ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԿՌՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
Սիրիայի հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանման շարասյան վրա ապստամբների հարձակման հետևանքով առնվազն 7 զինծառայող է զոհվել:
Շուրջ 40 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը նախապես պատրաստված ծուղակն է ընկել Մաարեթ ալ Նոման քաղաք մտնելիս: Զինվորական պահակակետի մոտ շարասյունը կանգնել է, և հենց այդ պահին էլ հնչել են կրակոցները: Reuters գործակալության տվյալներով ապստամբներին նույնիսկ հաջողվել է կառավարական ուժերի մեկ տանկ խփել:
Կորուստներ կրելուց հետո հակաահաբեկչական ստորաբաժանման մարտիկներին հաջողվել է ետ մղել գրոհը, մարտը շարունակվել է մի քանի ժամ:
Սիրիայում իշխանության և ընդդիմության միջև արյունալի բախումներն սկսվել են այս տարվա մարտին, երկու կողմից հազարավոր զոհեր են եղել: Վերջին շրջանում կառավարական զորքերի դեմ ակտիվորեն գործում են այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» մարտիկները, որոնք զենքը ձեռքին ընդդիմության կողմն անցած նախկին զինվորներ ու սպաներ են: Նախնական տեղեկությունների համաձայն` հենց նրանք էլ կազմակերպել են ավտոշարասյան վրա հարձակումը:
Խորագիր՝ Նորություններ