Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՔ՝ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ



Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյի Տոնոյան) ծնվել է Տարոն աշխարհի Խութ-Բուռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղում։ Եղավ ու մնաց գրականության մշակ, առաքինի մտավորական, բանաստեղծ, արձակագիր, վիպասան, թարգմանիչ, ազգագրագետ, բանահավաք, ասացող, ֆիդայի-ռանչպար, շինական, պատմիչ, ուսուցիչ։ Ամեն մի սերունդ հայոց պատմության իր դասը պիտի քաղի Մեծ հայրենասերի թողած ժառանգությունից, նրա վիպական ասքերից։

Մեր հոյակապ հին վանքերի, մութ խուցերում մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի կում ջրով, մի նշխարով եւ տքնությամբ գիշերն անքուն՝
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն։

Ավետիք Իսահակյանի այս խոսքերը որքա՜ն բնորոշ են մեծ գրողին։

Նահապետ, դու արդեն հարյուր տարեկան ես…
Անցնող տարիներից քո երկրային 64 տարիները միշտ մնալու են անփոփոխ։ Աշխարհ եկող ամեն մի սերունդ քեզ տեսնելու-զգալու է այնպիսին, ինչպիսին դու եղել ես՝ բարի ու թախծոտ, առաքինի ու արծվենի։ Քո երկրային տարիներին կգումարվեն էլի տարիներ, տասնամյակներ, դարեր։ Քո ծննդյան օրերը, տարիները կհիշվեն, կնշվեն։ Նորից ու նոր կկարդանք քո գրերը, կխորհենք, կմտորենք քո ապրած կյանքի, քո կատարած գործերի մասին։ Պատմագիրը, երաժիշտն ու բանաստեղծը իրենց ստեղծագործություններում, նկարիչներն իրենց կտավներում կփնտրեն, կգտնեն նորանոր գույներ, հողագործ-ռանչպարը քեզ հետ անվերջ զրույց կանի, կցավի, երբ բահը դեմ առնի քարի, ծնկած կնայի, թե ինչպես է վարարած ջուրը քշում-տանում իր ծլարձակած արտի ցորենը… Սահմանին կանգնած զինվորը ամեն մի ժայռ ու քարից Անդրանիկի, Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Մախլուտոյի շունչն ու ոգին կզգա, կգոտեւորվի, անքուն գիշերներ կանցկացնի քո հերոսների հետ… Ու էլի կմտորենք, կխորհենք, հարցում կանենք ինքներս մեզ՝ ո՞րն էր քո կյանքը, Նահապետ, քո ապրած երկրային 64 տարինե՞րը, թե՞ անցնող տասնամյակները, գալիք դարերը։ Հարցում կանենք, ու հայրենիքի համար ամեն մի բախտորոշ պահի կգտնենք պատասխանը, որովհետեւ օրհասական պահերին զգում ենք քո շունչը, զգում ենք քո խոսքի, գործի, գրի կարեւորությունը եւ ապրում, մարտնչում ենք քո հերոսների կերտած հայրենիքով, նրանց հույսով ու սիրով լցված Հայաստան աշխարհում։ Եվ այդ աշխարհը հար ու հավերժ մնալու է մերը, որովհետեւ, Նահապետ, եկել է այն սերունդը, որը գիտակցեց քո ապրած տարիներից ո՞րն էր քոնը եւ որն էր Հայաստան աշխարհինը։ Իրենց ապրած տարիներից ո՞րն էր Գեւորգ Չաուշինը, Անդրանիկինը, Նիկոլ Դումանինը, Արաբոյինը, Աղբյուր Սերոբինը եւ որն էր հայրենիքինը, իր ապրած տարիներից որն էր Վազգենինը, Մոնթեինը, Լեոնիդինը, Բեկոր Աշոտինը, Եռաբլուրում ննջող մեր հայորդիներինը, եւ որն էր Հայաստան աշխարհում իր առաջին ճիչն ազդարարող նորածին զավակինը…
Այսպես է, Նահապետ, որովհետեւ քո ապրած կյանքում քո խիղճը եղավ մեզ դատավոր, եւ քո հոգու դռները բաց եղան աշխարհի չորս ծագերից հայրենիք նայող աչքերի ու ոտք դնող հայորդիների համար։ Եվ ապրողներիս քո խիղճն ասում է. «Երկրային ձեր ժամանակներում տեսեք ձեր կողքին ապրող հերոսին, բացեք ձեր հոգու աչքերը, եւ ժամանակների մեջ հերոսների պսակներից դափնու տերեւները մի պոկեք հատ-հատ, մի գցեք ցեխի մեջ՝ շան բերանում։ Մի՞թե չեք զգում պատմության ընթացքը՝ նա իր նվիրյալներին պետք է ընտրի, բյուրեղացնի, դեն նետի ամեն ախտ եւ բարձրացնի Ազատ Մասիսն ի վեր»։
Այսպես է, Նահապետ, որովհետեւ, դու արդեն քանի՜ տարի պատգամում, ասում ես՝ նշխար կեր, ակնթարթը հասկացիր հավիտենություն, բոցը՝ լուսին, խարույկը՝ արեւ հասկացիր, հոգսը՝ գաղթ, գաղթականություն հասկացիր։
Ռաֆայելի Գագիկ որդին զոհվել էր հայրենի սահմանները պաշտպանելիս, թողնելով պապի անունով փոքրիկ զավակին։ Հրաժեշտին ծեր սասունցին այսպես դիմեց ինձ. «Որդուս մասին գրելուց չօգտագործեք գաղթական, այրի, զոհվածի ընտանիք բառերը։ Մենք սերում ենք Խաչիկ Դաշտենցի ռանչպարներից. նրանք չեն ներում լալկանությունը։ Միայն գրիր, որ որդիս զոհվեց հայրենիքը պաշտպանելիս»։
Նահապետ, դա խնդրանք չէր, այլ բողոք, տարիներով, դարերով կուտակված խոսք, որը ապրողներիս էին փոխանցել քո հերոսները, որոնք ապրում էին, թախծում, տառապում, երազում՝ փորձելով գտնել պահի ու հավերժության գաղտնիքը։ Եվ մեր էպոսի փոքրիկ գետակի նման բարձրիկ լեռներից իջնում, կտրում-անցնում էին հորդառատ գետը, հասնում մյուս ափ, հետո խառնվելով գետին գնում էին, գնում, իրենց ափեափ զարկելով, սակայն լույսի նման շողարձակելով իրենց զուլալ, կապույտին տվող երակը։ Ի՞նչ փույթ, թե մարդիկ այդ կապույտով էին փորձում լվանալ իրենց ապխտած ձեռքերն ու սրբում կապույտ շղարշով։
Նահապետ, անհաս էր ու մաքուր քո ստեղծած աշխարհի կապույտը, որը հետ էր պահում մեղքից ու տանում դեպի հերոսացում…
Դարավերջի մեր հերոսներից ոչ մեկը չզգաց, որ դու բացակա ես, Նահապետ։ Հակառակը՝ նրանց միշտ թվում էր, թե ամեն մի օրհասական պահի զգում է ռանչպարների շունչը, ու թե ինչպես ես դու ժամանակագրի ճշգրտությամբ թղթին հանձնում իրենց հերոսական արարքները…
Այդ հերոսականության հետ քայլում է քո ազնվականությունը, քո բարոյական նկարագիրը, որը որքան էլ վարարի, հեղեղ չի դառնա, այլ նշխարի պես կբաժանվի քո ժողովրդին, որովհետեւ քո ապրած կյանքով, քո գրով դու հաստատում ես, որ երբ չկա բարոյականություն՝ հրի ու ջրի է մատնված ամենայն բան…
Եվ ժամանակը քեզ պահեց-պահպանեց, բյուրեղացրեց՝ հայոց սրբակենցաղ այրերի շարքը դասելու համար…
Որ պատրաստ լինենք ինչպես մարմնապես, այնպես էլ հոգեպես, նշխարի զորությամբ ընդունել, ձեռք մեկնել Նարեկին, վերցնել Նարեկը խաղաղված հոգով, որ Նարեկը բացի իր գաղտնիքները, որովհետեւ գիտակցել ենք, Նահապետ, որ արդեն կա պահապան ուժը՝ «Ռանչպարների կանչը», որ արդեն կան, մեր կողքին են, մենք բախտ ունեցանք նրանց տեսնելու, լսելու մեր դարավերջի ազատամարտի հերոսական հաղթանակներ կերտողներին…
…Մռավի բարձունքին կանգնած էր զինվորը։ Ամպի քարավանները գալիս փաթաթվում էին նրա ոտքերին, ժայռերին ու անցնում։ Զինվորը կանգնած էր հպարտ ու աներեր։ Անունը Տարոն էր, ծնվել է Դաշտադեմ գյուղում։
-Նախնիներս գաղթել են Տարոն աշխարհից. իմ մեծ պապը եղել է ֆիդայի, մեր նոր գյուղը կոչել են Խաչիկ Դաշտենցի ծննդավայրի անունով։ Ամեն մի հայ պետք է որ անգիր իմանա Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը»,- ասում է զինվոր Տարոնը ու ժպտում։ Այդ ժպիտից ամպերը բոցավառվում են, ու այդ լույսը մեր զինվորների ձեռքին դառնում է Թուր Կեծակի, իսկ թշնամու համար լազերային ճառագայթ…
…Լեռան ստորոտում մեզ դիմավորում է Արան եւ հրավիրում տուն։ Արան մարտնչել է արցախյան տարբեր ճակատներում։ Հրադադարից հետո ամուսնացել է ստեփանակերտցի Ռուզաննայի հետ, որը երկու հրաշալի զավակներ է նրան պարգեւել։ Բնակվում է Քարվաճառում։ «Գաղթել ենք Սասնո աշխարհի Մգդինք գյուղից։ Իմ նախնիների բնակավայրը հայտնի էր թուրքական կառավարությանը որպես ֆիդայապետ Առաքելի բնակավայր։ Մեր ցեղը կոչվում է Կարմիր Իրիցու ցեղ (Կարմիր Իրիցու Ավետարանի համար)։ Մեր ցեղի հարսները գնում են աղբյուրից ջուր բերելու։ Ասկյարները փորձում են նեղացնել, կժերը ջարդում են։ Վրա է հասնում իմ պապ Արան եւ ասկյարներին սպանելով, նորից բարձրանում է լեռները։ Այդ մասին Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գրքում գրված է»,- պատմում է Արան։ Հրաժեշտին Արան կատակով ասում է. «Նոր սերունդ է աշխարհ եկել՝ պատկերացնո՞ւմ եք սասունցուց ու արցախցուց սերվածները»։
…Մեկ ուրիշ ազատամարտիկ ամեն առավոտ կանգնում էր Արցախ աշխարհի բարձունքներին ու ձայնում. «Է՜յ, ասկյա՜ր, քո վերջին այգաբացն է՝ նամազդ արա»։
Այդպես հպարտ ու վեհ Սասնա ժայռերին էր կանգնում Գեւորգ Չաուշը ու ձայնում։ Այդպես էին կռվի դուրս գալիս քո հերոսները, Նահապետ, որոնք ասես սերում էին մեր հին վիպաշխարհից, մեր էպոսից… Այդ ձայնը հասնում էր Թորգոմ անունով քաջորդուն, ով արյան կանչով 19-րդ դարավերջին Արցախ աշխարհից իր զինակիցների հետ հասել էր Սասուն՝ իր բաժին հերոսությունը խառնելով հայդուկների ազատատենչ պայքարին…
…Մատաղիսի գրադարանը այրել էին, բզկտել։ Վիրավոր մարտիկների նման շուրջբոլորը փռված էին այրված գրքերը՝ Բայրոն, Թումանյան, Իսահակյան, Չարենց, Սեւակ… Մարտակերտցի ազատամարտիկը անձայն հավաքում էր գրքերը, թերթում։ Ձեռքին քո «Ռանչպարների կանչն» էր։
-Մեր տան սեղանի գիրքն էր,- վերհիշում է ազատամարտիկը,- երեխաներով կարդում էինք բարձրաձայն, որ ծնողներս լսեն։ Մի անգամ մայրս մոռացել էր, որ խմոր է հունցել ու, նստած վառարանի կողքին, ունկնդրում էր։ Կարդում էի «Ռանչպարների կանչը»։ Մոռացել էինք, որ խմորը բարձրացել, թափվել էր տաշտակից…
…Հրամանատարը իր զինվորին թեւանցուկ, որն առանց թույլտվության լքել էր զորամասը, մոտեցավ պատուհանին եւ ցույց տալով շարահրապարակը, ասաց.
-Երբ բանակ չենք ունեցել, զինվոր չենք ունեցել, թշնամին այդպիսի հրապարակներում հազարավոր գրքեր, մագաղաթներ է հավաքել ու կրակի մատնել։ Մեր Նարեկը ամենաբարի գիրքն է աշխարհում, որը սակայն պետք է պաշտպանել։
Հետո դառնալով զինվորին հարցնում է.
-Իսկ դու կարդացե՞լ ես Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»։ Կարդա եւ կգիտակցես քո սխալը եւ կուղղես, որ ծառայությունից հետո պարզ ճակատով նայես մերձավորիդ աչքերին։
Այդպես եղավ դարավերջին, Նահապետ… Քեզ զգալու, ճանաչելու համար ամեն մի հայ, լինի մտավորական, շինարար թե ազատամարտիկ, մտովի անցավ քո հերոսների ճանապարհով։ Անցավ հպարտությամբ, որովհետեւ աշխարհում մեն ու միակ այս դեպքում է հպարտություն բառը դուրս գալիս անձնական զսպաշապիկից եւ ձուլվում երկրին, ժողովրդին, վեհորեն բարձրանում ու լցվում հայոց բնակավայրերը, տեսնում բնակավայրերի անցածն ու գալիքը, լսում այն՝ հայոց բարբառներով ակաղձուն։ Եվ ո՞նց չհիշես մեր պատմահորը՝ Խորենացուն, որն իր իմացության, իմաստնության շնորհիվ փրկեց, մեզ հասցրեց մեր պատմության արմատները։ Եվ որքան դիպուկ է հնչում էլի մեր ոսկեդարի մեկ այլ պատմիչ Փավստոս Բուզանդի խոսքը՝ «Քաջությունը խելք է ու բարոյական վեհություն»։ Եվ դու, Նահապետ, շրջում էիր Ավետյաց երկրում, մանրամասնորեն նկարագրելով ամեն մի շեն ու տուն, ձոր ու ժայռ՝ գրում էիր հայոց մի նոր պատմություն, գրում էիր հպարտությամբ, դյուցազնական ոգով, որովհետեւ դաժան էին ժամանակները եւ վախ կար, որ կտրվեր կապը Պատմահոր Հայոց պատմությունից։ Եվ քեզ որքա՜ն են բնորոշ Բուզանդի խոսքերը՝ բարոյական վեհություն… Երբեւէ մտածե՞լ ենք այդ վեհության մասին՝ մարմինդ սարսռում է, որովհետեւ այդպես միայն զորավոր սրբերը կարող են ապրել…
Եվ դարավերջին, Նահապետ, թշնամին նորից փորձում էր ասպատակել հայոց շեները, Արցախ աշխարհը։ Եկել էին պղծելու, արնոտելու հայոց շեները։ Ու կանգնեցին Զորականները՝ կանգնեցին ռանչպարների հերոսների դյուցազնական ոգով՝ Հայկ, Դավիթ, Անդրանիկ, Վարդան, Գեւորգ, Մոնթե, Արկադի, Մանվել, Վազգեն, Ալբերտ, Սանասար, Վիտալի, Մհեր, Սեյրան, Շահեն, Մովսես, Լեոնիդ, Սամվել, Լեւոն, Գնել, Գագիկ, Մելիքսեթ, Ֆելիքս, Վուրգ, Հովիկ… Ո՞ր մեկին թվես…
Դարերը, հազարամյակները խտացել էին մեկ տարվա, մեկ տասնամյակի, մեկ օրվա մեջ, եւ նոր հազարամյակ մտնող ժողովուրդը պիտի հաստատեր իր ինքնությունը։ Եվ լսվեցին Հայոց վիպաշխարհից դուրս եկած քո զորականների անթեղված բառերը՝ հայրենիքի, սիրո մասին՝ քուրայից դուրս եկած երկաթագիր տառերի մաքուր, անաղարտ ձայնով։ Եվ չդիմացավ թշնամին Զորականների բազկին՝ ընկավ՝ իր պարտությամբ հաստատելով մեր ոգու զորությունն ու պատմական ճշմարտությունները։
Եվ Գրչի, Մտքի, Սրի զորությամբ ու հավատով Նահապետ, այսօր նրանք պահպանում են խաչը, խաչքարը, որը փրկված է, սակայն երկրի վրա դարձյալ փորձում են, փորձարկում, ջարդում, պղծում։ Եվ դրախտի բնակիչները քո ժողովրդի տառապանքի խաչերն ուսած բարձրանում են «Ազատ Մասիսն ի վեր»։
Եվ երթը ձգվում է, երթն անկանգ է՝ սուրբ Մաշտոց, Խորենացի, Մեծն Ներսես, Շնորհալի, Նարեկացի, Սարոյան, Սարոյան, Չարենց, Կոմիտաս, Բաղրամյան, Անդրանիկ, Նժդեհ, Մոնթե, Բեկոր, Սպարապետ, Խաչիկ Դաշտենց…
Եվ Դուք, Նահապետ, հար ու հավետ փրկում, բարձրացնում եք մեր ժողովրդի տառապանքի խաչը՝ Գրչի, Սրի, Մտքի զորությամբ ու Հավատով…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #48 (863) 8.12.2010 – 15.12.2010, Հոգևոր-մշակութային


16/12/2010