ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հունվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ ժամանակահատվածում կատարված աշխտանքները, քննարկվել ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի հետ իրականացվող ծրագրերի ներկա վիճակը և ապագա նախագծերը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ 17 տարվա համագործակցության ընթացքում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև իրականացվել և շարունակում են իրականացվել բազմաթիվ ծրագրեր խաղաղապահության, ռազմական բժշկության, անձանակազմի մարտավարական պատրաստության և այլ բնագավառներում, որոնք համընկնում են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության նպատակներին:
Գեներալ-մայոր Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի նահանգը, որպես նահանգային գործընկերության ծրագրով Հայաստանի գործընկեր, կշարունակի կանոնավոր զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Գեներալ-մայորը նշել է, որ Ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի միջև արդեն ավանդական դարձած համագործակցությունից բացի, դինամիկ զարգանում է նաև համագործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Նա հավելել է, որ նահանգային գործընկերության ծրագիրը հնարավորություն է ընձեռում համագործակցել նաև կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում, և Կանզաս նահանգը պատրաստ է այդ ուղղություններով նույնպես համագործակցել Հայաստանի հետ:
Դեսպան Թրեյսին և գեներալ-մայոր Թաֆանելին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» ցուցահանդեսին:
Հունվարի 28-ին Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներին:
Խորագիր՝ Նորություններ