Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐՏԱՑԱՎ ԵՎ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ…



ՍՐՏԱՑԱՎ ԵՎ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ...Մայոր Դավիթ Ասլանյանը 2005թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերում, աշխատել Արդարադատության նախարարությունում: 2017թ., որպես հրամանատարի օգնական, սպա-հոգեբան, ծառայության է անցել հատուկ նշանակության զորամասում, իսկ 2018թ. նշանակվել է զորամասի նորաբաց հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ: Ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը Դավիթ Ասլանյանի հետ:

 

-Ի՞նչ առանձնահատուկ որակներ են պահանջվում հատուկ նշանակության զորքերի զինծառայողից: 

-Նախ, Ֆիզիկական տվյալները պետք է գերազանց լինեն: Բացի այդ, զորային հետախուզությունը, այլ զորատեսակների համեմատ, առավել մեծ հոգեբանական կայունություն, տոկունություն և ամրություն է պահանջում` հաշվի առնելով զինծառայողներին առաջադրվող հատուկ խնդիրները: Այստեղ համախմբված են մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են ազգային գաղափարախոսությունը, արժեքներն ու համոզմունքները, պատրաստ են ամեն պահի զոհողության գնալ՝ իրենց առջև դրված խնդիրն ավարտին հասցնելու համար: Հատուկ նշանակության զորատեսակը նաև ինքնամաքրման հատկություն ունի: Մարդը, որ պատրաստ չէ կրելու այն ամենն, ինչով անցնում է հետախույզը, երկար չի մնում այստեղ. ինքն էլ է հասկանում, որ սա իր տեղը չէ:

-Ի՞նչ է ենթադրում հոգեբանի աշխատանքը զորամասերում, հատկապես հատուկ նշանակության զորամասում:

-Հոգեբանից պահանջվում է զինվորականի հոգեկան առողջության, կոլեկտիվում միջանձնային բարենպաստ մթնոլորտի ստեղծման ու պահպանման համար միջոցներ գտնել և կիրառել ճիշտ ժամանակին: Իսկ հատուկ նշանակության զորքերում նաև ներառում է զինծառայողներին հատուկ պայմաններին նախապատրաստելու, նրանց հոգեբանական պատրաստության վիճակը ստուգելու, բարելավելու ուղղությամբ տարվող աշխատանքը: Երբեմն հոգեբանի աշխատանքը շփոթում են հոգեբույժի աշխատանքի հետ: Հոգեբույժի աշխատանքը կապված է պաթոլոգիկ երևույթների հետ, մինչդեռ  հոգեբանն աշխատում է առողջ մարդկանց հետ:

 -Երբեմն աննշան թվացող խնդիրները կարող են բերել լուրջ հետևանքների: Ինչպե՞ս կարելի է ժամանակին կասեցնել դրանք:

-Փոքր խնդիր գոյություն չունի: Եթե որևէ ստորաբաժանումում լարված միջանձնային փոխհարաբերություններ կան, գուցե խնդիրները խորքային են, դրանց լուծման լավագույն միջոցը առողջ մթնոլորտում քննարկելն է:

Իրականում հոգեբանական գիտելիքներին տիրապետելը և դրանք կիրառելը, լիովին տարբեր բաներ են: Հոգեբանական օգնությունը սկսվում է սրտացավությունից և միմյանց հանդեպ ուշադրությունից: Հատկապես մեծ զորամասերում հնարավոր չէ բոլորին անընդհատ հետևել: Մենք այժմ հասել ենք նրան, որ հրամանատարները կամ նույնիսկ զինվորները, ուշադիր լինելով ծառայակից անձանց բացասական դրսևորումների, նախանշանների նկատմամբ և ճանաչելով դրանք, կարող են միմյանց օգնել:

-Ի՞նչ արտաքին նշաններ կան, որոնցից կարելի է հասկանալ, որ մարդու մոտ առկա է հոգեբանական խնդիր:

-Եթե անձնակազմը մեծ է, և սպան ի վիճակի չէ առանձնազրույցներ ունենալ յուրաքանչյուրի հետ,  նախ պետք է հետևի զինծառայողի ֆիզիոլոգիական կեցվածքին: Սա կարևոր ցուցանիշ է: Ներքին ապրումները ուղեկցվում են արտաքին դրսևորումներով՝ մարդը «թևաթափ» է, գլխիկոր, ուսերը ցած, խուսափում է շփումներից: Պետք է հասկանալ և ժամանակին պարզել՝ լո՞ւրջ խնդիր է, թե՞ տրամադրության ժամանակավոր անկում: Մի պարզ օրինակ. եթե զինվոր ընկերդ անքնությամբ է տառապում, սա արդեն ազդանշան է, որ նա խնդիր ունի: Ներանձնային կամ միջանձնային խնդիր ունենալու դեպքում պետք է վստահորեն դիմել հրամանատարին կամ զորամասի հոգեբանին:

– Ինչպե՞ս է դրսևորվում զինծառայողի հետ հոգեբանական աշխատանքը:

– Հոգեբանի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ ինքը չի լուծում խնդիրը, այլ օգնում է, ուղեկցում է զինծառայողին դա լուծելիս: Հոգեբանը պետք է կարողանա բացատրել, որ անգամ անելանելի թվացող իրավիճակից մի քանի հնարավոր ելք կա: Նա պետք է  լավատեսություն ներշնչի, ընդլայնի տվյալ մարդու աշխարհայացքը, նույն խնդրին տարբեր տեսանկյուններից նայելու հնարավորություն տա: Եվ սա տևում է մինչև այն պահը, երբ երևում է, որ զինծառայողն ի վիճակի է ինքնուրույն լուծելու իր խնդիրը:

-Ինչպե՞ս եք իրականացնում հոգեբանական սեանսը:

-Հոգեբանական թերապիայի սեանսը առավելագույնը 50 րոպե է տևում: Երբ իմ սենյակում հոգեբանական սեանս է ընթանում, դուռը փակ է, հեռախոսս` անջատված, ոչ մեկն իրավունք չունի ներս մտնելու: Այն միանգամայն գաղտնի է:

-Հատուկ նշանակության ստորաբաժանումները խնդիրներ  են կատարում, որոնք կապված են ռիսկի հետ: Ի՞նչն է առավել կարևոր այս պարագայում:

-Հետախույզի խնդիրը էապես տարբերվում է այլ զինծառայողների խնդիրներից:

Բացի այն, որ զորանոցում նրանք կատարելագործում են իրենց հմտությունները, մենք մեր հերթին հոգեբանական հատուկ պատրաստությամբ նրանց հասցնում ենք այն ներքին հանգստությանը, որ վստահ կարողանան գործել ցանկացած իրավիճակում: Հետախուզական ստորաբաժանումներում ամենակարևոր ու գերակա խնդիրը խմբերում փոխվստահության մթնոլորտի հաստատումն է: Մարտական եղբայրությունը այս ստորաբաժանումներում միշտ բարձրության վրա է: Այստեղ ներգրավվում են այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են միմյանց համար զոհվել և միմյանց թիկունքը պահել: Հետախույզներն ունեն որոշակի կայուն սկզբունքներ. օրինակ՝ ընկերոջը սահմանին կամ հակառակորդի հողի վրա չթողնել` վիրավոր, թե զոհված…

– Ո՞ր դեպքերում է հոգեբանական խնդիր առաջանում:  

– Երբ մարդ խնդիր է կատարում, մոռանում է ամեն ինչի մասին: Օրինակ՝ պատերազմի դաշտում զինվորականի մեջ հոգեբանական խնդիր հազվադեպ կարող է առաջանալ, քանի որ սրված իրավիճակում` գոյության պայքարում, նա ժամանակ չի ունենում որևէ այլ բանի մասին մտածելու. ավելի շատ ենթագիտակցությունն է գործում, քան գիտակցությունը: Միտքն աշխատում է միայն խնդրի կատարման ուղղությամբ: Տրավմատիկ վիճակն առաջանում է այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտվել է, ու մարդը մտովի վերադառնում, վերապրում ու վերլուծում է կատարվածը: Նա առերեսվում է այնպիսի հարցերի հետ, որոնց չի կարողանում պատասխանել. ներքին բախում է առաջանում: Նաև այսօրինակ խնդիրներին լուծում տալու համար գոյություն ունի մեր հոգեբանական ապահովման բաժանմունքը:

-Պատերազմի բովով անցածներից հաճախ լսում եմ, որ մարտիկի մեջ հետվնասվածքային համախտանիշը (հետտրավմատիկ սինդրոմ) հիմնականում առաջանում է, երբ մարտը պարտությամբ է ավարտվում:

-Դրանում ճշմարտություն կա: Այդ երևույթը ցայտուն երևում է նաև մարզիկների օրինակով: Եթե, օրինակ, մարզիկը ձեռքը, ոտքը կոտրելով է հասել  հաղթանակի, հոգեբանորեն չի ճնշվում, արագ է կազդուրվում, վերադառնում շարք, որովհետև հասել է ցանկալի արդյունքի: Հաղթանակն այս առումով, իհարկե, փարատում է մնացած կորուստները, նույնիսկ այնպիսի ծանր դեպքերում, ինչպիսիք են մարդկային կորուստները:

Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշի «մաքրման» և մեր դիրքերը ետ վերցնելու գործողությունների ընթացքում մեկ մարդկային կորուստ ենք ունեցել` Սասուն Մկրտչյանը: Սակայն այդ օրն ուս ուսի կռված տղաների համար այն միտքը, որ հաղթանակով պսակվեց գործողությունը, որ վերադարձրին մեր դիրքերը, օգնում էր ընկերոջ կորստի ցավը հաղթահարելուն:

-Շատ հետաքրքիր է իմանալ՝ հոգեբանական առումով ի՞նչպես են իրենց դրսևորում կին զինծառայողները հատուկ նշանակության ստորաբաժանումներում:

-Եթե, ասենք, քսան տարի առաջ լսեի, որ կին զինծառայողներ են լինելու հայկական բանակում, առավել ևս` հատուկ նշանակության զորքերում, կզարմանայի: Սակայն այսօր արդեն մեր շարքերում բազմաթիվ կին զինծառայողներ կան: Նրանց պատրաստությունն այնպես է կազմակերպվում, որ հույսը իրենք հենց իրենց վրա դնեն: Հատուկ խնդիրներ կատարելիս աղջիկները գրեթե միշտ ներգրավվում են: Ինձ զարմացնում է նրանց պատրաստակամությունը, խնդիր կատարելու կամքն ու խիզախությունը: Նրանք սովորաբար լավ մարտիկներ են, լավ նշանառուներ:

-Ի՞նչ է Ձեզ համար այս ծառայությունը:

-Ամեն առավոտ ծառայության գալիս փորձում եմ ինքս ինձ ստիպել, որ մեքնենան դանդաղ վարեմ, բայց արագ եմ վարում, որ րոպե առաջ ծառայավայր հասնեմ: Ձգող մի ուժ ունի այս զորամասը:

…Անելիքները միշտ էլ շատ են ու կլինեն, քանի դեռ խաղաղությունը հարաբերական է: Մեր հատուկ նշանակության զորատեսակն ապացուցել ու ապացուցում է իր կայացած լինելը՝ հենց պատերազմական գործողություններում: Ինձ համար մեծ պատիվ է այս զորամասում ծառայելը: Երբ նոր էի զորամաս եկել, հանդիպում էի ոտքը կորցրած մարդկանց ու տեսնում էի, թե որքան ամուր են ոգով… Ի՜նչ մեծ հարգանքի են արժանի այս ճանապարհն ընտրած մարդիկ: Այստեղ եղաբայրության մթնոլորտ է տիրում, այնպիսի եղբայրության, որն առավել խորն է ու ամուր, քան արյունակցական կապը …

Ցանկացած խնդիր լուծելի է, երբ մարդիկ նույն ուղղությամբ են շարժվում, գիտակցում են իրենց պատասխանատվության բաժինը, անում են առավելագույնը ու գիտեն՝ հանուն ինչի են ծառայում: Ես իմ կարգախոսն ունեմ. մեզնից ոչ ոք անփոխարինելի չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուրս մեր զորամասին տանք այն ամենը, ինչ կարող ենք…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝  հեղինակի

Խորագիր՝ #3 (1323) 22.01.2020 - 28.01.2020, Ազգային բանակ, Ռազմական


23/01/2020