Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ



ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄՏեղացած առատ ձյունը չխանգարեց, որ Քաշաթաղի շրջանի հարավային ու հյուսիսային թևերի ամենահեռավոր համայնքներից՝ Կովսականից, Լեռնահովիտից և այլ բնակավայրերից զորակոչիկները Բերձոր հասնեն և ժամանակին ներկայանան շրջանային զինկոմիսարիատ: Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի տրամադրությունը բարձր է. զորակոչը կազմակերպվել է հավուր պատշաճի:

-Ինչպես միշտ, այս անգամ էլ բոլոր զորակոչիկները ներկայացել են: Համայնքների ղեկավարների հետ լավ ենք աշխատել:

Զորակոչային բաժնում եռուզեռ է: Զինկոմիսարիատում են Արցախ Բունիաթյանի անվ. Քաշաթաղի շրջանային բուժմիավորման ներկայացուցիչները: Բժշկուհի Վիոլետա Ասրյանը տեղեկացրեց, որ 16 տարին լրանալուց հետո (մինչև 18-ը լրանալը) զորակոչիկներն ստանում են 6 պատվաստում: Վերջին պատվաստումը գրիպի դեմ է: Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը զրուցում է զինվորացող տղաների հետ, վերջնական տեսքի բերում փաստաթղթերը, տալիս հրահանգներ: Վաղազինից Ռուդիկ Սարգսյանի և Անգին Մխիթարյանի միակ որդին՝ Սարգիսը, տան կրտսերն է՝ հինգ քույրերի միակ եղբայրը: Փոքր-ինչ մտահոգ է մայրը. միակ որդին է գնում բանակ:

Գնում է հայրենիքը, իր ընտանիքը պաշտպանելու: Խաղաղություն թող լինի, բոլորն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց օջախները:

Սարգիսենց ընտանիքը 2000-ին Երևանից եկել ու բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում: Արդեն տասնինը տարի լծվել են ազատագրված հայրենիքը շենացնելու գործին: Լեռնահովիտ համայնքից է Կարեն Սահակյանը: Երկու տարի առաջ է ավարտել դպրոցը, զբաղվել է հողագործությամբ, շենացրել է հայրենի տունը: Եկել է ժամը, և նա արդեն կազմ ու պատրաստ ներկայացել է զինկոմիսարիատ: Նրա եղբայրը՝ Կարլենը, արդեն մեկ տարի է, ինչ ծառայում է Արցախի բանակում: Կարենը ցանկանում է միանալ եղբորը և ծառայել նույն զորամասում: Սպիտակաջուրցի Մայիս Խոջայանը երկրորդ որդուն է ճանապարհում: Բանակ գնացողներին մաղթում է անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ: Ռոբերտ Բադալյանի ընտանիքը 1997թ. Եղեգնաձորի Շատին գյուղից է Այգեկ տեղափոխվել, տուն ու այգի հիմնել: Նրա հինգ որդիներից կրտսերը՝ Արթուրն է այսօր գնում բանակ: Էդուարդը, Ալիկը, Արամն ու Արսենը կատարել են իրենց պարտքը: Այսօր Արթուրի հերթն է: Բարձր է նրանց տրամադրությունը: Լավ քեֆ են արել, իսկ այսօր մի մարդու նման եկել են իրենց որդուն ու եղբորը  ճանապարհելու:

Բերձորից Հարություն Հարությունյանը վեց զավակների հայր է: Այսօր առաջնեկին՝ Անդրանիկին է բանակ ճանապարհում: Մարտական է Անդրանիկը տրամադրված, լավ զինվոր է դառնալու որդին՝ համոզված է հայրը:

Զորակոչիկների փաստաթղթերը պատրաստ են: Եկավ հրաժեշտի պահը: Զինկոմի տեղակալ, մայոր Կամո Ալավերդյանը զինկոմիսարիատի միջանցքում, որտեղ ողջունում է շարք կանգնած զորակոչիկներին, ևս մեկ անգամ հետաքրքրվում նրանց առողջական, անձնական, ընտանեկան խնդիրներով:

Զինկոմ Ստեփան Օհանջանյանը ողջունելով տղաներին, ասաց. «Այս պահից դուք հայրենիքի զինվոր եք և պետք է ենթարկվեք զինվորական կարգ ու կանոնին: Անփորձանք ծառայություն: Հորդորս է՝ լինել կարգապահ, լսել հրամանատարներին: Ես վստահ եմ, որ բարձր կպահեք ինչպես ձեր ծնողների, այնպես էլ Քաշաթաղի շրջանի պատիվը»:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #2 (1322) 15.01.2020 - 21.01.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/01/2020