ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ
«Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի՛ մոռացեք այդ: Արարե՛ք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության»:
Անգնահատելի են Արամյանցի ներդրումները առևտրի, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառում: Նա հովանավորել է «Հայկական ազգագրական ընկերության», մասնավորապես՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Անիում կատարվող բոլոր պեղումների և գտածոների պահպանման ծախսերը: Հենց դրանց հիման վրա էլ Արամյանցի հովանավորությամբ հիմնադրվում է Հայաստանի պատմության թանգարանը:
Արամյանցը Թիֆլիսում մեծ համբավ և համաժողովրդական ճանաչում է ձեռք բերում քաղաքում կառուցած հիվանդանոցով, որն աննախադեպ էր ողջ Կովկասում: Նա առաջիններից էր, որ արձագանքել էր Թիֆլիսի իշխանությունների՝ քաղաքում նոր հիվանդանոց կառուցելու կոչին: 1903 թվականին նա Թիֆլիսի քաղաքագլուխ Արղությանին հայտնում է հիվանդանոց կառուցելու պատրաստակամության մասին, պայմանով, որ այն կրելու էր իր անունը:
Հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1910թ.: Սա հիվանդանոցային մեծ համալիր էր՝ կառուցված եվրոպական չափանիշներով: Մասնագետների գնահատմամբ՝ այն իր շինությամբ և սարքավորումներով համապատասխանում էր ժամանակակից գիտության պահանջներին: Արամյանցը ինքն էր անձամբ Եվրոպայից Թիֆլիս բերել տարածաշրջանում առաջին ռենտգենյան սարքավորումը: «Արամյանցի հիվանդանոցը» աշխարհի առաջին հիվանդանոցներից մեկն էր, որտեղ հետազոտությունը, բուժումն, անգամ՝ վիրահատությունը կատարում էին անվճար: Ասում են՝ անգամ բուժանձնակազմի աշխատավարձը անձամբ Արամյանցն էր վճարում իր գրպանից: Կարճ ժամանակ անց «Արամյանցի հիվանդանոցը» Թիֆլիսի քաղաքագլխի որոշմամբ հիվանդանոցային համալիրի կարգավիճակ է ստանում:
Խորհրդային տարիներին հիվանդանոցը վերանվանվել է Կլինիկական թիվ 1 հիվանդանոց, սակայն թիֆլիսցիները այն շարունակել են անվանել «Արամյանցի հիվանդանոց»:
ԹԻՖԼԻՍԸ՝ «ԵՐԿՐՈՐԴ ՓԱՐԻԶ»
Ժամանակակից Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան իր այսօրվա վեհաշուք տեսքով, յուրահատուկ ու գեղեցիկ ճարտարապետությամբ պարտական է Միքայել Արամյանցին, Ալեքսանդր Մանթաշովին, Մելիք Ազարյանցին, Մելիք Շահնազարովին, Քալանթարով եղբայրներին ու էլի շատ հայտնի ու անհայտ անունների: Պատահական չէ, որ նրանց իրենց կառուցող ջիղի, Թիֆլիսի կառուցապատման համար կոչել են «բուրժուական հայ ճարտարապետներ», իսկ Թիֆլիսը՝ Կովկասի Փարիզ: Շատ քչերին է հայտնի, որ վերոհիշյալ բարերարներից միայն Արամյանցը ներկայիս Ռուսթավելի պողոտայում ժամանակի արևմտյան ճարտարապետական ոճով երեք հյուրանոց է կառուցել, որոնցից երկուսը գործում են առ այսօր:
ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՄՐՈՑ ՀԻՇԵՑՆՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
Արամյանցի շվեյցարական ոճով 1903-1909 թթ. կառուցած հայտնի դղյակը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում՝ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս, Ախթալա քաղաքից՝ 5-7 կմ հյուսիս-արևմուտք: Ցարական Ռուսաստանի օրոք Լոռվա ձորում լուսավորություն ունեցող միակ շինությունն էր, իսկ նրա կառուցած մեծ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:
Միքայել Արամյանցի դղյակում է ընդունվել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակագիրը։
Արամյանցի մերձակա շրջապատի կողմից շատ հարգի էր նրա Ախթալայի ամառանոցը-դղյակը: Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Խրիմյան Հայրիկը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը, նշանավոր օպերային երգիչ Ֆ. Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Է. Մեժելայտիսը, Ալեքսանդր Մեժուրովը և ժամանակի շատ ու շատ երևելի հայտնիներ:
Այսօր պատմական արժեք եւ ճարտարապետական յուրահատկություն ունեցող դղյակը գտնվում է աղետալի վիճակում եւ հնարավոր է՝ ընդհանրապես ոչնչանա:
ՄԱՐԴ, ՈՐԸ ԿԱՌՈՒՑԵՑ ԹԻՖԼԻՍԸ, ԲԱՅՑ…
Թբիլիսիի կենտրոնական, այժմյան Ռուսթավելիի պողոտայում, Արամյանցը կառուցում է «Մաժեստիկ» հյուրանոցը (այսօրվա Թբիլիսի «Մարիոտը»), «Պալաս Օթել» հյուրանոցը (այսօրվա թատերական համալսարանը) և իհարկե` քաղաքի մունիցիպալ հիվանդանոցը, որը ի տարբերություն հյուրանոցների, կոմերցիոն նախագիծ չէր:
Հայ մեծանուն բարերարի ու բարեգործի շնորհիվ Թիֆլիսը դարձավ անճանաչելի: Ոչ ոք չի էլ հիշի, թե դրանից առաջ ինչպիսին էր քաղաքը… «Երբ վրացիները գինետներում փողեր էին շաղ տալիս, հայերը կառուցում էին Թիֆլիսը … »,- ժամանակին նկատել էր Արամյանցների ընտանիքի մերձավորներից մեկը:
Արամյանցը սիրել է Թիֆլիս քաղաքը ու միջոցներ չի խնայել սիրելի քաղաքի բարեկարգման համար: Առաջին կառուցած հյուրանոցը նա անվանել էր իր 5 երեխաների անվան առաջին տառերով՝ «Арфасто» /Արամ, Ֆլորա, Սողոմոն, Աննա, Հովհաննես/: Այսօր նույն այդ շենքում տեղակայված է Վրաստանի թատերական ինստիտուտը:
Արամյանցի կառուցած մյուս երկու՝ «Պալաս-Օթել» և «Մաժեստիկ»՝ ներկայիս «Մարիոտ» հյուրանոցները գործում են առայսօր: «Մաժեստիկ» փառահեղ, շքեղ հյուրանոցն Արամյանցը կառուցել էր իր սիրած նավի ձևով: Փարիզում այն պարգևատրվել էր Գրան Պրի մրցանակով և Ոսկե մեդալով՝ որպես 1915թ. կառուցված եվրոպական լավագույն հյուրանոց:
Թբիլիսիում Արամյանցի կառուցած մեզ հայտնի շենքերից պահպանվել են երկուսը՝ մեկը Ռուսթավելիին հարող Կոստավա փողոցում, մյուսը կնոջ` Եվգենյայի համար կառուցված առանձնատունը: Մնացած կառույցները խորհրդային տարիներին քանդել են: Վրաստանի խորհրդայնացումից հետո Արամյանցը կորցրել էր ամբողջ կարողությունը, զրկվել հարստությունից, դիրքից: Թիֆլիսի պատվավոր քաղաքացի, առևտրականների բարձրագույն խորհրդի անդամ Միքայել Արամյանցը նետվել է իր կառուցած շենքի նկուղը՝ մատնված սովի ու աղքատության: Պատմում են նաև, որ կիսաքաղցած Արամյանցին հաճախ էին տեսնում իր կառուցած 5 միլիոնանոց հյուրանոցի պատերի տակ նստած՝ անընդհատ կրկնելով. «Ախ, ի՜նչ ժամանակներ էին… ի՜նչ տարիներ»: Արամյանցի կյանքի վերջին տարիները անցել են չքավորության մեջ: Վրաստանի սոցիալ-դեմոկրատական պետությունը, որը բուրժուազիային առանձնապես արտոնություններ չէր տալիս, նրանից խլեց տներն ու հյուրանոցները: Ռուսթավելիի պողոտայում գտնվող մեծ շենքում դեռ 1918թ. Գերմանիա-Կովկաս առևտրային բանկ են բացել, իսկ մեկ տարի անց հանձնել արհմիությանը:
Արամյանցին մնաց միայն տունը: Սոցիալ-դեմոկրատների սկսած գործը շարունակեցին բոլշևիկները: 1921թ. խորհրդային իշխանությունները Արամյանցին դուրս հանեցին նաև Սերգիի փողոցում գտնվող նրա միակ ու վերջին կացարանից: Արամյանցին իր սեփական տանը մնաց միայն մի փոքր նկուղ, որտեղ ապրում էր երեխաների հետ:
Մահացու վիրավորանքը մի կողմից, անձնական դժբախտ կյանքը մյուս կողմից վերջնականապես կոտրում են մեծ հային ու բարերարին, այդ պինդ, երկաթյա առողջություն ունեցող մարդուն: Արամյանցը մահանում է 1924 թվականին՝ սովի և աղքատության մեջ: Նրա հուղարկավորությանը ներկա է եղել Թիֆլիսի գրեթե ողջ բնակչությունը:
Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #2 (1322) 15.01.2020 - 21.01.2020, Պատմության էջերից