Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



Երեւանի Ֆ. Նանսենի անվան N 150 դպրոցի աշակերտների նամակները առաջնագծում կանգնած զինվորներին:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարեւ, իմ զինվոր եղբայր, քեզ գրում է մի տղա, որը եւս վաղ թե ուշ կրելու է «Հայ զինվոր» պատվավոր կոչումը: Ուզում եմ՝ հավատաս, որ ցանկացած հայ՝ լինի փոքր երեխա, պատանի, թե մեծահասակ, կկանգնի քո թիկունքին, երբ դրա կարիքն ունենաս: Չէ՞ որ մենք բոլորս էլ երդվյալ զինվորներ ենք: Ես աղոթում եմ քեզ ու քո զինվոր ընկերների համար: Ուզում եմ Աստծո լույսը միշտ ուղեկից լինի ձեզ: Հույս ունեմ, որ կստանամ պատասխան նամակ այն հայ զինվորից, որը կկարդա իմ նամակը:

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

6-րդ դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարեւ, մեր ուժեղ եւ խիզախ զինվոր: Ես ապագա զինվոր եմ եւ շատ շուտով շարունակելու եմ քո ազգանվեր գործը: Քեզնով հպարտանում եմ: Վստահ եմ՝ թշնամին երբեք չի համարձակվի ոտք դնել մեր քաջ հերոսների կյանքի գնով ազատագրված հողի վրա:

ՌՈԲԵՐՏ ՄԱՆԱՍՅԱՆ

6-րդ դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Սիրելի՛ հայ զինվոր, ես հպարտ եմ, որ մենք ունենք քեզ նման հայորդիներ, որ կյանքը չխնայելով՝ պաշտպանում է մեր հայրենիքը: Վտանգելով քեզ՝ դու հեռու ես պահում ինձ վտանգներից: Գիտեմ՝ ունենում ես շատ դժվար ու ծանր օրեր, անսահման կարոտում ես քո հարազատներին, բայց, եղիր ամուր, քեզ լավ նայիր, լավ սնվիր, տաք հագնվիր եւ զինվիր համբերությամբ: Քեզ մաղթում եմ անփորձանք ծառայություն:

ԷԼԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

3-րդ դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարեւ, իմ սիրելի՛ զինվոր եղբայր:

Իմ ավագ եղբայր, ես ուզում եմ, որ դու խաղաղ եւ կապույտ երկնքի տակ ծառայես, շուտ վերադառնաս տուն, ամուր գրկես քո մայրիկին: Հպարտ եմ եւ ուրախ, որ ես էլ եմ ձեզ պես զինվոր դառնալու:

ԱՇՈՏ ՎԱՐՊԵՏՅԱՆ

6-րդ դասարան

 

***

Narek-A

Հայ զինվոր

 

Հանուն հայ ազգի, հանուն սուրբ հողի՝

Կամքով աննկուն եւ ոգով արի,

Ընդդեմ ոսոխի հայոց աշխարհի

Պայքարի ելան որդիքը հայի:

 

Դյուցազուն տղերք, այրեր քաջարի

Ոտքի կանգնեցին, ելան պայքարի,

Կապեցին զենքերն իրենց պապերի,

Որ պահեն աշխարհն ու պատիվն հայի…

 

ՆԱՐԵԿ ԱՎԵՏՅԱՆ

7-րդ դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարեւ, իմ անվախ ու քաջ հայ զինվոր: Իմ ավագ եղբայր, ես գիտեմ՝ դու կյանքի գնով պաշտպանում ես մեր երկիրը, որպեսզի մենք քնենք խաղաղ երկնքի ներքո: Թշնամու հարվածից չես ընկճվում եւ ամեն պահի պատրաստ ես մարտի: Ես հաստատ գիտեմ, որ դու եւ ընկերներդ անպայման հաղթելու եք վախկոտ թշնամուն եւ հպարտ վերադառնալու եք  ձեր ծնողների մոտ: Եվ ես համոզված եմ, որ մեր Հայաստանը մի օր դարձյալ ծովից ծով է լինելու:

Սահմանին երկրիս զինվորն է կանգնած՝

Թշնամին երկիր չմտնի հանկարծ,

Աչքերը սուր են, ձեռքը՝ անվրեպ.-

Երկրիս անդորրը չի խախտվի երբեք:

ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

6-րդ դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Բարեւ, անծանոթ, բայց շատ-շա՛տ սիրելի քաջ զինվոր: Քո շնորհիվ է, որ մենք ապրում ենք խաղաղ երկրում: Ես վստահ եմ, որ դու եւ քո ընկերները ամեն ինչ անում եք, որ երկրի անդորրը չխախտվի: Իմ ավագ եղբայր, մաղթում եմ քեզ առողջություն, բարի ու անփորձանք ծառայություն: Իսկ ես ամեն Աստծո օր կաղոթեմ քեզ համար:

 

ՆԱՐԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

5-րդ դասարան

 

***

Mariana-P

Իմ հայ զինվորներ, իմ հայ մարտիկներ, ձեզնով հպարտ եմ. դուք պաշտպանում եք մեր երկիրը, մեր տունը, ապահովում եք իմ խաղաղ ու երջանիկ մանկությունը: Ձեզ ցանկանում եմ միայն հաղթանակներ:

 

ՄԱՐԻԱՆԱ ՊՐՈՅԱՆ

5-րդ դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Հայ զինվոր

 

Դու մեր ազնիվ

Քաջ հերոսն ես,

Դու մեր խիզախ

Հայ տղան ես:

 

Առյուծասիրտ հայ զինվոր,

Հոգիդ՝ հպարտ, զորավոր,

Թշնամու դեմ միշտ կանգուն՝

Երկաթյա կամքով անկոտրում:

 

ՆԱՐԵ ՍԱՐԳՍՅԱՆ

3-րդ դասարան

 

***

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Սիրելի՛ հայ զինվոր, ես այս նամակը գրում եմ սրտի թրթիռով: Իմ եղբայրը նույնպես զինվոր է, եւ ես անհամբեր սպասում եմ, թե նա երբ պետք է իր պարտքը կատարի եւ վերադառնա տուն: Ես հասկանում եմ, թե ինչ արժանապատիվ եւ հայրենանվեր գործեր եք դուք կատարում: Ծառայեք այնպես, որ թշնամին վախենա մոտենալ մեր սահմանին, իսկ ձեր ծնողներն ու ընկերները հպարտանան ձեզանով:

 

ՎԻԿՏՈՐՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

5-րդ դասարան

Խորագիր՝ #5 (1325) 05.02.2020 - 11.02.2020, Բանակ և հասարակություն


06/02/2020