ԱԼԻԿ ՄԱՄՈՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ
Բանակում հերթափոխն ընդունելու ու երկիրը պաշտպանելու վճռականությամբ Ալիկ Մամոյանը տասնութամյա մյուս տղաների նման նույնպես կհամալրի զինված ուժերի շարքերը: Քաղաքացիական կյանքի ևս մի քանի րոպե առանց զինվորական կարգապահության ու ձգվածության, վերջին հրաժեշտը հարազատ տանն ու ծնողներին…
…Ուղիղ ժամը 9-ին Ալիկն արդեն տարածքային զինկոմիսարիատում է, ու թեև ամբողջ ճանապարհին նա լռում էր, բայց այստեղ կարծես իր դերն ու առաքելությունը գիտակցելով՝ համեստորեն ասում է. «Գնում եմ երկու տարի օր ու գիշեր հայրենիքի սահմանները պաշտպանած տղաներին փոխարինելու»:
Զինկոմիսարիատում Ալիկը նախ լրացնում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա բուժզննում անցնում: Բանակային առօրյան ու համազգեստը նրա համար խորթ չեն. դպրոցական տարիներին անդամագրվել է պատանի երկրապահ կամավորականների միությանն ու շատ բան է հասցրել սովորել զինծառայության մասին. «Դեռ փոքրուց ինձ հետաքրքրել են և՛ բանակը, և՛ զինվորականի առօրյան: Եվ այդ էր պատճառը, որ սկսեցի հաճախել պատանի երկրապահների ակումբ: Այդ տարիների ընթացքում հասցրել եմ ծանոթանալ զենքին, շարային պատրաստությանը, ֆիզպատրաստությանը ու կարծում եմ, որ հիմա ինձ համար ավելի հեշտ կլինի հարմարվելը բանակային կյանքին»:
Ալիկը վստահ է՝ յուրաքանչյուր հայ տղա պետք է անցնի այս ճանապարհով ու դառնա զինվոր: Դժվարություններից չի վախենում, խոստանում է լավ ծառայել ու կարգապահ զինվոր լինել:
Եկավ մեկնելու պահը. զորակոչիկների հետ Ալիկը ավտոբուս է բարձրանում և ոգևորիչ ուղերձներն ու մաղթանքներն ականջներում՝ շարժվում կենտրոնական հավաքակայան:
Զինվորական հանդերձանքի մեջ, ի դեմս Ալիկ Մամոյանի, մենք տեսնում ենք հայրենիքի պաշտպանին, մեր խաղաղության նոր երաշխավորին: «Երբ այս համազգեստը հագա, գիտակցեցի այն պատասխանատվությունը, որը դրվելու է իմ ուսերին… ու սկսեցի հավատալ եւ վստահել ինքս ինձ, իմ ուժերին…»:
Մասնագիտությամբ ավտոմեխանիկ զինակոչիկը վիճակահանությամբ ընկնում է ուսումնական զորամաս: Նա ծառայության առաջին վեց ամիսը կանցկացնի կապի ուսումնական զորամասում, ապա որպես կապավոր կուղևորվի զինված ուժեր:
Մենք էլ բարի ծառայություն մաղթեցինք Հայկական բանակի նորաթուխ զինվորին ու պայմանավորվեցինք հանդիպել մի քանի ամսից` պարզելու, թե ինչպես է յուրացրել կապավորի մասնագիտությունը:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #2 (1322) 15.01.2020 - 21.01.2020, Ազգային բանակ