Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԿՈՏՈՔՍԻՆՆԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ՆԵՆԳ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ



ՄԻԿՈՏՈՔՍԻՆՆԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ՆԵՆԳ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸՄիկոտոքսինները մանրադիտակային բորբոսասնկերից առաջացող թունավոր նյութեր են: Իրենց անվանումն ստացել են հունարեն «mukos-սունկ» և «toxikon-թույն» բառերից: Բոլոր միկոտոքսինները բորբոսասնկերի նյութափոխանակության կամ կենսագործունեության արգասիք են: Սակայն, հարկ է նշել, որ դրանցից առաջացող ոչ բոլոր թունավոր նյութերն են կոչվում միկոտոքսիններ: Օրինակ` մանրէների համար թունավոր կամ ցիտոտոքսիկ (բառացի` բջջի մահ հարուցող) ազդեցություն ունեցող նյութերը բոլորիս քաջ հայտնի  հակաբիոտիկներն են, իսկ բույսերի համար` ֆիտոտոքսինները:

Միկոտոքսին արտադրող բորբոսասնկերը լայնորեն տարածված են բնության մեջ, առաջացնում են տարբեր գույնի ու խտության բորբոս, գործնականում զարգանում են բնական և արհեստական տարբեր միջավայրերում և մակերեսների վրա, ախտահարում են բուսական օրգանիզմները:  Բորբոսասնկերի կենսագործունեության ընթացքում արտադրվող միկոտոքսինները, հայտնվելով սնման շղթայի տարբեր օղակներում, լուրջ վտանգ են ներկայացնում մարդու և գյուղատնտեսական կենդանիների համար: Ներկայումս մեծ թվով տվյալներ հաստատում են, որ այդ նյութերով աղտոտված բուսական և կենդանական ծագման սննդամթերքը կարող է պատճառ դառնալ մարդու և կենդանիների զանազան հիվանդությունների զարգացման համար: Մասնավորապես՝ միկոտոքսինները ունեն քաղցկեղածին (խթանում են չարորակ նորագոյացությունների առաջացումը), մուտագեն (օրգանիզմի հյուսվածքներում և բջիջներում առաջացնում են ոչ բնորոշ փոփոխություններ), տերատոգեն (հրեշածին), ալերգածին և իմունային համակարգը ճնշող ազդեցություններ: Ներկայումս հայտնի են 300-ից ավելի միկոտոքսիններ, որոնցից մարդկանց և կենդանիների համար առավել վտանգավոր են մոտավորապես քսանը: Դրանց թվին են պատկանում Aspergillus (Ցնցուղասունկ), Fusarium,  Penicillium (Վրձնասունկ), Եղջերասունկ ցեղի բորբոսասնկերի (օրինակ` Claviceps purpurea) կենսագործունեության ընթացքում առաջացող հետևյալ միկոտոքսինները`  B1, B2, G1, G2, M1 աֆլատոքսինները, դեզոքսինիվալենոլը, պատուլինը, T-2 տոքսինը, զեարալենոնը, օխրատոքսինը, ցիտրինինը, ցիտրեովիրիդինը և այլն:

Հիվանդագին փոփոխությունները, որոնք առաջանում են կենդանիների և մարդկանց շրջանում միկոտոքսիններով վարակված անասնակեր և սննդամթերք օգտագործելու հետևանքով, կոչվում են միկոտոքսիկոզներ: Միկոտոքսիկոզների ընթացքի ծանրությունը կախված է օրգանիզմ թափանցած միկոտոքսինի տեսակից, քանակից և ներգործության տևողությունից: Միկոտոքսիկոզները չունեն այնպիսի բնորոշ ախտանիշներ, որ հնարավոր լինի ասել, թե հստակ որ տոքսինն է տվյալ վիճակի պատճառը: Ավելի շուտ խոսվում է միկոտոքսիկոզների ընդհանուր ախտանիշների մասին: Միկոտոքսինների «նենգությունը» այն է, որ նրանց քայքայումից առաջացող նյութերը գործնականում չեն հայտնաբերվում ո՛չ արյան մեջ և ո՛չ էլ պարենքիմատիկ (լյարդ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ և այլն) օրգաններում: Արյան կազմի քննության միջոցով հնարավոր չէ իրականացնել միկոտոքսիկոզի ախտորոշում: Բացի այդ, միկոտոքսինները օժտված են կումուլյատիվ (կուտակվելու) հատկությամբ. ամիսների, տարիների ընթացքում չնչին քանակներով օրգանիզմ ներթափանցելով՝ աստիճանաբար կուտակվելով հանգեցնում են ծանր հիվանդությունների: Այսինքն` գոյություն չունի միկոտոքսինների կուտակման անվտանգ մակարդակ:

Միկոտոքսինների խնդիրը նոր չէ: Միկոտոքսիններով զանգվածային թունավորումների մասին տեղեկություններ են մեզ հասել դեռևս վաղ միջնադարից: Սակայն առաջին անգամ հետազոտողների ուշադրությանն են արժանացել 1960 թվականին Մեծ Բրիտանիայի ֆերմերային տնտեսություններում 100000 հնդկահավերի` (X-հիվանդության) պատճառով զանգվածային անկման ժամանակ: Երկարատև ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ Բրազիլիայից ներմուծված գետնանուշի (արախիս) ալյուրում, որով սնվել էին հնդկահավերը, անջատվում է անգույն, բյուրեղային նյութ, որը սինթեզվում է Aspergillus ցեղի բորբոսասնկերից: Սրանք աճում են գետնանուշի, եգիպտացորենի, պիստակի, յուղատու բույսերի վրա: Հայտնաբերված միկոտոքսինը, Aspergillus flavus բորբոսասնկի առաջին տառերի համադրությամբ անվանվում է աֆլատոքսին: Մարդկանց և կենդանիների համար հատկապես վտանգավոր են B1, B2, M1 աֆլատոքսինները:

Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների լյարդում աֆլատոքսին B1-ը ենթարկվում է կենսաձևափոխման և առաջանում է աֆլատոքսին M1-ը, որը բարձր ջերմաստիճանի և կաթի վերամշակման արտադրական տարբեր գործընթացների նկատմամբ կայուն լինելու շնորհիվ  անցնում է կաթնամթերքի` թթվասերի, կաթնաշոռի, պանրի մեջ: Աֆլատոքսինները մարդկանց և կենդանիների շրջանում առաջացնում են սուր թունավորումներ և ունեն քրոնիկ քաղցկեղածին հատկություն: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային գործակալությունը (IARC) առաջին խմբի քաղցկեղածինների շարքին է դասել  B1, B2, G1, G2 աֆլատոքսինները, իսկ  M1-ը` երկրորդ խմբի: Աֆլատոքսինները հատկապես վտանգավոր են երեխաների համար, քանի որ կտրուկ ճնշում են նրանց աճը, բացասական ազդեցություն թողնում ֆիզիկական ու մտավոր զարգացման և իմունային համակարգի վրա: Աստիճանաբար կուտակվելով օրգանիզմում, աֆլատոքսինները տասնամյակներ հետո կարող են առաջացնել լյարդի քաղցկեղ: Աղտոտված պարենամթերքի և անասնակերի հետ աշխատելիս, աֆլատոքսինները օրգանիզմ կարող են թափանցել նաև շնչառական ուղիներով և դառնալ չարորակ նորագոյացությունների` հատկապես շնչառական ուղիների առաջացման պատճառ:

Օխրատոքսինները, որոնք գերազանցապես առաջանում են Penicillium ցեղի բորբոսասնկերի որոշ տեսակներից, աղտոտում են հիմնականում մրգերը, բանջարեղենը, համեմունքները, սուրճը, բրինձը, ինչպես նաև գինիները, գարեջուրը, խաղողի հյութը և չրերը: Դրանք հայտնաբերվում են նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում և այդ սննդամթերքը օգտագործած կերակրող մայրերի կաթում:

Պատուլին միկոտոքսինը, որը հայտնաբերվել է 1943 թվականին բժշկության մեջ, կիրառվել է որպես հակաբիոտիկ: Ավելի ուշ բացահայտվում է, որ պատուլինը ուժեղ թույն է և   հատկապես վտանգավոր է երեխաների և հղի կանանց համար, քանի որ ունի մուտագեն և տերատոգեն ազդեցություն, ուստի բուժական նպատակներով այլևս չի կիրառվում: Պատուլինը առավել հաճախ հանդիպում է մրգերի և հատապտուղների, ինչպես նաև աղտոտված պտուղներով պատրաստված պահածոների մեջ:

Fusarium ցեղին պատկանող տարբեր տեսակի բորբոսասնկերից են առաջանում տրիխոտեցինային միկոտոքսինները, որոնք օրգանիզմ են թափանցում մաշկի միջոցով, ինչպես նաև հեշտորեն անցնելով շնչառական և աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթների միջով, անցնում են արյան մեջ և առաջացնում օրգանիզմի ընդհանուր թունավորում: 1974-1981 թթ. Խորհրդային Միությունը Լաոսում, Կամբոջայում և Աֆղանստանում տրիխոտեցինային միկոտոքսինները որպես կենսաբանական զենք կիրառեց, որը ամբողջ աշխարհին հայտնի դարձավ «դեղին անձրև» անվամբ: Ներկայումս տրիխոտեցինային միկոտոքսինների խմբին պատկանող T-2 տոքսինը կենսաբանական ծագում ունեցող զանգվածային ոչնչացման զենք է, որը իր թունավորությամբ 400 անգամ գերազանցում է իպրիտին (մաշկապալարային թունավոր նյութ, քիմիական զենք):

Արդեն  20-30 տարի է, որ թունաբան-մասնագետները միկոտոքսինները համարում են լուրջ սպառնալիք մարդկանց և կենդանիների առողջության համար: Միկոտոքսինների վտանգն այնքան մեծ է, որ դրանց հետ կապված խնդիրը դուրս է գալիս մեկ առանձին երկրի սահմաններից: Այդ խնդրի լուծմամբ են զբաղվում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Եվրամիության սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը, ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման մարմինը:

Միկոտոքսինները կայուն են ֆիզիկական և քիմիական գործոնների նկատմամբ: Սննդի մշակման ընդունված տեխնոլոգիական և խոհարարական միջոցները մասամբ են նվազեցնում միկոտոքսինների կուտակումը սննդամթերքում: Բարձր (2000C) ջերմաստիճանը, սառեցումը, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթումը նույնպես բավարար չեն միկոտոքսիններից սննդամթերքի վնասազերծման համար: Առայժմ չկան արդյունավետ քիմիական միջոցներ միկոտոքսիններով աղտոտման դեմ պայքարելու համար:

ՄԻԿՈՏՈՔՍԻՆՆԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ՆԵՆԳ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸՄիկոտոքսիններով թունավորումներ կարող են տեղի ունենալ ոչ միայն աղտոտված պարենամթերքի օգտագործման հետևանքով, այլ նաև խոնավությունից բորբոսնած տարածքներում  ապրելու և աշխատելու ընթացքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նման տարածքներում օդի մեջ առկա են բորբոսասնկերի սպորներ (բորբոսասնկերի բազմացման միավոր) և միկոտոքսիններ, որոնք շնչառական ուղիներով թոքեր թափանցելով, ինչպես նաև մաշկի վրա ընկնելով՝ կարող են ծանր թունավորումներ կամ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:

Միկոտոքսիններով թունավորվելու սպառնալիքի նվազեցումը կախված է ոչ միայն միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների ջանքերից, այլ նաև կենցաղում յուրաքանչյուրի զգուշավորությունից և ուշադրությունից: Հարկ է նշել, որ միջազգային տարբեր կազմակերպությունների սահմանած հսկողության շնորհիվ այժմ միկոտոքսիններով զանգվածային թունավորումներ չեն գրանցվում, սակայն, պետք է հիշել, որ միկոտոքսինները «նենգ» են և գործում են աննկատ:  Գոյություն ունեն բավականին ոչ բարդ և արդյունավետ կանոններ, որոնց կիրառմամբ կարելի է առօրյա կյանքում խուսափել միկոտոքսիկոզներից: Ոչ բոլոր տեսակի բորբոսներն են թունավոր, սակայն մենք չենք կարող առօրյայում դրանց տեսողական դասակարգում իրականացնել, ուստի  անհրաժեշտ է հիշել.

♦   Միկոտոքսինները հիմնականում կայուն են ջերմաստիճանի նկատմամբ, հետևաբար, վնասված մթերքով (բորբոսնած լոլիկ և առհասարակ բանջարեղեն, հացաբուլկեղեն, հատիկեղեն, ընկուզեղեն) չի կարելի կերակուր պատրաստել:

♦   Միկոտոքսինները ոչ միայն տեսանելի բորբոսնած հատվածներում են, այլեւ ամբողջ սննդամթերքի մեջ: Շատերը պահածոյի` մուրաբայի, տոմատի, ջեմի մակերեսի տեսանելի թավշյա բորբոսաշերտը հեռացնում են և պահածոն օգտագործում: Դա կտրականապես չի կարելի, քանի որ անտեսանելի սնկաթելիկները տարածված են լինում նաև պահածոյի ավելի խորը շերտերում:

♦   Եթե զգացվում է մգլահոտ կամ բորբոսահոտ, սակայն բորբոսը տեսանելի չէ, միևնույն է, անհրաժեշտ է ազատվել  նման մթերքից:

♦   Չի՛ կարելի հացի բորբոսնած հատվածները հեռացնել, իսկ մնացած մասը օգտագործել:

♦  Նույնիսկ մասնակի բորբոսնած կամ փափկած հատապտուղները չի կարելի օգտագործել սննդում, առավել ևս՝ մուրաբաներ և կոմպոտներ պատրաստելու համար:

♦   Հատուկ ուշադիր պետք լինել էկզոտիկ մրգերի` անանասի, բանանի, ավոկադոյի, մանգոյի նկատմամբ: Օրինակ՝ պետք է ուշադրություն դարձնել, որ բանանի ծայրը լինի սև և ոչ թե սպիտակ, ավոկադոյի կորիզը բորբոսով պատված չլինի և այլն:

Այսպիսով, ելնելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների առողջական շահերից, անհրաժեշտ է չափսոսել ու ազատվել վնասված սննդամթերքից և չխնայել միջոցները լավորակը ձեռք բերելու համար:

Դժվար է ապացուցել հիվանդության միկոտոքսիկոզ լինելը: Բորբոսը կարող է լինել առանց որևէ տոքսինի: Նույնիսկ եթե միկոտոքսիններ են հայտնաբերվել, դժվար է ապացուցել, որ մարդու կամ կենդանու առողջական խնդիրը կապված է դրա հետ: Այնուամենայնիվ, կան բավարար քանակով հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ միկոտոքսինները մեծ վնաս են հասցնում մարդկանց և կենդանիների առողջությանը: Միկոտոքսիկոզները հանդիպում են ավելի հաճախ, քան ենթադրվում է: Միկոտոքսինով թունավորման ախտանիշները հեշտ է վերագրել այլ խնդիրների: Հեշտ չէ ապացուցել, որ քաղցկեղը և այլ քրոնիկական հիվանդությունները միկոտոքսիններով թունավորվելու արդյունք են: Լաբորատոր համապատասխան միջոցների և թեստերի բացակայության պայմաններում ախտորոշման տեսակետից միկոտոքսիկոզը շարունակում է մնալ վտանգավոր հիվանդություն:

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ  ՄԵԼՔՈՆՅԱՆ

Խորագիր՝ #3 (1323) 22.01.2020 - 28.01.2020, Ռազմական


23/01/2020