ԶԻՆՎՈՐԸ
Տարիներ են անցել։ Տասնութ երկա՜ր ու ձիգ տարիներ, բայց Ժենյա մայրիկը դեռ սպասում է։ Սպասում է՝ աչքը որդու ճամփին, ականջը՝ հարազատ ձայնին… Բայց որդին՝ Արսենը, չկա՜ ու չկա՜…
-Ախր, Արսենս ուրիշ էր, է՜։
Ասում է ու ծանր հառաչում, թաշկինակը սեղմելով անհույս սպասումով լի աչքերին, որոնք վաղուց ցամաքել են…
-Մի հուզվեք, խնդրում եմ, ախր դուք միակը չեք,- անզորությունից հազիվ լսելի շշնջում եմ՝ պարզապես ինչ-որ բան ասելու համար եւ իսկույն էլ հասկանում եմ՝ հիմարություն դուրս տվի։ Նա շունչ է առնում մի պահ, խաղաղվում է, եւ ես զգուշորեն խնդրում եմ ծեր կնոջը, որ պատմի իր որդու՝ Արսենի դառն ու անողոք ճակատագրի մասին։
***
-…Արսենս ծնվել է 1970-ին, Սումգայիթում։ Ավարտել է քաղաքի թիվ 11 ռուսական միջնակարգ դպրոցը։ Շատ խելոք, շատ հասկացող երեխա էր…,- դարձյալ լռում է՝ ասես հոգու խորքում ցավագին շուռումուռ տալով։ -Ինչ ասեմ, է՜… Մեր տան ամենափոքրն է եղել, մեր երրորդ զավակը։ Դե, ընդունված է, էլի, հայի օջախում փոքրին շատ են սիրում։ Ու ճիշտ են անում։ Մենք էլ էինք այդպես վարվում, թեպետ երեխաների մեջ տարբերություն չէինք դնում։ Համ էլ ինքը սիրել էր տալիս իրեն. հանգիստ, ուշիմ երեխա էր։ Հետո էլ, երբ մեծացավ, դպրոցում էլ, ուր որ գնաց, ընկերները միշտ գոհունակությամբ էին խոսում նրա մասին, որովհետեւ ազնիվ, շիտակ, ընկերասեր էր Արսենս։ Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ էլ աչքի էր ընկնում իր կարգապահությամբ, պարտաճանաչությամբ, հրամանատարի հրահանգները ժամանակին ու անթերի կատարելու համար գովասանագիր է ստացել…,- անարցունք արտասվում է։ -91-ին բանակից եկավ ու, առանց երկար-բարակ մտածելու, անդամագրվեց կամավորականների ջոկատին…
Մայրն այլեւս ի վիճակի չէ խոսել…
***
Հայրենի հողին, հայրենի եզերքին նվիրված քաջ զինվոր էր Արսենը։ Ականատեսները վկայում են, որ խիզախ հայորդին, բազմիցս վտանգի ենթարկելով կյանքը, մի քանի անգամ մարտի դաշտից հանել, փրկել է խոր վերքից գիտակցությունը կորցրած ընկերներին։ Ահա այսպիսին էր ու այդպիսին էլ կմնա ազատամարտիկ Արսենը բոլոր նրանց հուշերում, ովքեր երբեւէ ճանաչել, ովքեր մարտնչել են նրա կողքին, նրա հետ։
Դեռ երկար, շատ երկար մարտական ճանապարհ ուներ անցնելու նա, սակայն… 1992-ի օգոստոսի 6-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի համար ծավալված ահավոր մարտը վերջինը եղավ նրա համար։ Այդ օրը ուրիշ զոհեր էլ եղան, ահասարսուռ իրադարձություններ… Հետո, երբ պարզվեց զոհերի թիվը, հայտնի դարձավ, որ տղաներից 17-ը անհայտ կորել են մարտի դաշտում։ «Կորել են՝ զենքը ձեռքներին, տակավին անորոշ, չպարզված հանգամանքներում»,- եղավ չոր ու հատու զեկուցումը վերադասին։ Ասել է թե՝ թվաքանակով երկու-երեք անգամ գերազանցող ազերի ասկյարները գերեվարել, իրենց հետ տարել են մեր արծիվ տղաներին, քաջարի ազատամարտիկներին՝ Նորիկ Դանիելյանին, Ռոմա Սարգսյանին, Դավիթ Բաբայանին, Վիլեն Բաղդասարյանին, Աշոտ Գրիգորյանին… Նրանց հետ նաեւ՝ Արսենին, Արսեն Աբալյանին, որի քսաներկու տարին նոր պիտի բոլորեր։
***
-Չեմ ուզում հավատալ,- ասում է 80-ամյա կորամեջք կինը։ -Ախր, Արսենս ուրիշ էր…,- ու նորից մտովի վերապրում, տեսնում է 88-ի փետրվարյան ահասարսուռ օրերը, երբ դեռ «ինտերնացիոնալ» քաղաքում էին…
-Ես էլ չգիտեմ, թե ինչպես ենք ողջ մնացել, ազատվել այն անասնական վայրագություններից,- դառնացած հիշում է տիկին Ժենյան, որ հրաշքով փրկվել է «Սումգայիթ» կոչված դժոխքից։ -Երբ արդեն նախօրեին վերջնականապես որոշել էինք տուն-տեղ թողնել ու մի կերպ փախչել քաղաքից, մեր հարեւան մի ռուս կին մոտեցավ ու այսպիսի խորհուրդ տվեց. «Ուր ուզում եք գնացեք, բայց Ղարաբաղի անունը մոռացեք։ Ղարաբաղում հիմա վիճակը շատ է լարված, վախենալու է, ապագա չկա… Իմացե՛ք, այնտեղ ձեզ համար շատ վատ է լինելու։ Բայց ամուսինս՝ Սերգեյը (տղաներս՝ Ալբերտը, Արկադիկը, Արսենս, օրեր առաջ արդեն Երեւան էին հասել) լսել անգամ չէր ուզում. «Մենք գնալու ենք մեր հողը եւ… վերջ։ Ինչպես բոլորը, այնպես էլ՝ մենք»։ Ու այդպես էլ եղավ։
Մարտի 10-ին, լույսը դեռ չբացված, արդեն Ստեփանակերտում էինք։
Իսկ թե ինչպիսի զրկանքներով ու սարսափներով՝ ասել չեմ կարող։
***
Ու այսպես ամեն աստծո օր շարունակում է հավատալ ու սպասել իր Արսեն որդու վերադարձին Արմենավանի իր միահարկ տանը թոռան հետ ապրող (ամուսինը երկու տարի առաջ մահացել է) Ժենյա տատիկը, պատմել իրենց գլխով անցածը, տեսածն ու զգացածը։
-Գիտես, հայրենի հողում մեռնելը նույնպես բախտավորություն է… Ես շատ եմ ցավում, որ այսքան ողբերգական եղավ իմ Արսենի ճակատագիրը, բայց էլի դիմանում, ինքս ինձ հույս եմ տալիս, սփոփվում, մխիթարվում։ Հա՛, մխիթարվում եմ… Չէ՞ որ որդիս իր հայրենիքի՝ Ղարաբաղի համար, մեր երեխաների ազատության, երջանկության համար է կռվել…,- ոչ մի կերպ չի ուզում կասկածի տակ առնել որդու չլինելը։ -Ամեն օր աղոթում, աղաչում եմ Տիրոջը, որ մի լույս բացվի, ու անհայտ կորած արծիվ տղաները Արսենիս հետ բռնեն տունդարձի ճանապարհը։ Ախր, Արսենս…
ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
ԼՂՀ, Հադրութ
թոշակառու ուսուցիչ