ՆՐԱՆՔ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺԸ
«Ուրալ» ամենագնացով բարձրանում ենք դիրքեր: Տեղացած առատ ձյունը դժվարացնում է վերելքը: Ղեկին պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Դուլյանն է, կամ ինչպես զինակից ընկերներն են ասում՝ «սուպեր վարորդը»: Հասկանալի է, որ այս անունը նրան տվել են արհեստավարժ լինելու համար: Տղաները տպավորված պատմում էին, որ Գարեգինի վարած մեքենան դիրքեր բարձրանալիս մեկ անգամ չէ, որ թիրախավորել է թշնամին, սակայն, նա միշտ էլ կարողացել է հնարամտորեն խույս տալ վերահաս վտանգներից՝ անձնակազմին անվտանգ հասցնելով դիրքեր կամ էլ հաց ու ջուր՝ դիրքապահներին:
Երբ հերթական ոլորանը հաղթահարեցինք, բարձրում նշմարվեց գետնատնակը՝ տարածքը ակնդետ հսկող իր դիտորդով: Մեր մոտենալն աննկատ չէր մնացել: Գետնատնակի դիմաց մեզ դիմավորեցին գումարտակի հրամանատար, մայոր Խալաթյանն ու դասակի հրամանատար, հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Բախշյանը: Կարճ խոսք ու զրույցից հետո, մտանք գետնատնակ: Պատշաճորեն մաքուր ու կահավորված կացարանը հաճելի տպավորություն թողեց մեզ վրա: Մի խոսքով՝ ամեն ինչ իր տեղում էր:
– Եթե դիրքեր բարձրանալու եք, հիմա բարձրացեք, թե չէ մառախուղն իր գործը կանի,- ասաց գումարտակի հրամանատարն ու հենակետի ավագին հանձնարարեց մեզ ուղեկցել դիրքեր:
– Մարտական հերթապահությունը մեր ստորաբաժանման գլխավոր խնդիրն է, և մենք այն իրականացնում ենք ամենայն պատասխանատվությամբ, քաջ գիտակցելով, որ տարվա ցանկացած եղանակի, այստեղ խաղաղությունը խաբուսիկ է: Այստեղ տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված մեծ ծավալի ինժեներական-ամրաշինական աշխատանքներ են կատարվել: Մարտական հերթապահությունն անվտանգ դարձնելու նպատակով կառուցվել են արգելափակոցներ, հրետանու կրակից հուսալի պաշտպանող թաքստոցներ, ավելացվել են խրամաբջիջները, խորացվել են խրամուղիները,- հակիրճ ներկայացրեց բազմափորձ դիրքի ավագը, որը ծնունդով Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է:
Սերժանտ, պայմանագրային Տարոն Հայրապետյանի ծառայության տաս տարին վերջերս է բոլորել: Եվ այդ տաս տարին էլ փորձառու պայանագրայինը անցկացրել է առաջնագծում, մարտական հերթապահության մեջ:
– Տարոնը նաև մեր բանակի առաջին զինվորներից է, հմուտ ու քաջ դիրքապահ, որն իր փորձառությամբ միշտ էլ նեցուկ է լինում զինակից ընկերներին,- ասաց դիրքի ավագը:
Դիտորդին մոտենալուն պես բարևում եմ եւ ներկայացնում այցիս նպատակը, ապա հետաքրքրվում եմ ծառայությամբ, մարտական հերթապահությամբ:
– Ծառայությունից գոհ եմ, լավ է անցնում: Հենց մեր դիմաց թշնամու հենակետն է:
Նայում եմ Տարոնի պարզած ձեռքի ուղղությամբ: Ինչքան էլ լարում եմ տեսողությունս ինչ որ բան նկատելու մեծ ցանկությամբ, ապարդյուն. վրա հասած մառախուղն իր քողի տակ է առնում այն բարձունքը, որտեղ թշնամու հենակետն է:
-Մառախուղը խանգարեց, թե չէ անզեն աչքով էլ ամեն ինչ լավ երևում է,- ասաց սերժանտն ու շարունակեց:- Մարտական հերթապահությունն էլ ոնց որ՝ ամեն տեղ: Ես եմ ու զենքս: Զգոն, ուշադիր, ականջս ձայնի, աչքս թշնամու կողմը: Այսպես մեկ ամիս, ամեն օր երկու ժամը մեկ: Մեկ ամիս մարտական հերթապահություն եմ կատարում, երկու ամիս տանը հողագործությամբ եմ զբաղվում, ընտանիքիս հոգսերը հոգում:
Հեռանալուց առաջ անփորձանք ծառայություն եմ մաղթում Տարոնին և եղբայրաբար սեղմում հայրենիքի ուժը դարձած նրա ձեռքը:
Զգույշ անցնում ենք բլրի մյուս կողմը: Մարդահասակ խրամուղով շարժվում ենք հաջորդ դիտակետ: Մինչ տեղ հասնելը դիրքի ավագը հասցնում է ներկայացնել մյուս դիտորդին:
– Շարքային Ոսկանյանը մեր երիտասարդ դիքապահներից է: Նոր է անցել ծառայության: Ջանասիրաբար ու մեծ նվիրումով է ծառայում: Նրա ավագ եղբայրն էլ է մեզ մոտ ծառայում: Հաջորդ հերթափոխին էլ կփոխարինի եղբորը:
– Անունդ կասե՞ս:
– Աշոտ:
– Աշոտ ջան, մինչ այստեղ գալը, հենակետի ավագը՝ ավագ լեյտենանտ Բախշյանը գովասանքի խոսքեր էր, որ շռայլում էր քո հասցեին: Քեզ մի լավ գովեց, չնայած որ կարճ ժամանակ է, ինչ անցել ես ծառայության:
– Առաջին անգամ եկա զորացրվելուց որոշ ժամանակ անց, հետո թողեցի ծառայությունը. ամուսնանալու նպատակով գնացի Մոսկվա, ընկերուհուս ընտանիքն այնտեղ էր…
Աշոտը մի պահ դադար տվեց, ապա շարունակեց.
-Ոնց որ ժողովուրդն ա ասում,«քոռ ու փոշման» վերադարձա… Մի լավ ծանր ու թեթև արեցի անելիքս, ու հասկացա, որ իմ տեղը այստեղ է, հենց սահմանին, որտեղ որ կանգնած եմ:
Զրույցից պարզվեց, որ Աշոտը ժամկետային ծառայությունը նույնպես անցկացրել է առաջնագծում:
-Սահմանային ծառայությունն ինձ համար նորություն չի: Ինձ էլ կարող եք փորձառու համարել,- ժպտալով ասում է երիտասարդ դիրքապահն ու անցնում պարտականությունների կատարմանը:
Իջանք գետնատնակ:
– Պարոն փոխգնդապետ, աչքներս ջուր կտրեց սպասելով, տղերքը հաց չեն կերել, ձեզ են սպասել,- ասաց գումարտակի հրամանատարն ու մեզ հրավիրեց հացի:
Առարկել չէինք կարող: Վառարանի ջերմությունը վայելելուց հետո, առյուծների հետ սեղան նստեցինք ու համտեսեցինք զինվորական համեղ ընթրիքը:
Ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրության վրա են տեղակայված մեր դիրքերը, որտեղ մարտական հերթապահություն են կատարում լուսանկարում պատկերված տղաները: Միայն ասել մարտական հերթապահություն են կատարում, նույնն է թե ոչինչ չասել: Ավագ սերժանտ Արսեն Գևորգյանի, սերժանտ Ռազմիկ Ավետիսյանի, կրտսեր սերժանտ Ռազմիկ Մաթևոսյանի, շարքայիններ Հովհաննես Աբրահամյանի, Արմենակ Ամիրխանյանի, Գարիկ Զարոյանի ծառայությունը մերօրյա խիզախումի, իրական հերոսության օրինակ է: Բարձրլեռնային տեղանքում, անտեսելով բնակլիմայական անասելի դժվարին պայմանները՝ ցուրտ, բուք, սառնամանիք, մեր քաջերը հուսալիորեն պաշտպանում են հայոց սահմանները: Նրանց վստահությունը, ազնիվ վերաբերմունքը, պատասխանատվությունն ու նվիրվածությունը ծառայության, իրենց պարտականությունների նկատմամբ ուղղակի հիացմունքի և երախտագիտության զգացում է առաջացնում յուրաքանչյուրիս սրտում…
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #4 (1324) 29.01.2020 - 04.02.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում