջորդ զինվորը»:
«Եղբայրդ շուտով զինվոր կդառնա: Ի՞նչ ես մտածում այդ մասին»,- հարցնում եմ Ռոբերտին:
«Կարծում եմ՝ ճիշտն այն է, որ ուրախ, հպարտ գնա ու ավելի ուժեղացած ետ գա»,- շատ լուրջ ասում է նա:
Հայրը՝ Ստեփան Տերտերյանը, կեսկատակ-կեսլուրջ ասում է. «Ամենակարևոր խորհուրդը, որ տվել եմ որդուս, այն է, որ լավ սնվի: Ամեն ինչ չի ուտում, բայց գիտեմ, որ բանակում կփոխվի»:
Զորակոչիկ Արմեն Եղիազարյանի մայրը՝ Հերմինե Աթանեսյանն էլ է իր զորակոչիկ որդուն գովում. «Անչափ խելացի է, ընկերասեր, ազնիվ, արդարամիտ: Ընկերներն ասում են՝ «Ոսկի սիրտ ունի»: Մեր ազգուտակում շատ են մաթեմատիկայի, ֆիզիկայի մասնագետները, նա էլ է այս ուղղությունն ընտրել: Նաև ԴՕՍԱԱՖ-ի վարորդական դասընթացներն է անցել: Տեսնենք՝ հանձնաժողովը ի՞նչ կորոշի»:
Արմենի հայրը՝ Աշոտ Եղիազարյանը, հավելում է. «Որդուս հորդորել եմ, որ շատ ուշադիր լինի հրամանատարների խոսքին, լավ ծառայի: Իսկ ընկերական շրջապատին, կարծում եմ, շատ արագ կհարմարվի. մարդամոտ է, ընկերասեր»:
…Արդեն այն պահն է, երբ բոլոր զինվորները անձնական գործերում վերջին ճշգրտումներից հետո դուրս են գալիս բակ, խառնվում հարազատներին: Այս ու այն կողմում նորակոչիկներին վեր-վեր են թռցնում. նրանք այսօրվա հերոսներն են: Մինչև ավտոբուսներում տեղավորվելը՝ զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանը դիմում է նորաթուխ զինվորներին ու նրանց ծնողներին: Զինվորներին հորդորում է պատրաստակամ ու պատասխանատվությամբ վերաբերվել իրենց նոր կարգավիճակին, իսկ ծնողներին համբերություն է ցանկանում, վստահեցնում է՝ մինչև իրենց որդիների վերադարձը պատրաստ է ցանկացած խնդրով աջակցելու:
Զինվորները ամուր-ամուր գրկախառնվում են հարազատների, ընկերների հետ. նրանցից շատերին հենց այստեղ էլ հրաժեշտ կտան: Զինկոմիսարիատի աշխատակցուհի Ոսկեհատը, որ արդեն պատրաստել է ջրով լի դույլը, կատարում է ավանդական դարձած արարողակարգը. ջուրը շաղ է տալիս ճամփա ընկած ավտոբուսի ետևից` «Աստված ձեզ հետ, տղանե՛ր ջան»:
Մինչև կենտրոնական հավաքակայան մեկնելը հաջորդ կանգառը Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին է, որտեղ Տեր Խորեն քահանա Մարուքյանը զինվորների օրհնության կարգ անցկացրեց, ընթերցեց Պահպանիչ աղոթքը, նորակոչիկներին հորդորեց համբերատար ու դիմացկուն լինել, հոգատար ու սիրով միմյանց նկատմամբ, իսկ թշնամու հանդեպ՝ անվարան ու անկոտրում: Արարողակարգի վերջում զինվորներից յուրաքանչյուրն ստացավ իր Աղոթագիրքը:
Օրվա ամենախորհրդանշական պահերից մեկն էլ սա է. զինվորներն ու նրանց հարազատները մոմերով առանձնանում են Աստծու հետ անկեղծ ու մտերմիկ զրույցի…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #49 (1320) 23.12.2019 - 30.12.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում