Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ



2011թ. զինված ուժերի պատրաստության գործընթացը նշանավորվեց կարևոր մի իրադարձությամբ` մեկնարկեցին պահեստազորայինների առաջին վարժական հավաքները: Վարժական հավաքներ, որպես այդպիսին, զինված ուժերում նախկինում չեն անցկացվել: Պատերազմական տարիներին սովորական հավաքներում ընդգրկված անձինք պարզապես համալրել են մարտական ստորաբաժանումները, որի միջոցով լուծվել են առավելապես հաշվառման և կազմակերպչական խնդիրներ: Մինչդեռ վարժական հավաքները անչափ կարևոր նպատակ են հետապնդում` պահեստազորում կուտակել ռազմաուսուցանված մասնագետների:

Ինչպես նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության զորահավաքային բաժնի պետ-վարչության պետի տեղակալ գնդապետ Գ. Ղուլյանը, այս տարվա սկզբին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է վարժական հավաքների անցկացման կարգը, որով սահմանվել են միջոցառման անցկացման պլանավորումը, զինկոմիսարիատների, զորամասերի կոնկրետ անելիքը և այլն: Բոլոր օղակների գործառույթները համապատասխանեցվել են գործող օրենքներին և չափանիշներին: Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործմանը միտված վարժանքների անցկացումը ամրագրված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, որն էլ ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթն է:

Տարեկան պլանի համաձայն` այս տարվա վարժական հավաքները մեկնարկել են ապրիլի 1-ին և ավարտվել հոկտեմբերի 19-ին` ներառելով գրեթե բոլոր զորատեսակների բազմաթիվ պահեստազորայինների: Հավաքները տևել են 3-10 օր` կախված հավաքի բնույթից: Այսինքն` մասնակիցներին պատրաստել, վերապատրաստել են կոնկրետ մասնագիտությունների գծով` հաշվի առնելով նախկինում ստացած գիտելիքների պաշարը և զինվորական կոչումը, ինչով էլ պայմանավորվել է հավաքի տևողությունը:

Գնդապետ Ղուլյանը տեղեկացրեց, որ վարժական հավաքների ծրագրերը կազմվել են զինկոմիսարիատների նախապես ներկայացրած պահանջներին համապատասխան: Նեղ մասնագետների պահանջարկից ելնելով` հանրապետության տվյալ տարածքի պահեստազորայինները նաև վերապատրաստվել են նախկինում նրանց կատարած զինվորական գործին մոտ մասնագիտությանը համապատասխան:

Առաջին վարժական հավաքներն անցկացվել են ինժեներական զորքերի պահեստային կազմի սակրավորների հետ: Այս տարվա կազմզորահավաքային ուսուցողական միջոցառումները եզրափակել են ՀՕՊ մասնագետների վարժական հավաքները: Պահեստազորում հաշվառված և զինկոմիսարիատ ներկայացած մինչև 45 տարեկան մասնագետները հանդերձանք են ստացել, հրահանգավորվել, իրենց կոչմանն ու պաշտոնին հատուկ խնդիրներ ստացել: Ուսուցումը կազմակերպվել է ՀՕՊ զորամասերի ուսումնանյութական բազայի հիման վրա, օգտագործվել է նաև զորատեսակի ռազմական տեխնիկան:

Հարկ է նշել, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է զորակոչվել նման հավաքներին մասնակցելու, և գործատուն պետք է ապահովի աշխատակցի ներկայությունը: Վերջինս օրենքով սահմանված կարգով պետության կողմից ստանում է դրամական փոխհատուցում:

Գնդապետ Ղուլյանը հայտնեց, որ այս տարվա վարժական հավաքների անցկացման ժամանակ կուտակած փորձի հիման վրա հաջորդ տարի նախատեսվում է մի քանի անգամ ավելի պահեստազորայինների ներգրավել գործընթացում: Կազմակերպվող միջոցառումները հնարավորություն կտան տարբեր զինվորական մասնագիտությունների գծով պատրաստել, վերապատրաստել, ապա եւ պահեստազորում հաշվառել զինված ուժերին անհրաժեշտ մասնագետների, որոնք պատերազմական իրավիճակում ցանկացած պահի կհամալրեն մեր զորամասերը:

Ա. ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ազգային բանակ


26/10/2011