Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 2000 – 2003



2000

Հունիսի 18 – Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում Ազգային ժողովի ընտրություններ:

Հուլիսի 5 – ԼՂՀ ԱԺ նախագահ է ընտրվում Օլեգ Եսայանը:

Դեկտեմբերի 10 – Ստեփանակերտ են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

2001

Հունվարի 26 – Ֆրանսիական կողմի միջնորդությամբ Փարիզում տեղի է ունենում նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Հ. Ալիեւի հանդիպումը:

Մարտի 4-5 – Փարիզում տեղի է ունենում նախագահների երկրորդ հանդիպումը, որին հաջորդում են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Փարիզյան բանակցությունների արդյունքում քննարկվում է հակամարտության կարգավորման բոլորովին նոր տարբերակ, որը վերջնական տեսք է ստանում ապրիլի 3-7-ը ԱՄՆ Քի Վեսթում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:

Մարտի 16-20 – Մոսկվայում եւ Վաշինգտոնում տեղի են ունենում ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հանդիպումները ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ:

Ապրիլի 3-7- ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Վեսթ կղզում: Հանդիպումից հետո Մինսկի խումբը տարածում է պաշտոնական հաղորդագրություն, որում նշվում է, որ Քի Վեսթում բանակցություններն ընթացել են հունվարի 25-ի եւ մարտի 4-5-ը Փարիզում տեղի ունեցած հանդիպումների հիման վրա:

«Համանախագահները պատրաստում են նոր համապարփակ առաջարկություն»: Ըստ ԱԳ նախարար Օսկանյանի` Քի Վեսթում քննարկվել է Լաչինի միջանցքով Հայաստանը եւ Ղարաբաղը կապելու հարցը: Զուգահեռաբար Հայաստանը պետք է թույլ տար Ադրբեջանին օգտվել Նախիջեւանի հետ ցամաքային ճանապարհից: Ազատագրված տարածքների վերադարձի հարցը պետք է քննարկվեր միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանելուց հետո:

Նշենք, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պնդում էր հետեւյալ սկզբունքները. 1) հակամարտության բոլոր կողմերի իրավահավասարություն, 2) Լեռնային Ղարաբաղի անկլավային գոյության բացառում, այսինքն` Ղարաբաղը պետք է ցամաքային կայուն կապ ունենար Հայաստանի հետ, 3) Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ:

Մայիս- Մինսկի խումբը հայտարարում է, որ բանակցությունները շարունակելու համար հունիսին նախատեսվում է նախագահների նոր հանդիպում Ժնեւում, սակայն մինչեւ մայիսի վերջ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, եւ բանակցությունները կրկին հայտնվում են փակուղում:

Հուլիսի 10-13 – Մինսկի խմբի համանախագահները այցելում են Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու, հանդիպում հակամարտության կողմերի ղեկավարների հետ:

Օգոստոսի 2- ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սոչիում հանդիպում է Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւի հետ:

Նոյեմբերի 30- Ռ.Քոչարյանը Մոսկվայում կրկին հանդիպում է Հ. Ալիեւի հետ:

2002

Մարտի 5 – Երեւանում տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ Ժայմե դը Գամայի հետ:

Մարտի 10 – Ստեփանակերտում ԼՂՀ նախագահի հետ են հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Օգոստոսի 11 – ԼՂՀ նախագահի պաշտոնում վերընտրվում է Արկադի Ղուկասյանը:

Դեկտեմբերի 25 – Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե, իբր, ադրբեջանական բանակը Ղազախի շրջանում գրավել է երկու հայկական գյուղ: Այս տեղեկությունը հերքում են հայկական պաշտոնական շրջանակները:

2003

Հունվարի 6 – ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական շփման գիծը փոփոխության չի ենթարկվել:

Հունվարի 9 – Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ Թուրքիայի ԳՇ բարձրաստիճան սպաների հանդիպման ժամանակ թուրքական կողմը հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար Ադրբեջանը պետք է ուժեղ բանակ ունենա:

Հունվարի 8 – Աղդամի շրջանում ադրբեջանական բանակի դիվերսիոն խումբը փորձում է հատել հայ-ադրբեջանական շփման գիծը, սակայն ձախողվում է: Ադրբեջանցի մեկ զինծառայող վիրավորվում է եւ գերի ընկնում:

Հունվարի 24 – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հատուկ ներկայացուցիչները հանդիպում են Ստրասբուրգում: Քանի որ ընթացիկ տարում նախագահական ընտրություններ պետք է լինեին, եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում, նպատակահարմար է համարվում նվազեցնել նախագահների երկկողմ հանդիպումների հաճախականությունը:

Փետրվարի 19 – Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Հիմնական պայքարն ընթանում էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Երկու թեկնածուներն էլ չեն հավաքում անհրաժեշտ քանակի ձայներ, եւ մարտի 3-ին տեղի է ունենում քվեարկության երկրորդ փուլը: Նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը:

Հուլիս – Ադրբեջանում կտրուկ վատթարանում է նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը, եւ նա տեղափոխվում է սկզբում Թուրքիա` բուժման, այնուհետեւ` ԱՄՆ: Ալիեւն արդեն հայտարարել էր, որ իր թեկնածությունն առաջադրում է Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար:

Օգոստոսի 4 – Հ.Ալիեւի որդին` Իլհամը, նշանակվում է Ադրբեջանի վարչապետ:

Հեյդար Ալիեւը ապրիլից մինչեւ իր պաշտոնապես հայտարարված մահվան օրը` դեկտեմբերի 12-ը, հրապարակային ոչ մի ելույթ չի ունենում: Նրան ոչ ոք չէր տեսնում, բացի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչներից: Ըստ որոշ տեղեկությունների` Հ. Ալիեւը մահացել էր հունիսին` Թուրքիայի «Գյուլխանե» զինվորական հոսպիտալում, սակայն թուրքական բարձրագույն ռազմական ղեկավարությունն արգելել էր որեւէ տեղեկություն տրամադրել դրա մասին: Այնուհետեւ նրա մարմինը գաղտնի տեղափոխվում է Քլիվլենդ` ԱՄՆ, որտեղ եւ պահվում է մինչեւ ընտրությունների ավարտը: Ուշագրավ է, որ այդ տեղափոխությունն իրականացնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը: Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ օգոստոսին նրա որդին` Իլհամը, ինքն է ստորագրում իր` վարչապետ նշանակվելու հրամանագիրը: Այլսինքն` Ի.Ալիեւի նախագահ դառնալու օրինականությունը, մեղմ ասած, կասկածելի է:

Սեպտեմբերի 24 – Նյու Յորքում տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ Ադրբեջանի վարչապետ Ի. Ալիեւի հանդիպումը:

Սեպտեմբերի 26 – Նյու Յորքում տեղի է ունենում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Աբդուլլա Գյուլի հանդիպումը: Մոտ 50 րոպե տեւած բանակցությունների ընթացքում նրանք քննարկում են հայ-թուրքական սահմանի բացման եւ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Հոկտեմբերի 2 – Հայտարարվում է, թե իբր Հեյդար Ալիեւը «հանում է» իր թեկնածությունը նախագահական ընտրություններում` հօգուտ որդու` Իլհամ Ալիեւի:

Հոկտեմբերի 15 – Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթում է Իլհամ Ալիեւը:

Իլհամի նախագահ դառնալուց հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում, հակահայկական քարոզչությունը դրվում է պետական մակարդակի վրա, մի քանի անգամ մեծանում է Ադրբեջանի ռազմական բյուջեն, հաճախակի են դառնում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները, որոնք շարունակվում են առայսօր:

Դեկտեմբերի 11 – Ժնեւում տեղի է ունենում նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի առաջին հանդիպումը:

ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Պատմության էջերից


26/10/2011