Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԿԸ ՊԱՏԻ ՄԵՋ



ԲԱՆԿԸ ՊԱՏԻ ՄԵՋԼՈՒԹԵՐ ՋՈՐՋ (Կարապետ) ՍԻՄՋՅԱՆ

Աշխարհի ամենակարևոր, նշանակալից գյուտերը ի հայտ են եկել, որովհետև ծագել է դրանց անհրաժեշտությունը: Այդպիսի մի հայտնագործություն էր նաև բանկոմատի՝ կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի գյուտը: Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս է ծագել շուրջօրյա սպասարկման այսպիսի սարքի անհրաժեշտությունը, և ո՞վ է այն հայտնագործել. աղքատ ուսանո՞ղ, գնումների սիրահար մե՞կը, գործարա՞ր, թե՞ լարված աշխատանքից հոգնած բանկային ծառայող:
Այս սարքին աշխարհով մեկ տարբեր անուններ են տալիս. Բրիտանիայում այն հայտնի է որպես Կանխիկացման կետ կամ Պատի ճեղք, Միացյալ Նահանգներում՝ Ավտոմատ բանկային մեքենա (ԱԲՄ), Հնդկաստանում՝ Շուրջօրյա դրամ, Նորվեգիայում՝ Մինիբանկ և էլի հազար ու մի անուններ: Մինչդեռ այս սարքը հետաքրքիր պատմություն ունի…
Առաջին համաշխարհային պատերազմից և Մեծ եղեռնից հետո Կարապետ Սիմջյան անունով տասնհինգամյա մի պատանի, ընտանիքը կորցնելով, հաջողում է Թուրքիայից Բեյրութ փախչել, ապա Ֆրանսիայի Մարսել քաղաք գնալ և վերջապես 1920 թվականին հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ազգականներ ուներ: Այդ պահին նրա միակ հարստությունը զարմանալի ձիրքն ու սերն էր տեխնիկայի նկատմամբ եւ ի հեճուկս ամեն ինչի՝ լավատեսությունը:
Ճիշտ են ասում՝ եթե մի բանի իսկապես ձգտես, անպայման ուզածիդ կհասնես: Եվ այսպես, Կարապետը, երազանքներով տոգորված, սկսում է սովորել՝ որոշելով, որ կյանքը պիտի բժշկությանը նվիրի: Բայց ճակատագիրն այլ բան էր սահմանել. Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի լաբորատորիայում աշխատելիս լուսանկարչական գործի այնպիսի բացառիկ հմտություն է ցուցաբերում, որ բժշկության մասին մտքերը մի կողմ է դնում. նրան նշանակում են դպրոցի նորաստեղծ լուսանկարչության բաժնի առաջին տնօրեն:
Շատ չանցած՝ Սիմջյանն արդեն մի հետաքրքիր սարք է ստեղծում՝ մանրադիտակային պատկերների պրոյեկտոր, որը նաև թույլ էր տալիս լուսանկարչական պատկերներ ստանալ ջրի տակ: Մի քանի տարի անց նրա համբավը տարածվում է մեկ այլ գյուտի շնորհիվ. գրեթե բոլոր խոշոր հանրախանութներում տեղադրում են նրա ստեղծած ֆոտոխցիկը, որը հնարավորություն էր տալիս նախքան կոճակը սեղմելը հայելիով տեսնել, թե ինչպիսին է լինելու պատկերը և ընտրել լուսանկարն անելու ճիշտ պահը: Մոտավորապես նույն ժամանակ նաև գունավոր ռենտգենյան ապարատ է ստեղծում: Բայց դառնանք կանխիկ դրամի տրամադրման ավտոմատ սարքին, որի ստեղծումը պիտի մեկընդմիշտ փոխեր դրամի և բանկային ծառայությունների մասին կարծրացած ընկալումներն ու մոտեցումները:
ԲԱՆԿԸ ՊԱՏԻ ՄԵՋՍիմջյանի՝ «պատի ճեղքից» կանխիկ դրամ տրամադրող սարք ստեղծելու գաղափարն, իհարկե, մեծ թերահավատությամբ ընդունվեց: Սակայն նրան թևաթափ անելն այնքան էլ հեշտ չէր. նա համառորեն շարունակում էր աշխատել՝ իր սարքը շարունակ կատարելագործելով: Ի վերջո, 20 արտոնագրեր գրանցելուց հետո և իր հայտնագործության կարևորությանը վստահ, նրան հաջողվում է Նյու Յորքի խոշոր բանկերից մեկի հետ համաձայնության գալ, որպեսզի թույլատրեն սարքը փորձարկել: Ավաղ, սարքը, փաստորեն, ժամանակից առաջ էր ընկել. փորձարկումներից կես տարի անց բանկն արձանագրեց, որ մեքենան պահանջարկ չունի: «Պարզվում է, որ իմ սարքից օգտվել ցանկացողները սոսկ կասկածելի համբավի տեր անձինք են, ովքեր գերադասում են, որ իրենց երեսը տեսնող չլինի»,- դառնացած ասել է Սիմջյանը: Պիտի ժամանակ անցներ, մինչև որ կանխիկացման ավտոմատները ժամանակակից կյանքի մաս դառնային ու տեղադրվեին, ինչպես այսօր ենք տեսնում, գրեթե ամեն փողոցում:
Սիմջյանը հիասթափված տեղի է տալիս՝ «զրկվելով» նաև արժանի համբավից, որը երկու բոլորովին ուրիշ պարոնների է բաժին հասնում՝ ամերիկացի Դոնալդ Վետցելին և շոտլանդացի Ջոն Շեփըրդ-Բարոնին: Վերջինս ներմուծում է անձի ինքնությունը հաստատող՝ pin-կոդի գաղափարը, որն ի սկզբանե վեցանիշ թվից էր բաղկացած, բայց հետո կրճատվելով՝ դառնում է քառանիշ, քանի որ գիտնականի տիկինը դժվարացել էր երկար թիվը մտապահել: Գյուտարար Սիմջյանի ձիրքը, սակայն, երբեք մեկ ոլորտով չի սահմանափակվել: Իր իսկ խոսքով ասած՝ «Դեռ երիտասարդ էի, բայց արդեն հասկացա, որ նույն գաղափարով երկար տարված մնալ չեմ կարողանում»:
ԲԱՆԿԸ ՊԱՏԻ ՄԵՋԶարմանալի աշխատասիրության ու տաղանդի տեր այս գիտնականը բազմաթիվ ամենատարբեր գյուտերի հեղինակ է: Պատահական չէ, որ շատերը նրան երկրորդ Թոմաս Էդիսոն էին անվանում: Թեև բանկոմատի հեղափոխական գյուտը հեղինակին համբավ չբերեց, բայց ճանաչումն, այդուհանդերձ, գտավ նրան. երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ստեղծեց ռազմական թռիչքների սիմուլյատոր սարքը, որը բաղկացած էր սինխրոնացված շարժական հայելիներից, լույսի կառավարվող աղբյուրից և փոքր ինքնաթիռից ու թույլ էր տալիս հեռակառավարմամբ փոփոխել արագությունը, լույսն ու թռիչքի անկյունը: Սարքը նախատեսված էր ռազմական օդաչուներին մարզելու համար և սովորեցնում էր գնահատել հակառակորդի ավիատեխնիկայի տեսակը, ինչպես նաև դրա հեռավորությունն ու թռիչքի արագությունը: Թռիչքների սիմուլյատորն անմիջապես ԱՄՆ ռազմական ուժերի մեծ հետաքրքրությանն արժանացավ և սկսեց օգտագործվել ամբողջ երկրով մեկ՝ այսպիսով հեղինակին նաև նյութական բարեկեցություն ապահովելով:
Սարքն այսօր էլ շարունակում է օգտագործվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ինքնաթիռների օդաչուներին մարզելու համար:
Լութեր Ջորջ Սիմջյանն ի՛նչ ասես, որ չի հորինել. է՛լ փոստային բաժանմունքների աշխատանքը կարգավորող հեռակառավարման սարք, է՛լ միսը փափկեցնելու հատուկ եղանակ…
Սիմջյանի գյուտերից են հեռուստահուշարարը, բժշկության մեջ լայն կիրառում գտած՝ գերձայնային հետազոտման սարքը, հեծանիվ-մարզասարքը, որը ոտնակները պտտեցնելուն զուգահեռ մերսում է մարզվողի իրանը…
Սիմջյանն իր գյուտերի համար ընդհանուր առմամբ 219 արտոնագիր է ստացել: Նա մինչև կյանքի վերջն աշխատել է և պատկառելի տարիքում, տեսողությունը գրեթե կորցրած՝ շարունակել է զարմացնել իր նորարարական գյուտերով: Վերջին արտոնագիրը ստացել է 2000 թվականին՝ երաժշտական գործիքներ պատրաստելու համար օգտագործվող փայտի հնչեղությունը բարելավելու եղանակի հայտնագործման համար:

Սիմջյանի գյուտերից եւս երկուսը…
1968թ. Սիմջյանը հեռագրության համար մի զարմանալի գյուտ է արտոնագրել, այսպես կոչված՝ «Թելեթրանսը»՝ գիտության վերջին խոսքով ստեղծված էլեկտրոնային սարքերի համակարգը, որը հնարավոր է դարձնում, անհրաժեշտության դեպքում, հեռագրերը թարգմանաբար ուղարկել, ընդ որում՝ գրագետ թարգմանություն ապահովելով:
Նրա բարեկամուհիներից մեկը պատմել է, թե ինչպես է Սիմջյանն իրեն մի առիթով հատուկ պտտվող աթոռ նվիրել, որը թույլ է տալիս զարդասեղանի առջև նստած՝ իրեն տարբեր անկյուններից զննել:

Հեռուստահուշարար

Հեռուստատեսությամբ երկար տեքստեր կարդալը հեշտ չէ. հաղորդավարը կա՛մ պետք է այն անգիր սովորի, իսկ դրա համար ոչ միշտ է ժամանակ լինում, կա՛մ կարդա առջևը դրված թերթիկից: Բայց այս դեպքում նա ստիպված շարունակ հայացքն իջեցնում է, և ունկնդիրների հետ տեսողական կապն ընդհատվում է: Հենց այս դեպքերի համար էլ ստեղծվեց հեռուստահուշարար կոչվող սարքը՝ տեսախցիկի առջև ցածում դրված թափանցիկ ապակյա էկրանը, որից տեքստը հատուկ եղանակով անդրադարձվում է կարդացողի աչքերի առջեւ: Այս սարքի շնորհիվ հաղորդավարը կարիք չունի կարդալիս հայացքն իջեցնել, և հեռուստադիտողը կենդանի, ինքնաբուխ խոսքի տպավորություն է ստանում:
ՆՈՒՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #5 (1325) 05.02.2020 - 11.02.2020, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


06/02/2020