Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ



Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել։

Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչի ընթացքին, բժշկական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բժիշկների հետ:

Պաշտպանության նախարարը եղել է նաև Կենտրոնական հավաքակայանի ճաշարանում, ծանոթացել մատուցվող սննդի վերաբերյալ զինակոչիկների կարծիքներին և լսել նրանց առաջարկները:

Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորակոչի կազմակերպման պատասխանատուներին՝ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


25/12/2019