ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի և զինված ուժերի հստակ մարտավարության ու գործողությունների շնորհիվ 2019թ. իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է, որ պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը և շարունակել լրացուցիչ ջանքերի ներդրումը՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով:
Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու բացթողումները՝ ԶՈՒ ԳՇ պետը փաստել է, որ լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները, ինչպես նաև մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի զարգացման աշխատանքները: Ուժերի և միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել կատարելագործել զինանձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները և հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերի և բյուջետային հատկացումների ոլորտում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները:
Առաջիկա անելիքների վերաբերյալ որոշակի խնդիրներ է առաջադրել և հանձնարարականներ տվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նիստը եզրափակվել է ՀՀ ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ստորաբաժանումների և սպաների պարգևատրման արարողությամբ: