ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
Հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված հանձնաժողովն արդեն քննել է ավելի քան 70 դիմում-բողոք, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան միջնորդագրերն ուղարկել զորակոչային մարմիններին: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, լրացուցիչ փորձաքննության հարցերին՝ զինծառայության պիտանիության կամ տարկետում տրամադրելու մասին եզրակացությունը վերանայելու նպատակով:
Ձմեռային զորակոչի շրջանակում քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում:
Զորակոչի գործընթացի թափանցիկութունն ու օրինականությունն ապահովելու, քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը արագ լուծելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կգործի մինչև զորակոչի ավարտը՝ քաղաքացիներին ընձեռելով իրենց հուզող հարցերի լուծմանը հետամուտ լինելու գործուն հնարավորություն:
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով: