Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Հայերին իրենց ծրագրերին ծառայեցնելու նախաձեռնություն ցուցաբերեց նաեւ Ֆրանսիան։ Վիկտոր Բեռարի միջոցով վարչապետը զրույցի է հրավիրում Հ.Յ. Դաշնակցության անդամ Մալխասին եւ ցանկանում պարզել, թե հայերը ի՞նչ դիրք են գրավելու։ Վարչապետը խորհուրդ է տալիս՝ «Ձեռքէ չփախցնել այդ պատեհութիւնը, միանալ Դաշնակիցներու եւ այդ կերպով ապահովել հայ ժողովրդի ապագան», որովհետեւ պատերազմը ճակատագրական նշանակություն է ունենալու փոքր ազգերու ապագայի նկատմամբ» ¥Գ.Լազեան¤։

Հ.Յ. Դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովը թեեւ որոշել էր մերժել թուրքերի հետ համագործակցությունը եւ չեզոք դիրք գրավել, սակայն Արեւելյան Բյուրոն, կատարելով ժողովրդի կամքը, հակվել էր կամավորական շարժում կազմակերպելու տեսակետին, իսկ Արեւմտյան Բյուրոն դեռեւս հապաղում էր։ Արմեն Գարոն ցանկանում էր, որ կամավորների թիվը լինի 30 հազար, նրանք առաջինը, «որպես ռուսական բանակի առաջապահներ», մտնեն Երկիր։ Կար եւս մեկ վճռորոշ հանգամանք՝ կամավորական ջոկատները դիտվում էին ապագա հայկական զինական ուժի հիմք։ Վերջինը չափազանց կարեւոր հանգամանք էր։ Այն արդեն անհանգստացնում էր ցարիզմին, որն էլ շտապեց մշակել կամավորական ջոկատների կանոնադրությունը։ Փաստաթուղթը, սահմանելով կամավորների թիվը, գործունեության ասպարեզը, իրավունքներն ու պարտականությունները, տնօրինությունը վերապահում էր ցարին։

Ցարիզմը, առերես խոստանալով Հայկական հարցի լուծում, կամավորական շարժման մեջ ներքաշեց հայության երկու հատվածներին, կազմեց կամավորական շարժման վարչություն, թերթերում արգելվեց Հ.Յ.Դաշնակցության դեմ հոդվածների տպագրությունը, հայկական թեմաներն սկսեցին հաճախակի արծարծվել։ Ոգեւորությունն այնքան մեծ էր, որ ուշադրությունից դուրս թողնվեց մի շատ կարեւոր իրողություն։ Ռուսական կայսրությունում ապրող հայերից զինվորագրվել էր 250 հազար հոգի։ Նրանք փոխանակ տեղաբաշխվելու կովկասյան ռազմաճակատում՝ փոխադրվեցին Արեւմտյան ռազմաճակատ։ Երկրորդը՝ կամավորական շարժման գրեթե սկզբից պահանջվում էր առավելությունը տալ ծագումով արեւմտահայերին՝ այն «միամիտ» պատճառաբանությամբ, թե նրանք քաջաբար կմարտնչեն հայրենիքի ազատագրության համար։ Ցարիզմը, սակայն, հեռուն գնացող նպատակ էր հետապնդում։ Թուրքական բանակ էին զորակոչվել 50 հազար հայ, նրանց էին միանալու նաեւ կամավորները, որոնց շարքերը գնալով ստվարանում էին։ Փաստորեն, Արեւմտյան Հայաստանն ու Արեւելյան Հայաստանը հայտնվելու էին անպաշտպան վիճակում։ Նման պայմաններում հայության հայրենիքի ճակատագիրը տնօրինելիս ցարիզմն իրեն ազատ էր զգալու։ Ապակողմնորոշելով հայ քաղաքական միտքը՝ ցարիզմը հայկական երեւակայությունը կերակրում էր Նիկոլայ Երկրորդի` կաթողիկոսին հայտնած մտքով՝ «Հայերին պայծառ ապագա է սպասվում… Հայկական հարցը կլուծվի հայերի սպասումների համաձայն»։

Հայկական հարցի լուծման այս անիրական ծրագրին երիտթուրքերը հակադրեցին իրենց դիվային ծրագիրը։

Խորացնելով սուլթանի օսմանիզմի ծրագիրը՝ երիտթուրքերը ասպարեզ հանեցին «Մեծ Թուրանի» գաղափարը։ Այն հիշատակվում էր ցանկացած առիթով, արմատավորվում էր այն տեսակետը, որ «Թուրքերի հայրենիքը Թուրքիան չէ եւ ոչ էլ Թուրքեստանը, այլ մի անծայրածիր, հավերժական երկիր, որի անունը Թուրան է»։ Այս խելակորույս ծրագիրը իր հաստատումն ստացավ երիտթուրքերի 1910թ. հոկտեմբերի 31-ին Սալոնիկում գումարած ժողովում, որտեղ ընդունվեց այլ ազգերի, որոնց թվում նաեւ հայերի բնաջնջման ծրագիրը։ Այն իրականացնելու նպատակով ընտրվեց յոթ հոգուց բաղկացած կոմիտե։ Հայկական նահանգներ ուղարկվեցին գործակալներ։ Տեղերում գումարվում էին գաղտնի ժողովներ, առանց զգուշավորության բացահայտ խոսում էին հայերի կոտորածների մասին։

1914թ. հոկտեմբերին ՆԳ նախարար Թալեաթի նախագահությամբ գումարվեց գաղտնի խորհրդակցություն, որտեղ կազմվեց երեքի խիստ գաղտնի կոմիտեն՝ դոկտոր Նազըմի, Շաքիրի եւ Շյուքրիի մասնակցությամբ։ Շուտով կազմվեց նաեւ «Հատուկ կազմակերպություն», որը ղեկավարում էր Բեհաեդդին Շաքիրը։ Կայսրության հայաբնակ շրջանները բաժանվեցին երեք գոտիների՝ Արեւելյան Անատոլիա, Արեւմտյան Անատոլիա եւ Կիլիկիա, որոնց պատասխանատուներն էին կոմիտեի անդամները։ Ապա կազմավորվեցին հատուկ ջոկատները, որոնցում ընդգրկվեցին բանտերից ազատված մարդասպանները, զանազան պատկանելության խաժամուժ։

Կոտորածներն իրականացնելու էին երեք փուլով. 1. Հայ ազգաբնակչության տեղահանություն, իբր անվտանգության ապահովման համար, 2. Աքսոր, երբ տեղահանվածները բաժանվելու էին խմբերի, զինաթափվելու էին, խլելու էին նրանց դրամն ու ոսկին, որպեսզի զրկեին կաշառքի միջոցով ազատվելու եւ սնունդ հայթայթելու հնարավորությունից, 3. Տեղահանվածների ոչնչացումը անապատներում։

1915թ. ապրիլի 15-ին Թալեաթը, Էնվերը եւ Նազըմն ստորագրեցին տեղահանության ու կոտորածի հրամանը։

Մինչդեռ, հայկական կոտորածներն սկսվել էին դեռեւս 1914թ. վերջերին։ Սկզբում դրանք իրականացվում էին գաղտնի, անաղմուկ։ Սարիղամիշում, կրելով ջախջախիչ պարտություն, խուճապահար փախչող թուրք հրոսակները ձեռնարկեցին ճանապարհին հանդիպած հայկական գյուղերի, ավանների, քաղաքների բնակչության կոտորածը։ Այնուհետեւ հրապարակվեց զորակոչի հրամանը, բանակ կանչվեցին 16-62 տարեկան հայ տղամարդիկ, որոնց թիվը հասնում էր 50 հազարի ¥հայերի մեծ մասը չենթարկվեց զորակոչի հրամանին¤։ Զինվորական նախարար Էնվերի հրամանով նրանք բաժանվեցին 50-100 հոգանոց խմբերի ու կոտորվեցին։

1915թ. ապրիլի 24-ին սկսվեց կոտորածների իրականացման հաջորդ փուլը։

Ձերբակալվեց շուրջ 800 պոլսահայ մտավորական։ Մինչեւ ապրիլի 29-ը մտավորականներին տեղափոխեցին Այաշ, Անկարայից ոչ հեռու գտնվող Չանղըրի բնակավայր և բոլորին գազանաբար հոշոտեցին։

Արեւմտահայությանը զրկելով ղեկավար եւ մտավոր ուժից՝ երիտթուրքերն անցան ջարդերի հաջորդ փուլին։ Թալեաթի ստորագրությամբ հրապարակվեց օրենք պատերազմական իրադրության պայմաններում ժողովրդի անվտանգությունն ապահովելու մասին։ Մարտական գործողությունների շրջաններից պետք է տեղահանվեին ու երկրի խորքը տեղափոխվեին այդ տարածքների բնակիչները։ Մանրակրկիտ մշակված ծրագրում տեղահանությունը առաջինը պետք է իրականացվեր Զեյթունի, Վանի, Սասունի անհնազանդ շրջաններում։ Հ. Լեփսիուսի մեկնաբանությամբ՝ այդ «ծրագրված ոչնչացումը» կատարումն էր Թալեաթի հետեւյալ գաղտնի հրամանի. «Թուրքիայի հողի վրա ապրելու եւ աշխատելու իրավունքը հայերի համար ամբողջովին ջնջված է։ Կառավարությունը ստանձնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է՝ չխնայել նույնիսկ օրորոցի մանուկներին»։

Տեղահանվածների մի փոքր մասը միայն հասավ ապահով վայրեր։ Նրանց էլ այնտեղ սպասում էին ջարդարար ջոկատները։ Ընդարձակ գերեզմանոցի վերածվեցին Դեր Զորի, Ռաս ուլ Այնի, Մեսքենեի, Բաքքայի անապատները։ Երբ թուրք բարբարոսներն արդեն իրականացրել էին իրենց ոճիրը, 1915թ. մայիսի 24-ին հրապարակվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի համատեղ հայտարարագիրը ¥դեկլարացիան¤, որը հանցագործություն էր անվանում թուրքական իշխանությունների գործելակերպը։ Միայն այսքանը։ Պատասխանատվության կանչելու կամ անապատներում գտնվողների փրկության որեւէ միջոցառում չձեռնարկվեց։

Մեծ եղեռնը իրականացվեց Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում։ Ոչնչացվեց 66 քաղաքի, 2500 գյուղերի հայ բնակչություն կամ 500000 հայ ընտանիք։ Ավերվեց ու թալանվեց 1500 դպրոց, 2050 եկեղեցի, 300 վանք։ 80000 կանայք ու աղջիկներ, գերադասելով մահը հարեմի հարճ դառնալուց, ինքնասպան եղան Եփրատի ջրերում։ Զոհերից 300000-ը երիտասարդներ էին։ Գաղթական դարձան 1 միլիոնից ավելի հայեր, 500000-ը բռնի կրոնափոխվեց։ Մեծ եղեռնի ընդհանուր վնասը հաշվվում էր 20 միլիարդ ֆրանկ, որը քիչ հավանական է եւ չի արտահայտում ընդհանուր պատկերը։

Շարունակելի

Խորագիր՝ #3 (1323) 22.01.2020 - 28.01.2020, Պատմության էջերից


23/01/2020