Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒ ՈՍԿԻ ԵՒ ՄԵԿ ԱՐԾԱԹ



Հայ զինծառայողների նվաճումը

ՀՀ ԶՈՒ զինծառայողների 8 հոգանոց պատվիրակությունը հոկտեմբերի 1-9-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ երկրների 8-րդ սպարտակիադային եւ նվաճեց 3 մեդալ՝ 2 ոսկի եւ 1 արծաթ: ԱՊՀ երկրներից մրցումներին մասնակցում էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ուկրաինան: Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցությունից՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով:

Մեր մարզիկներն իրենց ունակությունները ցուցադրեցին երկու մարզաձեւում՝ հրաձգություն հաստիքային զենքից եւ բազմամարտ: Ռազմական ինստիտուտի կուրսանտ Ռոմիկ Վարդումյանը ПМ3 ատրճանակով թիրախները խոցելով վաստակեց 284 միավոր եւ զբաղեցրեց առաջին տեղը: Նա պարգեւատրվեց ոսկե մեդալով:

Երկրորդ անգամ հայոց Եռագույնը բարձրացվեց ռազմական ինստիտուտի կուրսանտ, քառամարտիկ Արամ Դավթյանի շնորհիվ. նա 100 մետրանոց վազքուղին հաղթահարեց 11,1 վայրկյան ժամանակահատվածում եւ արժանացավ ոսկե մեդալի:

Կուրսանտ Արմեն Մինասյանն էլ AK74 ինքնաձիգով թիրախները խոցելով վաստակեց 277 միավոր, ինչը սպորտի վարպետության թեկնածուի ցուցանիշ է: Նա զբաղեցրեց երկրորդ տեղը եւ պարգեւատրվեց արծաթե մեդալով:

Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ Իշխան Մաթեւոսյանը, թիմի գլխավոր մարզիչը՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ֆիզիկական պատրաստության ամբիոնի պետ փոխգնդապետ Հայկ Մարգարյանը, թիմի պետն էր ֆիզպատրաստության բաժնի պետ գնդապետ Արամ Գրիգորյանը:

«Մասնակից երկրները զարմացած էին, որ այդպիսի փոքր կազմով մեզ հաջողվեց երեք մեդալ նվաճել: Ղազախստանն ու Բելառուսը, օրինակ, կարողացան մեկական ոսկու տիրանալ, թեպետ նրանցից յուրաքանչյուրը ներկայացել էր 60-ից ավելի մասնակիցներով: Ռուսները 11 ոսկի ստացան՝ մասնակցելով 73 մարզիկներով: Ռուսաստանը, ի տարբերություն մեզ, ունի ֆիզիկական կուլտուրայի զինվորական ինստիտուտ, որի ուսանող- կուրսանտներն էլ մասնակցում էին սպարտակիադային», -նշեց Ա. Գրիգորյանը:

Այս սպարտակիադան վկայեց, որ մեր զինվորականները ուժեղ են ոչ միայն հոգով, գիտելիքներով, այլեւ ֆիզիկապես լավ պատրաստված են, ինչը եւ ապացուցեցին ազնիվ պայքարում: Հաջորդ սպարտակիադան անցկացվելու է 2012թ. հունիս ամսին Ղազախստանում, որին կմասնակցենք ավելի լավ պատրաստված եւ մեծաքանակ անձնակազմով:

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/10/2011